Գուրգեն Խանջյան «Ծերունին և ծովը»


Իսկ մինչ այդ ծերունին ամեն ամառ մեկնում էր ծովափնյա քաղաք-ամառանոցը, պատճառաբանելով, թե ծովային կլիման անփոխարինելի է իր առողջության համար, թե իր նախնիներն ապրել են ծովի ափին և իր գեներում խոր նստած է ծովի կարոտը

Սակայն ամեն տարի այդ բավականաչափ հեռավոր ուղևորությունը կատարելու իրական պատճառն այլ էր, մի պատճառ էր, որը ծերուկն ինքն իրեն էլ միայն բացառիկ անկեղծության պահերին էր խոստովանում: Պատճառը կանայք էին` ամառանոցային լողափերի կիսամերկ, հրաշալի կանայք: Հնարավոր է` ծերունու մեջ իսկապես նստած էր ծովի կարոտը, սակայն ամեն ամառ նրան ծովափ էր բերում ուրիշ կարոտ` սիրո կարոտը, որը ոչ մի կերպ չէր մարում այդ արդեն մարող մարմնում: Եվ ի՞նչ աներ ծերունին, ինչպե՞ս պայքարեր, ինչպե՞ս լռեցներ հզոր բնազդը: «Հերիք է, էլի, այ մարդ, վեր ընկիր տանդ, ու՞ր ես նորից ոտավորվել, թոռներդ ուր որ է ամուսնանալու են, իսկ դու...»,- սեփական խղճի ու էլի չգիտես ում առաջ արդարացած լինելու համար մտովի կշտամբում էր իրեն նա, սակայն վերջում, այնուամենայնիվ, պահպանում էր թողության գոնե նեղլիկ արահետը. «Չէ, փրկություն չկա ինձ, երևի հոգեկանս խախտված է, հաստատ, հիվանդ եմ»:
Ծովը նրա հոգուն խաղաղություն չէր բերում, հակառակը` տառապանք էր, որովհետև սիրային խրախճանքի այդ խառնարանում նա ընդամենը դիտող էր: Բազմիմաստ հայացքների խաղը նրան երբեք իր մեջ չէր առնում, շրջանցում էր: Սակայն այդ տառապանքի մեջ քաղցրություն կար, փոքրիկ, թաքուն հույս: Համարյա պատրանքային այդ հույսն ամաչում էր լիովին բացահայտել իրեն, մնում էր ենթագիտակցության ոլորտում և այնտեղից, անտեսելով խղճի բողոքները, խռովում էր ծերունու հոգին, բորբոքում երևակայությունը: Երևակայության ստեղծած պատկերները հաջորդում էին միմյանց, բերելով խաբուսիկ սփոփություններ, որոնք բախվելով իրականության սառը պատին, չքվում էին` իրենց փոխարեն թողնելով առավել խորացած տառապանքի մութ խոռոչներ, սակայն չքվում էին` վերստին հայտնվելու պայմանով:
«Գիշերով, անմարդ լողափի արդեն սառած քարերին պառկած կինը խուլ տնքում էր: Ծերունին մոտենում էր ու հարցնում.
- Ի՞նչ է եղել, գուցե կարողանա՞մ օգտակար լինել:
- Ինքս էլ չգիտեմ,- հառաչում էր կինը,- երևի թունավորվել եմ, կամ արևահար եղել: Այդպես էլ մնացի այստեղ պառկած, չկարողացա տուն գնալ: Գլուխս պտտվում է:
- Առաջին օ՞րն է, որ լողափում եք:
- Այո:
- Ինչու՞ չխնդրեցիք, որ օգնեն ձեզ:
- Անհարմար զգացի, թվաց` րոպեական թուլություն է, կանցնի:
- Ձեզ հիմա թունդ թեյ է անհրաժեշտ:
- Այս ժամի՞ն...
- Ես ունեմ... Ես այստեղ մոտիկ եմ ապրում:- Ծերունին բռնում էր մանկամարդ կնոջ տաք ձեռքը.- Հենվեք ու գնանք: Շուտով կհասնենք, իսկ հետո... Հետո ձեզ տուն կուղեկցեմ:

- Շնորհակալ եմ, դուք անչափ բարի եք,- կինը դժվարությամբ ոտքի էր կանգնում:- Այնքան մութ է, ձեր դեմքը չեմ տեսնում:
Նա մի ձեռքով գրկում էր իրեն հենված կնոջ մեջքը, մյուս ձեռքը դնում իր մեջքը գրկած ձեռքին. այդպես, միմյանց սեղմված, նրանք անցնում էին ամայի լողափով և դուրս գալիս թփերով եզերված նեղլիկ արահետը: Իսկ լուսինը թաքնված էր անթափանց ամպերի ետևում:
- Ահա և մեր դարպասը: Զգույշ բացենք, մարդիկ արդեն քնած են երևի:
Բուրավետ ծաղիկների մեջ կորած փոքրիկ դարպասն այնուամենայնիվ ճռռում էր, սակայն դա չէր խռովում բաց պատուհանների ետևում խռմփացողների քունը:
- Ձեր սենյակում ավելի մութ է, քան դրսում:
- Լույսը վառել չարժե, տանտիրոջը կարթնացնենք, թեև...
- Չէ, հարկավոր չի, աչքերս արդեն վարժվեցին:
- Ահա և թերմոսը: Տաք է: Մեր բերանների տեղը կգտնենք, չէ՞:
- Կգտնենք,- ծիծաղում էր կինը:
Թեև մութ էր, բայց ծերունին պարզորոշ տեսնում էր կնոջ հյութեղ շուրթերը, թեթևակի շեղ աչքերը, նույնիսկ դնչիկի փոսիկը: Չէ՞ որ մութը միայն կնոջ համար էր:
- Ահա բաժակը, վերցրեք: Զգույշ...- Նրանց ձեռքերը հանդիպում էին բաժակի վրա` նրա ջերմությունը դարձնելով անզգալի:
- Ոչի՞նչ, որ նստել եմ ձեր անկողնուն:
- Այն լիովին ձեր տրամադրության տակ է, տնօրինեք:
- Իսկապե՞ս:- Կինը վերջին կումերն էր առնում:- Իսկ դուք որտե՞ղ կքնեք. այստեղ ընդամենը մեկ մահճակալ է:
- Որտեղ հրամայեք. կարող եմ` գետնին կամ աթոռների վրա:
- Թեյն իսկապես որ օգնեց, շնորհակալ եմ:
- Էլի կուզե՞ք, թերմոսում դեռ շատ կա, լցնե՞մ:
- Բավական է:- Կինը հրում էր դատարկված բաժակը:- Ասում եք` գետնի՞ն... Ինչի՞ նման է` եկա, ձեզ անհանգստացրի, խմեցի ձեր թեյը, հիմա էլ իմ պատճառով գետնի՞ն քնեք: Ոչ: Ինձ թվում է` երկուսով հիանալի կտեղավորվենք այս մահճակալին:
Երբ մտնում էր ծածկոցի տակ, կինն արդեն մերկ էր:
- Գրկիր ինձ,- շշնջում էր նա,- ամուր գրկիր, ավելի ամուր, այնպես, որ շունչս կտրվի... Այդպես: Սիրիր ինձ...
- Ես կհամբուրեմ քեզ ոտքերիդ մատներից մինչև մազերիդ ծայրերը,- շշնջում էր ծերունին, ում ծեր լինելը քողարկում էր մթությունը:
Իսկ առավոտյան, լույսը չբացված, կինը հեռանում էր»:

Երբ երևակայությունն ավելի էր բորբոքվում-սանձարձակվում` ներկայացնում էր ավելի համարձակ տարբերակ, որտեղ ավելորդություն էր դառնում ծերունու ծեր լինելը քողարկող մութը:
«Նստած էր աղմկոտ ռեստորանի մերձակա պուրակում, կիպարիսների տակ, ծխում էր: Ռեստորանից դուրս էր գալիս կարճ շրջազգեստով երկարոտն աղջիկը և նստում նրա կողքին.
- Սիգարետ չե՞ս հյուրասիրի, ծերուկ:
- Հաճույքով,- ծերունին հանում էր տուփը:- Ծխելու՞ դուրս եկար:
- Ոչ, ընդհանրապես դուրս եկա:- Աղջիկը վերցնում էր սիգարետը, նրա երկար մատները քսվում էին ծերունու ձեռքին, նրանք երկիմաստ ժպտում էին միմյանց: Ծերունու հայացքը սահում էր ցած` մերկ ազդրերին, ավելի ցած` ուր բացքիթ կոշիկների մեջ խաղում էին աղջկա կարմիր ներկած եղունգներով մատները:- Ձանձրացրին ինձ էդ լակոտները: Այնքան պարծենկոտ են, մեծամիտ, կարծես ամեն ինչ գիտեն, ամեն ինչ կարող են:- Աղջկա բերանից գինու հոտ էր գալիս, պչրոտ շարժումով ետ գցած մազերի ծայրերը քսվում էին ծերունու դեմքին:- Մի լռիր, մի բան պատմիր:
Ծերունին սկսում էր պատմել, բայց աղջիկն ընդհատում էր նրան.
- Լսիր, բայց դու համակրելի ծերուկ ես, գիտե՞ս:
- Իսկ դու հմայիչ աղջիկ ես: Էհ, եթե ջահել լինեի...
- Այսօր մի քիչ տխուր եմ, տխուր ու մի քիչ հարբած,- աղջիկը չարաճճի ժպտում էր ու անսպասելիորեն հարցնում.- Դու ինձ շատ ես ուզում, չէ՞: Ո՜նց վառվեցին աչքերդ: Բայց կկարողանա՞ս ինձ սիրել:
- ...
- Ջահելներից լա՞վ:
- Չգիտեմ:
- Հետաքրքիր է: Ես քեզ համար` ոնց որ համով կոնֆետ, չէ՞:
- Այդպես է:
- Ուրեմն գնանք, քանի հարբած եմ ու բարի: Խմելու բան ունե՞ս տանը... Իսկ տուն ունե՞ս:
- Ունեմ և՛ խմելու բան, և՛ տուն:
- Տանտերդ քիթը չի խոթի՞:
- Տանտերը հիմա քնած է, նա շուտ է պառկում քնելու:
- Իսկ պառա՞վդ:
- Պառավս... Պառավս վաղուց էնտեղ է,- ծերունին ցույց էր տալիս երկինքը և շփոթվում` ոչ այնքան աղջկա, որքան էնտեղ գտնվող պառավի առջև:
- Իմ խեղճ ծերուկ, վաղուց կին չի տեսել: Ոչինչ, հարբած բարի աղջիկը կզվարճացնի նրան այս գիշեր:
Նրանք ելնում էին լուսնի ճերմակ լույսով ներկված արահետը, և աղջկա զնգուն ծիծաղից դողում էին ստվերները, և ճռռում էր պստիկ դարպասը, և անխռով խռմփացնում էր բարեսիրտ տանտերը...»:

Հաճախակի այս ու այն կողմ պտտվող անհանգիստ, որոնող հայացքը մուգ ակնոցի ետևում թաքցրած, ժամանակ առ ժամանակ կանգնելով և ուղղելով կորացած մեջքը, թաշկինակով չորացնելով դեմքի ու վզի քրտինքը, ծերունին քայլում էր կանաչ փողոցներով, դուրս էր գալիս լողափ, նստում ծածկի տակ` աչքերին իջեցնելով ծղոտե եզրավոր գլխարկը, չհանելով հագուստը: Հետո ճաշում էր մարդաշատ ճաշարանում` սեղանի տակ ոտքը իբր պատահաբար կանանց ոտքերին հպած, մտածելով, որ բոլոր արարածներից միայն գեղեցիկ կինն է գեղեցիկ ուտում: Հետո էլի էր զբոսնում` մինչև ուշ գիշեր պտտվելով աղմկոտ սրճարանների, ռեստորանների, պարահրապարակների շուրջը: Տուն էր գնում, երբ լռում էին քաղաքի ձայները և մնում էին միայն փսփսոցները բարձր թփերի ետևում, փսփսոցներ, որ խանդով ու թախիծով էին լցնում նրա հոգին, այդպիսի պահերին ցանկանում էր գազան լինել, կռվել արուների հետ հանուն էգի. չէ՞ որ ծեր գազանը նույնքան իրավունք ունի էգի տիրանալու, որքան ջահելը, ամեն բան վճռում է արդար մենամարտը` կամ մահ, կամ կյանք:
Տուն էր մտնում անձայն, փակում դուռը և աչքը զգուշորեն հպում պատի մեջ արված ճեղքին,- ամառանոցային տների վարձով սենյակները սովորաբար բարակ միջնապատերով են բաժանված լինում իրարից,-եթե հետաքրքիր ոչինչ չկար, մոտենում էր մյուս պատին: Ճեղքերը բացում էր գրպանի դանակով, կողմնակի աչքի համար աննկատ տեղերում, աշխատելով դրանք նմանեցնել բնական ճաքի: Հարևան սենյակներում որքա՜ն մերկ կանանց կամ սիրային տեսարանների է հետամուտ եղել` մթության մեջ պատի մոտ կծկված, աչքն ագահորեն ճեղքին սեղմած, լարված ու քրտնաթոր, հոշոտվող խղճով:
Հետո պառկում էր, վրան քաշում սավանը և անհանգիստ շուռումուռ գալիս անկողնում` տնքալով ու հառաչելով. քունը երկար ժամանակ չէր մոտենում: Փակ աչքերի առաջ հանկարծ հայտնվում էր սեփական կնոջ կենսազուրկ մարմինը, որը դանդաղորեն բարձրանում էր դագաղից` պոկոտելով պռունկներին կպած սարդոստայնները, նստում էր, բացում դատարկ ակնախորշերը և հեգնական ժպտում. «Չհոգնեցի՞ր էդ անիծյալ աշխարհից, տնաշեն, մեղք չե՞ս»: «Հոգնել եմ»,- պատասխանում էր ամուսինը, և չէր ստում, որովհետև գիշեր էր և օրվա վազվզոցից այնքան էր հոգնած, որ պատրաստ էր թքել աշխարհի վրա: Սակայն բացվում էր նոր առավոտ, ծիկրակում էր արևը, լսվում էին լողափ գնացողների զվարթ ձայները, լուսամուտի միջով տեսնում էր պարաններից լողազգեստ-ցամքոց վերցնող գեղեցիկ ձեռքերը...
Եվ ամեն բան սկսվում էր նորից:



Աղբյուրը՝ այստեղ 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև