Սոս Սարգսյանի հուշերից


   Ծանոթ մեկը տեղափոխվեց Ամերիկա: Մի քանի տարի անց եկավ կարոտն առնի: Տղա զավակին հետը բերել էր: Հաջորդ տարին նորից եկավ` առանց տղայի: Հարցրի` ինչի չես բերել: Չեկավ, ասում է, ինչքան համոզեցի չուզեց, ասաց` Հայրիկ, Հայաստանի զուգարանի թուղթը չոր է, քամակս կքերե…
   Հա, տղա ջան, մեր ամեն ինչն է կոշտ,մեր թուղթն էլ, մեր բնությունն էլ, մենք էլ,  մեր հարևաններն էլ: Աստված մեզ էստեղ է ստեղծել, էսպես: Պիտի ապրենք: Դու էդտեղ քամակին նայի, ուրիշ վնաս չգա:
   Ամերիկայից վերադառնում եմ, հայ սահմանապահը ստուգում է անձնագրերը: Ինձնից առաջ մի տիկին է: Երիտասարդ սահմանապահը գրանցումն արեց ու մի քիչ անփութորեն սրա անձնագիրը հետ գցեց.
-         Ինչպես եք համարձակվում, գիտեք` սա ինչ անձնագիր է, սա Ամերիկայի անձնագիր է: Ապա ետ վերցրեք ու հարգանքով, պատկառանքով ետ վերադարձրեք:
   Տղան շփոթվեց կարծես և վախեցավ, որովհետև ոտքի ելավ ու էդպես էլ վերադարձրեց նրա փաստաթուղթը: Հեռանալուց առաջ տիկինը հասցրեց մի արհամարհական հայացք նետել իմ հայոց անձնագրին, որ դրել էի համեստորեն կողքանց:
-         Քոսոտ հայերին ես տեսնում…,- հպարտությունից ջարդուխուրդ լինելով` քթի տակ ասաց տիկինը:
   Իրերն ստանալու ժամանակ հանդիպեցինք:
-         Լավ արեցի, չէ,- դիմեց ինձ,- տեսքն ինչպես կատու կտրեց:
-         Իհարկե, իհարկե,- փնթփնթացի քթիս տակ ու հարցրի, թե քանի տարի է, որ ամերիկացի է: Ասաց`երեք տարի է արդեն, ու փքվեց…
   Ռասիստ շան որդենի…
   Իսկ Աշոտն ու Արմենը` իմ երիտասարդ ընկերները, էդ օրերին որոշեցին կամավոր մեկնել ռազմաճակատ, Արցախ: Հուզվեցի, հպարտացա, որ էդ տղերքը կան, մյուս կողմից էլ ուզում էի գիրկս առնել, չթողնել: Հետո հիշեցի, որ Հայաստանում էլ են հայերին սպանում… հայերը: Հիշեցի, տխրեցի շատ:
-         Տղերք, գերի չընկնեք,-էդ ասեցի,- թուրքին գերի չընկնեք…

   Մենք էն ունենք` ինչին արժանի ենք… Ուզում ես պայթիր, մեր լավն ու վատով էս ենք: Հազար տարի ինչ հիմք դրել ենք կամ չենք դրել, էդ ենք վայելում: Մեր երկրից փախել, ուրիշին ծառայել ենք անձնուրաց: Հպարտ ենք Լորիս Մելիքովով, Նուբար Փաշայով, մեկելներով… Մենք մեզ համար չենք ապրել, մեր երկիրը չենք շենացրել, մեր պետությունը չենք կառուցել: Անհավատալի է, որ հինգ- վեց հարյուր տարում գոնե հինգ- վեց անգամ հնարավոր չլիներ թագավորություն ստեղծել: Հիմա ստեղծվել է, տեսնենքէ ինչ ենք անելու… 


Հատվածը Սոս Սարգսյանի "Կանչ" գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև