Էդվարդ Միրզոյանը Սոս Սարգսյանի հուշերում


 Շռայլ, շռայլ մարդը

   Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս որպես ընտրյալ:
   Սովորաբար, օժտում է բարետես արտաքինով, հատուկ տաղանդով, հազար ու մի այլ առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով: Ու, իհարկե, առաջին հերթին սրանք լինում են բարի էությամբ… Ուրեմն` Աստված ստեղծում է օրինակ որպես` հասարակ մահկանացուներիս համար…
   Էդվարդ Միրզոյանն էդ ծնունդներից է:
   Երկուսս էլ հասել ենք մեր արևամուտին, ու սիրտս թրթռում է վախից, ու ես չեմ ուզում լինի էնպես, որ ես գնամ ու զրկվեմ նրա հետ միասին միևնույն ժամանակ ապրելու հրաշքից:  Չէ  որ երկրորդ անգամը չի լինելու…
   Մի վիթխարի կյանք ապրեց մեր Էդիկը, ապրեց ու ապրեցրեց իր կողքին, իր հետ մի ամբողջ սերունդ` հանճարեղ, անկրկնելի Առնո Բաբաջանյանը, մեծն Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Ղազարոս Սարյանը… Շատերը, որ մեկի անունը տաս… Նրանց համար Միրզոյանը եղավ անդավաճան ընկեր, ավագ եղբայր: Հայրաբար գուրգուրեց բոլորին, ծառայեց աննկատ, թեթև հոգալով նրանց կարիքները, ճամփա մաքրեց, հենարան եղավ, ոգևորեց, գնահատեց, միայն թե արարեն էդ մեծ տաղանդի տեր տղաները, ստեղծեն, հարստացնեն հայոց երաժշտական ամբարը, հայոց մշակույթի գանձարանը:
   Եվ հիասքանչ գործեր ծնվեցին: Ինչպես է, ինչ խորհուրդ էր, որ էս զարմանալի բույլը ծնվեց միաժամանակ ու ժայթքեց, փայլատակեց, շողշողաց բազում գեղեցկությամբ, և ինչ երջանկություն մեզ համար, և ինչ փառք նրանց, որ հայավայել ծառայեցին հայոց ազգին, որ Միրզոյանը ինքը լինելով մեծ երաժշտահան, շռայլորեն պարգևեց մեզ իր տաղանդի ծնունդները, բայց և ուրախանալով, հրճվելով ընկերների հաղթանակներով:
   Ընկերական, պարզապես մարդկային փոխհարաբերությունների ինչ բարձր կուլտուրա` շնորհիվ Միրզոյանի: Դե արի ու սրանից հետո հավատա, թե մեծ տաղանդի տեր մարդը եսակենտրոն է լինում:
   Բախտ եմ ունեցել Էդիկի հետ աշխատելու “Քաոս” ֆիլմում: Լուսահոգի Լաերտ Վաղարշյանը, որ ֆիլմի բեմադրիչն էր, նախապես ինձ ասել էր, որ Էդիկը փայլուն երաժշտություն է գրել, բայց որ լսեցի իսկապես հիացա, բայց և զարմացա կերպարների ինչ խոր և ճշգրիտ զգացողություն, Ալիմյանների ժամանակների, մթնոլորտի, ապրելակերպի ինչ ամբողջական ըմբռնում:
   Մի բան էլ հիշեցի. Սումգայիթի ու Բաքվի ջարդերից հետո ես էլ էի զբաղվում փախստականների ճակատագրով: Օգնում էինք, որ բնակվեն Արցախում: Մի օր Էդիկը եկավ իմ տուն ու ամաչելով ինձ պարզեց հազար ռուբլի:
-         Էդիկ, -ասաց,- սա քեզ համար մեծ գումար է, գուցե…
Չթողեց ավարտեմ, իր մեղմ ձայնով ընդհատեց.
-         Պատկերացրու,-ասաց,- սա չգիտեմ էլ ինչ փող է, հանկարծ տեսա դաշնամուրիս վրա,- ու լարված նայում է աչքերիս մեջ. կհավատամ
-         Չգիտեմ ով է դրել, դու պատկերացնում ես…
Ձևացրի, թե հավատում եմ: Ինչպես չհավատայի Էդիկին, եթե ինքն ուզում է, որ հավատաս:
-         Միայն մարդու բան չասես, մի մեծ բան չէ… Մենք պարտավոր ենք… Մեր քույրերն են, մեր եղբայրներն են…
   Կարծում եմ` ինքը մոռացել է էս դեպքը: Մոռացած կլինի:
Ասում են մայիս ամսի 12-ին Էդիկ Միրզոյանի ծննդյան օրն է, բայց անկեղծ ասած, էդ առիթով չէ, որ խոսում եմ նրա մասին, չնայած ի սրտե եմ շնորհավորում: Գրում եմ էս տողերը` վաղուց իմ մեջ կուտակվածը դուրս բերելու համար: Կամ գուցե պահանջ ունեմ խոնարհվելու նրա առաջ, նրա էդքան գեղեցիկ, էդքան հարուստ, էդքան պատվով ապրած կյանքի համար, էն անբռնազբոս, էն գեղեցիկ մթնոլորտի համար, որ նա մեզ պարգևեց իր երաժիշտ ընկերներով: Մեր հանրապետության, մեր հասարակության կյանքում բարեբեր մեծ դեր խաղացին,  վիթխարի ազդեցություն ունեին:
   Ափսոսում եմ ու շատ, որ, ցավոք, ոչ կինոմիությունում, ոչ էլ թատերական միջավայրում այսպիսի լիդեր չգտնվեց…
   Շատ-շատ եմ ուզում, որ մեր երիտասարդությունն իմանա` կա Էդվարդ Միրզոյան ազգանունով մի զարմանալի բարձր, համեստ, արևոտ մարդ ու մեզնից է, մեր մեջ է, հայ է… մեր հպարտությունն է ու… Իմանա ու հրաժարվի մեր ազգին չսազող վարքից… Վարք մեծացը, թող մեզ համար օրինակ ծառայի: Չէ որ ունենք:
   Աշխարհում լույսն է կարևոր ու լուսավոր մարդիկ…

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՄԱՆ… 

Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Ադամ Խուդոյան, Էդվարդ Միրզոյան
Նյութի աղբյուրը Սոս Սարգսյանի «ԿԱՆՉ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև