Մոնթեի ժուժկալությունը. «Որքան քիչ ունեմ, այնքան ինձ լավ եմ զգում»


   Մոնթեի ծնողները լինելով ավելի տարեց, քան իրենց խաղընկերներինը, նաև ավելի խստապահանջ էին: Մելքոնյան ընտանիքի զավակներն ապրում էին կանոնական ապրելակերպով, որոնք սահմանված էին խաղալու, սնվելու, քնելու համար: Ծնողները նրանց արգելել էին հեծնելու պոնի, վարել արագընթաց հեծանիվներ, երկանիվ թափասալյակներ: Երեխաները ձերբազատված էին գայթակղիչ և թանկարժեք իրերից, խաղալիքներից, պերճաշուք հագուստնեից և պարզ կենցաղը խաթարող ավելորդություններից:
   Այս ամենը նպաստավոր եղավ նրանց մեջ կենսուրախ, կարգապահ և անմիջական բնավորություն ձևովորելու համար: Երեխաները չափավոր էին իրենց ցանկություններում և վայլում էին կենսարար ազատությամբ, բնության ու կենդանիների նկատմամբ համակված էին ջերմ սիրով:
   Նրա մշտական հագուստն էր հաճախ մինչև ազդրերը կտրված ջինսե տաբատը, կարճաթև շապիկը և զորիները` նեյլոնե ժապավեններով` ճապոնական հասարակ սանդալները: Նա լրջորեն իր համար հաճոյախոսություն համարեց, երբ իր ծանոթներից մեկն իր արտաքինը բնութագրեց իբրև ավստրալիական աբորիգենի:
   1992թ. հոկտեմբերին էր. Մարտունիում միասին նստած էինք: Հարցրեց.  “Թեյը շաքարո՞վ կխմես, թե՞ առանց շաքարի”: Աբովյանցի Սամվել Խաչատրյանը, որը մեզ հետ էր, առանց Մոնթեի հարցը հասկանալու, ինչպես իր տանը` երրորդ գդալ շաքարավազը լցրեց իր թեյի մեջ: Հացն էլ շատ էր վերցրել: Մոնթեն ասաց. “Կորսվի°ր, դուն այստեղի բան չես, երեք հոգու փայ էր, անտեղի շաքար կծախսես: Քաղցր թեյը բաժանեք երեք մասի, տվեք զինվորներին”: Ես ու Մոնթեն իրար երես նայեցինք ու հաց չկեանք: Առանց շաքարի թեյ խմեցինք ու գնացինք դիրքեր:
Ընկերնեը, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, ինքը ոչինչ չէր վերցնում: Ավտոծառայության տեր Փայլեր Հարությունյանի քույրը` Ֆլորան, պատմեց, որ մայրը լվանում էր Մոնթեի հագուստը, ինքը` կարկատում, արդուկում: Երբ թախանձում էին, թե հերիք է կարկատածը հագնես, քրոջդ ուղարկած հագուստներից մեկը վերցրու, ինքն էլ իր հերթին էր խնդրում. “Այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ”:
   Մայիսի 28-ին Երևանում գեղեցիկ, նոր համազգեստներով զինվորները հանդիսավոր քայլով անցան Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարներով լեցուն ամբիոնի մոտով. այնտեղ էին Խորհրդարանի նոր նախագահ Բաբկեն Արարքցյանը, ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, երկարամորուս Խաչիկ Ստամբոլցյանը, պայծառաժպիտ Վազգեն Սարգսյանը և “Արաբոյի” Մանվելը: Հայաստանի Անկախության օրն էր, և հաղթանակներ կային տոնելու` Խոջալու, Շուշի, Լաչին:
   Հրամանատար Ավոն, սակայն, ոչ մի տեղ չէր երևում: Զինվորական շքերթները ժամանակի ու վառելիքի կորուստ էին: Բացի այդ, ռազմաճակատը թողնելու ժամանակը չէր: Մոնթեն գիտեր, որ թշնամին կարող էր ամբիոնի առջևով անցնող յուրաքանչյուր տանկի ու ծանր հրանոթի հակադրել դրան հավասար կամ էլ գերազանցող զենքեր, ինչպես նաև` յուրաքանչյուր МИГ-33-ի և Крокодил ուղղաթիռի, որ ոռնում էին գլխավերևում: Շքերթում ցուցադրվող զենքերը նշանակում էին միայն սպանության նոր համայնապատկերներ: Մարտունու բարձունքներում քամհար խրամատից խոժոռ նայելով հեռադիտակի միջով` նա դիտում էր մոտալուտ փոթորիկը:


   FBI—ի մի հատուկ գործակալ` Ուիլիամ Օ. Հիթոնը, Los Angeles Times թերթի թղթակից Մարկ Արաքսի հետ զրույցում Մոնթեին կոչել է “վարձկան”: Բայց եթե այդպես է, որտե՞ղ են նրա վաստակած փողերը, Մոնթեից հետո չմնաց ոչ կտակ, ոչ credit card, ոչ բանկային հաշիվ: Նա երբեք մեքենա չուներ, և երբ նա սպանվեց, նրա ձեռքի միակ ինքնաձիգը պատկանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին: Հարկավ, հրամանատար Ավոն նույնիսկ սեփական ատրճանակ կամ սվին չուներ: Մի անգամ, երբ նրա մարդկանցից մեկը հարցրեց, թե նա ինչու ատրճանակ չի պահում, Մոնթեն ասաց. “Դա ավելորդ ծանրություն է”:
   1981 թ. մարտին նա հետևյալ պատմությունն է պատմել Ալեք Ենիգոմշյանին. Մեկ տարի առաջ, մի առավոտ, երբ ինքն աշխատանքի էր շտապում Բեյրութի “Թորոսյան Վարժարան”, հանկարծ թեթևության, երջանկության ու բարձր տրամադրության զգացում ունեցավ: Մի պահ նա չէր հասկանում, թե ինչն է պատճառը, մինչև նկատեց, որ սովորական կոշիկների ու գուլպաների փոխարեն ռետինե չստեր էր հագել: Այսպիսին էր Մոնթեն` ամենից ոչ ամերիկյան կարգախոսով առաջնորդվող մարդը. “Որքան քիչ ունեմ, այնքան ինձ լավ եմ զգում”:

Հատվածը «Մոնթե. սա իմ վերջին պայքարը չէ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև