Վաչագան Ա. Սարգսյան «Հայոց Բառը»


Ինձ միշտ զարմացրել ու հիացրել է հայոց լեզուն, ոգևորել և հույս տվել տրտմալի օրերին: Աստվածային մի լույս կա մեր լեզվի մեջ, որն զգում եմ ամբողջ էությամբ, զգում եմ ֆիզիկապես: Անվերջ բերկրանք եմ ապրել ու սքանչացել հայոց լեզվի ներդաշնակությամբ, նրա հինավուրց շնչով ու ապագան իր մեջ պահած զորեղ երիտասարդությամբ:

Ինձ թվում է՝ հայերենը լեզուների լեզուն է, արարչական մի պարգև հայ ժողովրդին: Հայերենը անցյալում է և ապագայում միաժամանակ: Հայերենը սերն է՝ կատարյալ, հրապուրող անսահման և ժամանակի քայքայմանը անենթակա: Հայերենը խաչվել է հայի հետ, զոհաբերվել, եղծվել, բայց միշտ արևի նման դարձյալ ծագել է մեր հոգիների վրա մայրական գորովով ու ներողամտությամբ նայել իր մոլորված որդիներին: Հայերենի մի բառի մեջ հազար ներում կա: Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր և այդպես կլինի վաղը: Բայց, մեկ է, մենք տալիս ենք ու չենք սպառվում, այրվում ենք ու չենք վերջանում, լույս ենք դառնում, երբեմն` կայծակ. վկա՝ Սասունցի Դավիթը:
Հազարամյակների ընթացքում մենք կրթել ենք մեր շրջապատի ազգերին, ինչպես նաև օգտվել նրանց ստեղծածից, այնպես որ մեր լեզուն ոչ միայն մերն է, այլև ամբողջ աշխարհինը: Մեր լեզվի միջոցով շատ շատերն են վերագտնում իրենց կորցրածը, վերականգնում գրեթե անվերականգնելի իրողություններ, խորանում պատմության ծալքերում: Զարմանալի է, թե ինչքան աներևույթ խորություններ կան բառերի ներսում, ինչքան գրավիչ է բառի վրայից թզենու տերևը վերցնելը և էությունը բացելը:
Ինչ խորքեր ունի հայոց յուրաքանչյուր բառ. պետք է պարզապես բացել նրա թերթերը և տեսնել նրա ներսում բաբախող, դարերի խորքից եկող լույսը:
Հայոց բառը ժամանակի յուրօրինակ մեքենա է, որը մեզ դարերով ու հազարամյակներով հետ է տանում, հասցնում նախապատմական ժամանակներ, ցույց տալիս այն ժամանակվա մարդկանց փոխհարաբերությունները, ազգերի շփումներն ու առնչությունները: Չէ՞ որ լեզուն է կապում իրար անցյալը, ներկան ու ապագան, չէ՞ որ լեզուն է ազգի գոյության փաստացի վկայությունը. կա լեզու՝ կա ազգը, չկա լեզու՝ չկա ազգը:
Իմանալով բառերի կենսագրությունը՝ իմանում ես, թե ինչպես են մտածել քո նախնիները, պատկերավոր մտածողության ինչ արդյունք է այս կամ այն բառը: Այդ ամենի մեջ խորհրդավոր և սիրելի մի բան կա:
Չէ՞ որ սիրում ես միայն ճանաչածդ, իմացածդ: Հայոց լեզուն, իրոք, շատ, աներևակայելիորեն զարմանալի իրողություններ է պարունակում իր ծալքերում, իրոք, ժամանակի մեքենա է լեզուն՝ հազարամյակների խորքերը տանող անմար ջահ, և, միաժամանակ, ապագա տանող մշտնջենական լույս, առասպելական մի իրողություն է, զարմանահրաշ մի եղելություն հայերենի բառը:
Բառ, որի դեմ անզոր են եղել միլիոնավոր վայրենիների սվիններն ու յաթաղանները, լեզու, որը դարձել է մեր ազգի հայրենիքը, նրա հոգին է ու ինքնության հիմնասյունը:



«Մի ուրիշ հայ… Մեկն էլ…» Սոս Սարգսյան


Մի ուրիշ հայ…
Լոս Անջելեսի օդանավակայանում իրերը հանձնում ենք կշռելու: Գոտին ճարպոտ պորտի տակ գցած մի երիտասարդ է մոտենում:
-         Բարև, ինչքան ուրախ եմ,- և այլն:
Հետո թե` մենք համարյա իրեր չունենք, ձեր ճամպրուկներից մեկը մենք անցկացնենք: Շնորհակալությունս չհասցրի ասել, բարեբախտաբար իսկույն վրա բերեց.
-         Բայց էն գումարը, որ իրենց պիտի մուծեք, մեզ կտաք: Հը… Ասեմ ինչքան պիտի տաք: Բիզնես եմ անում…


***

Մեկն էլ…
   Մոսկվայում «Վնուկովո» օդանավակայանից տեղափոխվում են  «Շերեմետևո»: Կլինի երեսունը հազիվ անց երիտասարդ, անընդհատ կողքիս է: Մեր խավարի ու ցրտի տարիներն են: Շատ անհանգիստ է, հարցեր է տալիս` բա ոնց կլինի, բա ինչ պիտի անենք, բա ժողովուրդը… Ու ամեն րոպե ձեռքը գցում է պայուսակիս, որ օգնի: Ծանր չի, մի անհանգստացիր, ասում եմ, ու նա շարունակում է խոսել, ինչու չենք էսպես անում, եթե փորձենք, եթե ազգովի…   
   Ճամպրուկները բերեցին, խոսքն ընդհատելով` իրեն նետեց առաջ, որ իմ ճամպրուկը վերցնի: Չգիտեմ ինչու, էս անգամ մի քիչ խիստ եղա.
-         Պետք չէ,- ասացի,- ես ինքս: Մեղավոր նայեց աչքերիս:
-         Կներեք, ես ձեզ չէի լսելու, եթե…
-         Ոչ մի եթե
-         Ախր ես ձեզ շատ եմ հարգում, ուղղակի ինձ չի կարելի ծանրության… Վատառողջ էի, դրա համար էի գնացել Ամերիկա բուժվելու…
-         Ինչ հիվանդ եք:
-         Արյան քաղցկեղ ունեմ… բայց դա ոչինչ, երեք ամիս չեմ եղել Հայաստանում, շատ եմ տանջվում, ինչպես ենք լինելու, ախր…
-         Բուժեցին:
-         Այսինքն… Չգիտեմ, տեսնենք…
-         Անունը չհիշեցի, հազար ափսոս:
-         Խոշորամարմին, առնական տեսքով ջահել տղա էր: Աղոթում եմ նրա համար, թող Աստված օգնի: Երանի…


Հատվածը Սոս Սարգսյանի «ԿԱՆՉ» գրքից 


Ռազմիկ Գրիգորյան «Երբ ծնողներս սեփական հողում»

Երբ ծնողներս սեփական հողում
վաստակած մի կտոր հացը
գերադասեցին օտար երկրում
բախտ որոնելու հաճույքից,
աշխատանքից կոշտացած հորս ձեռքերում,
մորս թխած լավաշի մեջ
տեսա քեզ ու սրտումս զգացի ներկայությունդ
հայրենիք,
դու ապրում ես սրտերում,
արժանապատվության նման,
քեզ կորցնելուց հետո ոչ ոք ոչ մի տեղ
չի կարողանում գտնել և վերադարձնել քեզ այլևս…
ամեն առավոտ «բարի լույս» եմ ասում քեզ,
որ մաշկիս տակ ես,
արյանս մեջ,
ծանոթ ու հարազատ ինձ
յուրաքանչյուր օրգանիս պես…


Ռազմիկ Գրիգորյան

«Քո բացական» գրքից

«Զսպել հույզերը, երբ վիրավորական է, և տեսարան չսարքել, երբ ցավալի է. ահա թե ինչ բան է կատարյալ կինը»: Կոկո Շանել

 Հրաշալին մնայուն է, գեղեցիկն՝ անցողիկ:
Յուրաքանչյուր կին հստակ պետք է իմանա երկու բան՝ ինչ է ուզում և ում է նա ուզում: Զսպել հույզերը, երբ վիրավորական է, և տեսարան չսարքել, երբ ցավալի է. ահա թե ինչ բան է կատարյալ կինը: Յուրաքանչյուր կին ունենում է այն տարիքը, որ նա վաստակել է: Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը կարող է պաշտպանել ծերությունից: Մեր գեղեցկությունն անհրաժեշտ է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը՝ որպեսզի մենք սիրենք տղամարդկանց: Չգիտեմ, թե ինչու են կանայք պահանջում այն ամենն, ինչ ունեն տղամարդիկ: Չէ՞ որ կանայք այլ բաների թվում ունեն նաև տղամարդկանց: Կա աշխատանքի ժամանակ և կա սիրելու ժամանակ: Ուրիշ ոչ մի ժամանակ այլևս չի մնում:
Աշխարհը լի է ամեն տեսակ հերցոգուհիներով, սակայն նրանցից միայն մեկն է Կոկո Շանել
…



Աղբյուրը՝ hovikcharkhchyan.wordpress.com

ԽՈՍՔ ՄԵԾ ՊՈԵՏԻ ՄԱՍԻՆ

   Որտեղի՞ց է գալիս Չարենցը:
   Մարդիկ կան, որ գտնում են, որ Չարենցը գալիս է Մայակովսկուց, առանց հաշվի առնելու այն վիթխարի գրական ժառանգությունը, որ թողել է նա, որտեղ շատ բան ոչ մի կապ չունի Մայակովսկու հետ:
   Ուրիշները թեթև ձեռքով Չարենցին կապում էին Տերյանի հետ, գնալով հեշտ դիմադրության:
   Չարենցը մեր պոեզիայում Տերյանի շարունակությունն է, սա կասկածից դուրս է, բայց որքա՜ն գետեր ու առուներ է ընդունել այս սըրընթաց և արագահոս գետը, որ վերածվեց մեծ ջրվեժի:
   Չարենցը հանրագումար է արևելահայ և արևմտահայ պոեզիայի լավագույն տրադիցիաների, գումարած Պուշկինի և Մայակովսկու, Բալմոնտի, Բրյուսովի, Բլոկի տրադիցիաները:
   Այս ամենով հանդերձ Չարենցը Չարենց է, շեշտված գրական մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ:
   Հնարավոր է սովետահայ գրականությունը պատկերացնել առանց այս կամ այն պոետի, սակայն առանց Եղիշե Չարենցի- երբե՛ք:
   Չարենցը սովետահայ ժողովրդի հպարտությունն է:
   Թե՛ կարմիր գծից դուրս և թե՛ կարմիր գծից ներս հակառակորդներ շատ է ունեցել Չարենցը, բայց նրանցից և ոչ մեկը չի համարձակվել ժխտել Չարենցի մեծությունը:
   Նա մեծ էր իր մոլորությունների մեջ անգամ:
   Որպես մարդ բարդ էր նա, հակասություններով լեցուն, սակայն մի խնդրում ուղղված էր ու նպատակասլաց.- նրա համար ամեն բանից բարձր սովետահայ գրականության շահերն էին: Գաղտնիք չէ, որ մասնավորապես 30- ական թվականներին լավ հարաբերություններ չուներ Զարյանի հետ, բայց երբ լույս տեսավ վերջինիս «Ռուշանի քարափը», նա հրապարակային դասախոսություն կարդաց և ողջունեց այդ գործը:
   Այդպես էր նա:
   Հայտնի է, որ 20-21 թվերին նա ժխտողական դիրք բռնեց Տերյանի հանդեպ: Շուտ հասկացավ իր սխալը, արագ ուղղեց…
   Որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում… Բայց այս հարցին նա պատասխանել է երկու տողով.-

… Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր Ապագան…

   Երեսունյոթ տարի առաջ, 1920 թվականին, այսպես է պատասխանել Չարենցը այս հարցին:
Եվ ճիշտ է պատասխանել:


1957 թ.
Գուրգեն Մահարի
«Չարենց – նամե(հուշեր, հոդվածներ)»



Դուշման Վարդան «Գրքերի աշխարհը»

Ծնվել եմ 1966 թ. մարտի 9-ին: Մայրս Նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի գրադարանի վարիչն էր: Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնվել եմ ես, իսկ հետո իմ բարուրով վերադարձել է գրադարանՙ աշխատանքի: Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել: Մայրս օրորոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, եւ ես հայացքս միշտ նրա վրա եմ պահել ու կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացվել է, սկսել եմ նրա մասին պատմել, թե նա մեր հողերը ուզեց, չտվեցինՙ մահացավ: Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը: Պատմավեպերը գրավել են ինձ դեռ տարրական դասարանից: Մի խոսքով, մանկությունս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի «Օ՜հ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...», բանաստեղծությունը կարծես ինձ համար է գրված:

Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերված» գրականությունը:

Գրքերի հեքիաթային աշխարհը, ուր անցել է Վարդանի մանկությունը
Մանկությանս հիշողությունները վերականգնելիս անմիջապես գրքերի յուրահատուկ հոտն եմ զգում եւ մտքով հայտնվում եմ գրքերի խորհրդավոր աշխարհում: Տարածության վրա հոտառությամբ կարող եմ գտնել գրադարանները, որովհետեւ իմ մանկության հոտը կա բոլոր գրադարաններում:

Գրքերի համար ցավ եմ զգացել 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գյումրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մեջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետության մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն հետո տեսա խարույկի մեջՙ այրվելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցավ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորված եւ այրված գրքերի համար:

Իսկ հիմա այստեղ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հարգել թշնամու մշակույթը:

Ազերիները իրենց զայրույթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրաՙ այրելով այն: Մորս խնդրել եմՙ գրքեր հավաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պետք է կրթվեն, իսկ մարդը կրթվում է գրքերի աշխարհում, դաստիարակվում է այդ գրքերով, նրա հայրենասեր կերպարներով: Յուրաքանչյուր լավ գիրք վարձատրություն չպահանջող մեկ ուսուցիչ է: Սիրուց ծնված գրքերը պետք է պահպանել սիրով:

ՎարդանՍտեփանյան(Դուշման)

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև