Ռազմիկ Գրիգորյան «Քեզ հետ և առանց քեզ»


Ռազմիկ Գրիգորյան 


Աղի նման միշտ քիչ ես լինում,
չլինելդ՝ անհամություն է,
ծարավում եմ քեզ մոտենալիս...



Ցորենի հատիկի պես
փոքր ու աննկատ ես,
սեղանիս դառնում ես հաց:



ՀԱՅԱՍՏԱՆ
Օդանավակայանն է դարձել
ամենից մարդաշատ վայրը,
հրաժեշտով են բացվում առավոտներդ:



Հեռու մի գնա,
երբ չես երևում
կտակարանիցս անհետանում է
Աստծո խոսքը:



Հոգնել եմ անձրևաջուրը դուրս թափելուց,
բայց չեմ ուզում նորոգել կտուրիս ջարդված թիթեղը,
չիր էիր փռում այնտեղ...



Հովանոց մի վերցրու,
եկ քայլենք ցեխոտ փողոցով,
նկատե՞լ ես,
անձրևը՝ ցավն է աշնան,
ծիածանը՝ երկունքը:



Առավոտյան քեզ հիշելիս
թեյս շատ քաղցր է լինում,
չեմ կարողանում խմել:



Եթե դու գնաս,
ինձ համար սովորական կդառնա
դժոխքում ապրելը:



Մեռոնաջուր վերցնելու համար
եկեղեցի չեմ գնում արդեն,
քեզանից եմ խմում:



Քնելուց առաջ
բարձրաձայն արտասանում եմ անունդ,
որ կարկուտը ապակին չկոտրի:




Լռել չիմացողները
հիմա շատ բարձր են գոռում,
չեմ կարողանում լսել երկինքը
որ իմանամ տեղդ
:



Հեղինակի այլ գործերից կարդացեք այստեղ

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև