Մեծանալով հասկացա, որ մեծանում եմ ավելի խելամիտ մտքեր ու գաղափարներ իրականացնելու համար…

ԵՍ 

ես,
երբ գուլպաներս
կարող էի չուղղել... )))



… Ինչ լավ տարիներ էին, անհոգ էինք, թեկուզ գիտեինք, որ դասերը պետք է շուտ սովորենք, քանի դեռ չի մթնել ու սովորում էինք. սիրում էինք սովորելը… իսկ ցերեկային ժամերին` դասաժամերի ընդմիջումներին հարյուրավոր անբացատրելի հայացքներ էինք ստանում ու տալիս, տալիս ու ստանում այնքան ժամանակ, մինչև որ հասկանում էինք միմյանց… բայց կիսատը չէր լրացվում, քանի որ ամոթխածությունն ավելին էր, քան սերը, որ կար, որ պետք էր ու կարող էր բազմապատկվել, կարող էր եռապատկվել ու ապրել երկար, բայց շատ դեպքերում չէր ապրում… երազում էինք նոր դռներ բացելու մասին, երազում էինք ու քայլում առանց հետ նայելու… ամենաճիշտն էինք գտնում դա, քանի որ հետ նայելը ցավ էր պատճառելու, իսկ ցավ զգալու համար ոչ սիրտ կար, ոչ ժամանակ: Ու... 

Նպատակը, երբեմն, սպանում է այն, ինչը կարող է ապրել մարդու մեջ, բայց մեռնում է նպատակի իրագործման ճանապարհին:













ես, երբ ընտանիքով գնացել էինք լուսանկարվելու... 
ամառը թեժ էր նաև ձմեռային պահածոներ անելու համար… դե պատկերացրեք մի սեփական տուն իր մեծ բակով, սեղաններ ու լիքը ջահել աղջիկներ… խումբ – խումբ նստած կտրատում էինք գազար, հետո կանաչ պղպեղ, հետո լոլիկ, հետո սմբուկ, հետո… ու այսպես օրն անցնում էր… այս նույն խմբով գնում էինք օգնելու մյուսներին… ոնց էր այս ամենը կազմակերպվում չեմ կարող հստակեցնել, բայց քնելով գիշերը 2-ից ոչ շուտ ու արթնանալով 8-ից ոչ ուշ, ամեն ինչ հասցնում էինք… տղամարդկանց համար դաշտը հաց էինք տանում, լվացքն անում էինք, ոչ ներկայիս ավտոմատ լվացքի մեքենայով, իհարկե, փռում, հավաքում, արդուկում, դասավորում, հացը թխում, եթե օրն էր, ճաշը պատրաստում, այն էլ ոչ մի տեսակ և ոչ մեկ անգամ… տները փայլեցնում, բակն ավլում  այնպես, որ մի թղթի կտոր անգամ չէր երևում… այգին ջրում… այս բոլորի հետ հասցնում էինք ամեն օր գնալ ձորը, լողանալ. դա թերևս հանգստի ժամն էր, երեկոյան էլ բոլոր գործերը վերջացնելով վազում էինք հագնվելու, որ գնանք գյուղական ԴԻՍԿՈ-յին… :)))

Ժամանակին էլ սիրում էի հայրենիքս, բայց երբեք այսպես հասկանալի, ինչպես հիմա… հիմա գիտեմ` ինչու եմ սիրում ու ինչու երբեք չեմ ցանկացել մշտապես լքել երկիրս…


ես այսօր...
... Հիշում եմ սիրելի գյուղս ամռան ամիսներին` մեր ձորը… տղաները գյոլ էին կապում, մենք էլ գնում էինք լողանում ու պառկում մեծ- մեծ քարերի վրա… ձորը մի վայր էր, որտեղից ոչ ոք չէր ուզում տուն վերադառնալ մինչև ուշ երեկո… բայց անգործ թափառելը մեր գործը չէր, հազար ու մի անելու բան կար... 
Ամռան ամիսներին տասը կամ տասնհինգ հոգի էինք լինում տանը` հյուրեր տարբեր վայրերից… լինում էինք և ավելին… մենք` ամենափոքրերս միշտ լսողի դերում էինք լինում` էս բեր, էն տար, սրա համար վազիր խանութ, նրա համար վազիր հարևանի տուն… ու մեզ հետ էր լինում հին մագնիտոֆոնը…  ախ, ոնց էինք մենք նրան սիրում… նա մեզ փրկում էր, միշտ մեզ հետ էր, չարչարում էինք առավոտից գիշեր, ու եթե հանկարծ ծամում էր լենտն ու անջատվում, սկսում էինք հավաքել ու եղունգների լաքով կպցնել իրար: Ու...

Մեծանալով հասկացա, որ մեծանում եմ ավելի խելամիտ մտքեր ու գաղափարներ իրականացնելու համար…

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև