Լույսի մի կանթեղ, սերունդ նվիրական

23 տարեկան էի, երբ 1948 թ. Հուլիսի 12-ի գիշերը, զրպարտելով անգործության մեջ, կոլտնտեսության նախագահ Մկրտչյան Գևորգը, Սինոնի (ազգանունը չեմ հիշում) հետ միասին կայացրեցին ինձ Սիբիր աքսորելու որոշումը: Աքսորվածներով երեք օր մնացինք Կիրովականում: Երրորդ օրը Երևանից եկավ աքսորվածներով լի մեկ վագոն, սակայն, երբ հասանք Իրկուտսկ, վագոնների թիվը հասավ 73-ի: Աքսորվածների մեջ կային հայեր, թուրքեր, վրացիներ, ռուսներ… բոլորիս համար էլ անհայտ էր, թե ուր էինք գնում: Օրերն անցնում էին, իսկ մեր գնացքը կանգ չէր առնում: Միայն ջուր վերցնելու համար` այն էլ մի քանի րոպեով:
   Դրանք ոչ թե մարդատար, այլ բեռնատար և կենդանիների տեղափոխման վագոններ էին: Գողությունն անխուսափելի էր, քանզի տարբեր ազգեր կային վագոններում, իսկ ուտելիքը գնալով պակասում էր: Ամենքս մեր տներից էինք ուտելիք վերցրել` տոպրակների մեջ և պահել ճամպրուկներում: Դրանց վրա նստած էլ քնում էինք, ավելի ճիշտ “աչք կպցնում”, որպեսզի մեր ուտելիքին պահակ լինենք:
   Դեռ Կիրովականում տեսա մի ծանոթ մարդու, Թիֆլիսի հորաքրոջս հասցեն տվեցի, որ հայտնի նրան իմ աքսորման մասին: Երբ գնացքը հասավ Թիֆլիս, հորաքույրս ընտանիքով եկավ ճանապարհելու: Տարբեր տեսակի ուտելիք էր բերել ճանապարհի համար, բայց, ափսոս, գողացան:
   Գյուղից մի տղայի հետ մեկից փոխինձ առանք, բայց չգիտեինք ինչով շաղախել: Վերջը, մի տեղ կուժ տեսանք` մեջը լիքը յուղ, գողացանք էդ կուժը, փոխինձը յուղով շաղախեցինք և կերանք…Իհարկե “մարսել” չկարողացանք, դրա համար երեք օր դատեցին:
  Իրկուտսկից Բոդոյբո հասնելու համար յոթօրյա ճանապարհ անցանք Լենա գետի վրայով: Միայն Չելյաբինսկում էր, որ աքսորվածներիս տարան բաղնիք, այստեղ էլ մի լավ լողացանք և, բարժերի մեջ տեղավորվելով` շարունակեցինք ճամփան: Տանից դուրս գալուց 51 օր հետո միայն հասանք աքսորավայր…
   Կնոջս հետ նույն գնացքով ենք գնացել Սիբիր, բայց ծանոթացել ենք վեց ամիս հետո: Տղամարդկանց և կանանց համար առանձին բարաքներ էին, որ մեծ սենյակներ էին հիշեցնում: Տղամարդիկ մի տեղ էին մնում, կանայք`ուրիշ տեղ: Եթե ընտանիք կազմողներ էին լինում, նրանց առանձին բարաք էին տալիս: Բարաքում տեսա տատիդ, ծանոթացա, ճանաչեցի, մի օր էլ ասի. “Արի ամուսնանանք, հենց ազատվեմ` ես մեր տուն, դու` ձեր”: Այդպես էլ ամուսնացանք, ու առանձնացանք բոլորից: Աշխատանքները տարբեր էին, ոմանք անտառում էին աշխատում, փայտ էին կապում, ոմանք` ոսկու հանքերում: Ես գյուղում մեծացած, գյուղի ծանր ու դժվար գործերին սովոր տղա, ինձ անտառ ուղարկեցին:
   Երեք երեխա ունեինք, երբ Ստալինի մահից երկու տարի հետո մեզ ազատ արձակեցին: Տնից հեռագիր էր եկել, որ հայրս ծանր է և ուզում է ինձ տեսնել: Նամակ գրեցի տուն` նշեցի, որ ամուսնացել եմ, երեք զավակ ունեմ, բայց գործերը չի ստացվում, որ միասին գանք Հայաստան: Վերջում ավելացրեցի, որ ես կգամ, իսկ ընտանիքիս մի քիչ ուշ կբերեմ: Ահա Սեդրակ պապի` հորս, ինձ ուղարկած տողերը (ինքը գրել չգիտեր, ուրիշին էր գրել տվել). “երեսդ չտեսնեմ լավ է, քան թե այդ գործը բռնես, այսինքն` առանց կնոջս ու երեխաներիս ոտք չդնեմ հայրենի տուն…” Այդպես էլ հորս վերջին անգամ չտեսա, ինքն էլ իմ երեսը չտեսավ, բայց հայրենի օջախ եկա զավակներիս ու կնոջս հետ:
   Հինգ երեխա ենք սնել ու մեծացրել, ամուսնացրել, ընտանիքի տեր դարձրել, հիմա էլ մեր թոռներով ենք ուրախանում, նրանց հաջողությամբ երջանկանում: Գիշերները երբ պառկում եմ քնելու աքսորավայրն է երազիս գալիս` անտառը, բարաքը, նորածին երեխաներիս ձայները, ընկերներս, կնոջ հետ առաջին ծանոթությունը, այն ամենն ինչ կապում է իմ կյանքն աքսորավայրի հետ: Հիշելու այնքան բան կա, վերջիվերջո , ութ տարի Սիբիրում եմ անցկացրել…
Մրսե՞լ… Ինչո՞ւ չէ, արջի ճրագու էի սարքում, բաժանում բոլորին, որ քսեն մարմնի մրսած տեղերին` լավանալու համար… Ե՜վ մրսել ենք, և՜ քաղցել ենք, և՜ կարոտել ու հիշել մեր տները: Գոնե դա չէր արգելվում:    Պայքարել ենք, ապրել, ապրել` հույս ներշնչելով մեկմեկու, ապրել` հայրենի հողի կարոտն առնելու հույսը սրտներումս փայփայելով, ապրել ենք ու այդ ապրածից  ծնվել է լույսի մի կանթեղ` սերունդ նվիրական, որ ժառանգներն են հզոր ու աներեր մեր ազգի…



Աղվան Այվազյան

2006թ.

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև