Երևի հեշտ էր ասել` մի կարդա/Ռուբեն Զարյան «Մայրամուտից առաջ»


    Մի օր, երբ համալսարանական ուսանող էի, քրոջս հարցրի, թե ինչու են իրեն Սիրանույշ անվանել: Ասաց, թե հայրս թունդ թատերասեր էր և «Զավակ» ներկայացումը տեսնելուց հետո որոշել է աղջիկ ունենալու դեպքում դերասանուհու պատվին կոչել Սիրանույշ: Քրոջս հարցուփորձ էի անում հորս մասին և նրա հաղորդած կցկտուր տեղեկություններից իմացա, որ իր աշխատասենյակի պատից կախված էին երկու լուսանկար` Խաչատուր Աբովյան և Պետրոս Ադամյան: Հարցնում էի` “Ինչո՞ւ”: Քույրս ասում էր, թե հայրս ոչ մի նոր ներկայացում բաց չի թողել: Մեր տան գրքերի մեջ կար “Վերք Հայաստանի” վեպի մի հին հրատարակություն, որ տեսել եմ հորս ձեռքին:
   Քրոջս ասելով`հորս ու մորս միջև մի հակասություն կար. մայրս շատ էր նկատողություն և դիտողություն անում զավակներին: Հայրս ասում էր.
-         Հայկանո՜ւշ, այդքան մի միջամտիր, թող ինքնուրույն մեծանան:
Մայրս չեր համաձայնվում:
-         Երեխա են, չեն հասկանում, ծնողները փորձ ունեն, պիտի ուղղություն տան:
Հայրս, քրոջս ասելով, մնում էր իր կարծիքին, բայց, վեճը չխորացնելու նպատակով, ավելացնում էր.
-         Ինչ ասում ես ասա, բայց որպես կարծիք ասա, իբրև մեծի խորհուրդ, բայց մի՜ արգելիր, մի՜ սպառնա:
    Եղավ ժամանակ, երբ Աննան ու Մարտինը դասերը պատրաստելու փոխարեն ինչ-որ պրակներ էին կարդում. “Շերլոկ Հոլմս”, “Նիկ Կարտեր”, “Նադ Պինկերտոն”: Պրակների հերոսները` Հոլմսը, Պինկերտոնը, Կարտերը հետախույզներ էին, փառավորված ու մեծ անուն հանած, որոնք աննշան հետքերի օգնությամբ հնարամիտ ու հնարագետ ձևերով խճճված ոճիրներ էին բացում և գտնում հանցագործին:
   Կարդում էին կլանված: Սկզբում կարդում էին ազատ, հետո կարդում էին մայրիկից ծածուկ:
Մայրս բարկանում էր.
-         Փոխանակ դասական հեղինակներ կարդալու, տարվել են անլուրջ գրականությամբ, գլուխները լցնում են ինչով պատահի:

    Խոստացան չկարդալ, բայց խոստացան միայն: Անցան ընդհատակյա “գործողության”: “Ռուս գրողներ” խորագրով մեծադիր ու հաստափոր ժողովածու կար մեր տանը: Ձևացնում էին, թե դաս են կարդում: Մինչդեռ իրականում այդ պրակները, որ մի տետրի հաստություն հազիվ ունեին, դնում էին նրա մեջ և իբր Պուշկին կամ Լերմոնտով են կարդում:
   Երևի հեշտ էր ասել` մի՜ կարդա: Որքան հիշում եմ ամբողջ քաղաքն էր հափշտակված` պատանիներ, երիտասարդներ, նույնիսկ մեծերը: Եղբայրս հերթագրվում էր, որ ձեռք բերի գրքույկներ և միայն կարդալու համար ամեն մի պրակի դիմաց ինչ-որ գումար էր վճարում, որը գոյանում էր դպրոցական նախաճաշիկի կոպեկներից:
   Ամենքի ձեռքը չէին ընկնում այդ պրակները: Եղբայրս իր ճարպկությամբ կարողանում էր գտնել ու տուն բերել: Հետո նրանք իրենց կարդացածը պատմում էին ընկերներին: Ու եթե ես դրանց բովանդակությանը քիչ թե շատ ծանոթ եմ` ապա այդ վերապատումներից:

   Հատվածը Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև