Սոնա Վան «Հիշու՞մ ես...»






Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար

մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ

փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար

Դեպի Հավուց Թառ և Գիլան գյուղ



Հասանք Գառնի գյուղ, ու սպասեցինք Դավիթին. ճիշտ է, հետո պարզվեց, որ Դավիթն այդ օրը շատ հյուրեր ունի, բայց քանի որ խոստացել էր, եկավ, որ մեզ էլ ուղեկցի դեպի Խոսրովի Արգելոց և Հավուց Թառ:
Դավիթի ցույց տված ճանապարհով Ճամփա ընկանք` ես, Անուշն ու իր քույրը` Հասմիկը, երկու մտերիմ ընկերները` Գուրգենն ու Արմանը, երեք քույրերը` Արփինեն, Նարինեն ու Աննան, պատմաբան Գարիկը, լուսանկարիչ Հայկն ու ընկերուհին` Ելենան, ամենառոմանտիկ զույգը` Աղունիկն ու Գոռը… և … Աիդան իր երկու ծանոթների հետ, ում անունները, ցավոք այս պահին չեմ հիշում…
Բոլորիս պայուսակները` ծանր… ի՞նչն էր շատ` ծիրանը:
-         Երեխեք, ծիրան չե՞ք ուզում,- հարցը կրկնեց պատմաբանն, ով արշավների մեծ սիրահար է, և ում հետ մենք հենց նույն օրն էլ ծանոթացել էինք…
Երեխեքով ծիրան ուտելու հավես չունեինք. շոգ էր, ու միայն ստվերը կփրկեր բոլորիս, բայց միայն մի քանի րոպեով…
Մի քանի րոպեն վայելեցինք “Քարերի Սիմֆոնիա”-ի ստվերոտ հատվածում, որտեղ ականատես եղանք նաև Ազատ գետի վրա կառուցված, և ներկայումս վերակառուցվող միջնադարյան կամրջին:
Ու…
Գուրգենն, ով մի մեծ պայուսակ ուներ իր ձեռքին, մի յուրահատուկ հայտարարություն արեց սննդի վերաբերյալ.
-         Երեխեք, գիտեք թե ինչքան ուժ է տալիս վարունգը,- ժպիտը դեմքին ասաց նա, ու բոլորս հասկացանք, որ Գուրգենի պայուսակում նվազագույնը երեք կիլոգրամ վարունգ կա… )))


Այսպես հաղթահարեցինք մտերմանալու համար որոշակիորեն սահմանված ձևական պահերն, ու ամենամոտ ընկերների պես շարունակեցինք քայլել Ազատ գետի ափով ` բացահայտելու հրաշագեղ Հավուց Թառ վանքային համալիրը…
Բայց նախքան ձորն ի վեր բարձրանալը` որոշեցինք ուսապարկներս մի փոքր դատարկել )))
Ու գետի ափին` ծառերի ստվերում փռված սեղանը լցվեց տարբեր ուտելիքներով… Հավաքվեցինք շուրջն ու սկսվեց … այստեղ մանրամասն պատմելու ոչինչ չկա, բացի այն, որ ամեն մեկս փորձում էինք մեր մոտի եղած ուտելիքն առաջարկել, հյուրասիրել մյուսներին, որպեսզի պայուսակներս հնարավորինս դատարկվի…
Գուրգենի ուսապարկը մնաց նույն քաշով` վարունգը չկարողացավ   մրցել նորահաս ծիրանի հետ… )))

Սակայն Գուրգենի ուսապարկն էլ հոգս չդարձավ ու “թեթևացավ”, երբ Դավիթը հայտարարեց  տարածքում օձերի չափազանց շատ լինելու մասին. Գոռն այս ամենը լսելով` միանգամից փնտրեց գտավ մի մեծ, ու օձերին բռնելու համար հարմար ձեռնափայտ ու նույնը խորհուրդ տվեց բոլորիս… ես ետ չմնացի` ձեռնափայտը ձեռքս առա ու որոշեցի որ մի երկու օձ հաստատ բռնելու եմ…
Ինչևէ, կածանի վրա հայտնվեց կենսախինդ ու համարձակ երիտասարդներիս շարքն ու, երբեմն հետ ընկնելով, երբեմն էլ ` առաջ… բոլորս բարձրացանք հասանք մինչև գագաթ…
Հավուց Թառ հասնելու համար սակայն դեռ երկար պիտի քայլեինք… շոգը մի կողմից էր նեղում, պայուսակներիս ծանրությունը` մյուս… իսկ դե միտքը, որ ոտքի տակ պատահական կարող է օձ հայտնվի, դրա մասին թերևս հիմա լռեմ…  
-         Այս ծիրանն ուտելով` ձեր ներսի էներգիան կքառապատկվի,- ասաց Գարիկն, ու նրա հումորը շարունակեցի ես` փորձելով իմ պայուսակի խնձորի տոպրակը դատարկել.
-         Խնձորն այնքան երկաթ է պարունակում, իսկ ի՞նչ է անհրաժեշտ ճանապարհորդին` դե իհարկե երկաթ… )))

Ես խղճացի մեզ, երբ հեռվից նկատեցի, որ մեզ դիմավորող Հավուց Թառը գրեթե մերկ է… բայց նա սիրալիր բացեց իր գիրկն ու յուրաքանչյուրիս` մեր երևակայության միջնորդությամբ տեղափոխեց Միջնադարյան Հայաստան: Մենք տեսանք Ամենափրկիչ Հավուց Թառ վանքային համալիրը 12-14- րդ դարերում, երբ այն  ծաղկուն շրջանում էր ու նաև 1679 թվականի այն մութ օրը, երբ ավերիչ երկրաշարժը եկավ ու ավերեց վանքային համալիրը…
Եկեղեցու բազմագունության սկզբունքով շարված պատերի տակ նստեցինք ու հայացքներս հառած Գառնու ձորին` թափառեցինք անցյալում… թե ով` ուր… չգիտեմ… միայն իմը կարող եմ ասել. ես ուզում էի տեսնել Ամենափրկիչ Հավուց Թառ  վանքային համալիրը մեր օրերում այն նույն շքեղությամբ, ինչպիսին որ այն եղել է կառուցման ժամանակ` 10-րդ դարում…

Ես լավատես եմ, ու որոշել եմ այսօր տխուր բաներից չխոսել և չեմ ասի այն ամենն, ինչ ուզում եմ, ինչ թելադրում է միտքս, սիրտս.
Բայց ուրախալի լուր էլ ունեմ այստեղ գրելու. Հավուց Թառում մենք հանդիպեցինք Արսենին ու իր ընկերներին, ովքեր Հրազդան քաղաքում գործող “Երեխաների աջակցության հիմնադրամից” են, ու “Ճանաչենք և պահպանենք մեզ ժառանգվածը” ծրագրի շրջանակներում եկել էին մաքրելու վանքային համալիրը: Միայն Կոտայքի մարզում 67 կանգուն , բայց չգործող եկեղեցի կա, որոնք բոլորը ներառված են այս ծրագրում, և հաջարդաբար փրկվելու են թե շրջակա, թե հոգևոր  աղտոտվածությունից… և հուսանք, որ հետագայում մեր պետությունն ավելի շատ ուշադրություն կդարձնի, որպեսզի այս բոլոր եկեղեցիները ազատվեն “ՉԳՈՐԾՈՂ” –ի կարգավիճակից… )))


Մի տեսակ այն տպավորությունն էր, որ Գարիկի ձեռքի պայուսակում ոչ թե ծիրանով տոպրակ է, այլ` ծիրանի ծառ… ու մենք ծիրանենու հետ քալելով` հասանք պահակակետ, որտեղ մեզ միացավ Ռոմանը, ով նույնպես գառնեցի է. Ռոմանն ու Դավիթը մտերիմ ընկերներ են, ու քանի որ վերջինս գնաց իր հյուրերի մոտ`մեզ ուղեկցելու եկավ Ռոմանը…
… ՈՒԱԶ-ի վարորդը գտնվեց շատ բարեսիրտ և որոշեց մեզ մեքենայով տանել մինչև ճանապարհի կեսը…


… ու այստեղ բոլորս, ովքեր ծիրանը նախընտրել էինք վարունգից, “թքեցինք փայտիկին”… “թքեցինք”, քանի որ քարքարոտ ճանապարհին ՈՒԱԶ-ի կուզովը ոչ այլ ինչ էր, քան յուրատեսակ կառուսել, որտեղ չկար նստելու տեղ, ու մենք, ընուզենիների ճյուղերից պաշտպանվելու այլ միջոց չունենալով, ամբողջ ճանապարհին ստիպված  պպզեցիքն ու – կանգնեցինք…
Լավագույնների մեջ ամենապպզող չունեցանք. դե բնական է, բոլորս էլ հավեսով պպզեցինք, մի կողմից էլ` հավեսներս հանեցինք… )))
Այստեղ վիդեո…
Իրար կորցնելով ու չգտնելով` հասանք մինչև Գիլան գյուղ... Հավատալով, որ Թռչուն պապի տան անդամներից մեկն ու մեկի “աչքը մնում է” հարց ու փորձ արեցինք ու գտանք…

Թռչուն պապը, Ելենա տատն ու նրանց հարսը` Նվարդը, մեզ դիմավորեցին այնպես, ասես հարյուր տարվա բարեկամներ լինեինք … Բակում` ծառի տակ դրված սեղանին էլ հաց փռեցինք ու հավաքվեցինք սեղանի շուրջ` ծանոթանալու և զրուցելու…
Թռչուն պապի հյուրընկալ օջախում համտեսեցինք գյուղի բոլոր բարիքներից`տնական մեղրից, թել պանրից, Ելենա տատի ու Նվարդի թխած լավաշից… դե իսկ տղաները Թռչուն պապի հետ թթի օղիով խմեցին մեր ծանոթության, մարդկության, բարության և այլ կենացներ … ու եկավ հրաժեշտի կենացը խմելու պահը…
Մեր հոգնածությունն իսպառ վերացել էր, քանի որ Թռչուն պապն, ով արդեն ութսունին մոտ ակտիվ մարդ է, ասաց, որ անցյալ տարի բարձրացել է Արարատի գագաթը. ամոթ կլիներ անգամ տրտնջալը` թե այդքան ճանապարհը ոտքով ենք բարձրացել…
Հրաժեշտից առաջ լուսանկարվեցինք, որ ամեն մեկս մեզ հետ ունենանք այս գեղեցիկ օրը` Թռչուն պապի օգտակար խորհուրդներով, Ելենա տատի բարի ժպիտով ու Նվարդի հյուրասեր վարքով…
Յուրաքանչյուրիս հայացքում ծով հարստություն ու արգասաբեր հմայք հայտնվեց, երբ  դուրս եկանք Թռչուն պապի տնից… Միմյանց հերթ չտալով` կիսվեցինք ստացած տպավորություններով… ու Գիլան գյուղին ցտեսություն ասելով`ճամփա ընկանք դեպի Գառնի` հուսալով, թե կհանդիպենք մեր խմբից այն հինգ հոգուն, ովքեր մնացել էին ճանապարհին…
Ովքեր եղել են Խոսրովի Արգելոցում, գիտեն, որ այդ տարածքում կապ չկա, ու միմյանց գտնելը շատ դժվար է, իսկ մութն էլ մի կողմից էր հիշեցնում իր մասին…
Բայց դե մեր խումբն արկածասեր` ծիծաղելով, պատմելով, հումորներ անելով փորձում էր ոտքով անցնել այդ ամբողջ ճանապարհը… մինչև որ մի քանի մեքենաներում քիչ-քիչ խցկվելով`աղջիկներս,  տղաներին թողնելով ճանապարհին, հասանք  պահակակետ…


-         Չէ՜, մենք առանց մեր տղաների ոչ մի տեղ էլ չենք գնա,- միաձայն ասացինք զարմացած վարորդին, մի մարդու նման իջանք մեքենայից ու խնդրեցինք, որ գնա և մեր տղաներին էլ անտառից բերի մեզ մոտ:
-         Այդ տղաներն այս ինչ բախտավոր են, որ ձեր նման աղջիկների հետ են ճանապարհ դուրս եկել,- ասաց բարեսիրտ վարորդն ու, ամբողջ օրվա հոգնածությունից իրեն մի կերպ ազատելով` եկած ճանապարհով հետ դարձավ դեպի անտառ…
Իսկ ով է ասել, թե մեր տղաները չէին հոգնել նույնքան, որքան որ մենք, պարզապես տղամարդիկ ի սկզբանե ստանձնել են ուժեղ ու համարձակ լինելու “դերն” ու ստիպված են այդ “բեռն” ամբողջ կյանքում տանել իրենց ուսերին...
Երբ մենքենան մոտեցավ մեզ` մթան մեջ լսվեցին մեր աղաղակներն, ու լռությունը շնչակտուր հեռացավ մեր ամենաանհամեստ ծափահարություններից.
-         Ուռաաաաաաաա
-         Ուռաաաա
-         Ուռաաաաաաաա
-         Ուռաաաաաաաաաա
-         Ուռաաաաա
-         Ուռաաաաաաա
Սա ամենաանկեղծ ՈՒՌԱ-ն էր, ամնեաանսպասելին, ամենագեղեցիկը, ամենաներդաշնակն ու ամենամտերմիկը…
Ու կրկին դեպի Գառնի, դեպի այն կետը, որտեղ գիշերային լույսերի մեջ իր ամբողջ հմայքով ու շքեղությամբ երևում էր հրաշագեղ Գառիի տաճարը…
-         Երեխեք, սիրտս ծիրան ուզեց…
Ու ծիծաղի տարափը լցվեց մեր հիշողության մեջ` տեղավորվեց ու կմնա ընդմիշտ… 

Վլադիմիր Մայակովսկի «Լսե՛ք»



Լսե՛ք,
չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է՝ դա մեկին պետք է,
նշանակում է, որ մեկն ուզում է, որ դրանք լինեն
նշանակում է, որ մարգարիտ է անվանում մեկը
այդ ցայտուքներին,

և կեսօրվա փոշեհողմից ծվատվելով՝
իրեն Աստծու մոտ է գցում,
վախենում է, որ կուշանա,
լաց է լինում,
համբուրում է նրա ձեռքերը ջլուտ,
խնդրում է, որ լինի աստղ անպայման,
հետո գնում է հուզված,
բայց արտաքուստ խաղաղ,
հարցնում է մեկին.
-
Բայց հիմա լավ ես, չէ՞,
չես վախենում, չէ՞:


Լսե՛ք,
չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է՝ մեկին պետք է դա,
նշանակում է, որ անհրաժեշտ է,
որ ամեն գիշեր
գոնե մի աստղ
վառվի
տանիքների վրա:
1914


ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև