Հուսիկ Արա «Լիտվուհին»


Նորից տան տղա չեմ.
գիշերվա բարակ ճանապարհով տնից փախել`
ու չգիտեմ, թե որ քարի տակ կորած կարոտիս ոտնահետքն եմ փնտրում:
Իմ ձեռքերը սպասում են քեզ` կատվի ճանկերով կին,
ոչինչ մի կորցրու քեզնից, կարևոր չէ խավարում, թե լույսի մեջ.
վերադարձիրօձի կանաչ աչքերով` ինչպես կայիր:
Մատներս անգիր գիտեն և մանրամասն
վայրի մարմնիդ գիծն ու կորը, աղվամազն անգամ
Քո տեսիլքն է հոշոտում գույնը աչքերիս,
ավերված է դեմքս ու փուլ է եկել այն օրից,
երբ գնացիր` խեղճ ու կրակ ասելով.
- Միշտ սպասիր ինձ. ես ամեն վայրկյան կարող եմ գալ:
 - Աստծո պես խոսեցիր,- ասացի
և քո երկրորդ գալստյանն եմ սպասում:
Հիմա, սպասողիս ու պատի և կարոտի փշոտ արանքում
լիտվուհին է սեղմվել` լպստած թերմացք,
անտեր ու դուրս, թափառական մի կին`
մարտի 2-ին այգու նստարանից վերցրած:
 - Անուն չունեմ. ինձ լիտվուհի ասա,- հենց այդպես էլ ասաց:
Գիշերվա կեսը, գրեթե երկու կեսն էլ,
խմեց ու ծխեց փշերի մեջ կարոտիս,
որ իսկը դու ես` խնձորը մեջտեղից կիսած:
Կարոտից չփշաքաղվելու համարª
ես ուզում էի դառնամ դու.
մի հին գերան կար`
փռված ճանապարհի ու անտառի արանքում,
եղունգներս ամեն օր կանոնավոր սրում էի`
ընդոստ ցատկերով ճանկռոտելով գերանը,
հայացքով նմանակում էի օձերին,
անում էի ամեն բան` ինչ հիշում էի քեզնից:
 - Ես ամեն վայրկյան կարող եմ գալ:
Աստծո պես տված խոստումիդ սպասելու եմ
երևի մինչև Հարություն` Երկրորդ գալստյան օրը`
անքուն ու միշտ արթուն:
Իսկ մինչ այդ քո ոտնահետքը կփնտրեմ.
գարնան, ամռան ու աշնան, հավանաբար ձմռան այգում էլ
մի լիտվուհի, գնչուհի կամ քրդուհի կգտնեմ
ու չգիտեմ, թե էլ ինչուհի,
և կսեղմեմ քո եղունգներով ու ատամներով
ու իմ կարոտի փշերով, որ ճիշտ քո տեսքով է:
Այնպես որ, միշտ օրհնվի ոտնահետքը քո նման աստծո



"Լիտվուհին" անգլերեն թարգմանությամբ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև