Հուսիկ Արա «Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին»

Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին
Ոտքերիս տակ շիրիմներն են իմ նախնիների,
իսկ երկնքում թևածում են իմ սերնդի երազները:
Իմ տոհմածառի արմատները խորն են խրվել այս հողում,
իսկ ճյուղերը երկնքի արևն են շոշափել:
Ես ժամանակն եմ հողի ու արևի միջև.
իմ ոտքերը անցյալում են սահմանված,
իսկ աչքերս գալիքի լույսն են հսկում:

Իմ պարթևահասակ պապը իր հետ է վերցրել Վանի տան բանալին.
1915-ին դուռը կողպել և վերադարձի հայացքն Արարատին`
բռնագաղթի մոլորված ճանապարհն է բռնել:
Որպես մասունք ու թալիսման,
Սուրբ գրքի հետ, տապանակում է պահել բանալին,
իսկ մահից առաջ, պապս, իր դստերը` մորս է հանձնել
և մահացել բաց աչքերով` հայացքը Արարատի ճերմակ գագաթին:
Երբ մեռնում էր մայրս, իմ ափի մեջ դրեց Վանի մեր տան բանալին:
Ծիրանագույն դաշտն է իմ առջև.
հայացքիս մեջ կապտալույս լեռներ, եկեղեցիներ
ու բերդեր են, քաղաքներ` զինանշանով արքայական,
որ Պատմական հայրենիք է նշված քարտեզի վրա:
Իմ անցյալն է այստեղ,
որ երկրային շիտակ ու մոլոր ժամանակներով է չափվում,
պատմությունը, որ նախ քարին է փորվել,
հետո դարձել մելանագիր մագաղաթ,
նաև հոսել է արյուն թուղթ ու թանաքի արանքով:

Մտնում եմ Վանի դարպասներից ներս
ու վաղնջական քաղաքի փողոցներով քայլում.
այստեղ ժամանակները շեղջի նման շերտ առ շերտ են դարսվել
հիշողության մեջ ու հայացքի տակ` առեղծվածից մինչև շոշափելին:
Տունն եմ փնտրում բաց դռներով ու փակ տների մեջ
ու կանգնել եմ Վանի մեր տան դիմաց.
կողպած են դռները,
իսկ բանալին ափիս մեջ եմ սեղմել

Վանա ծովի անուրջներում ուրվապատկերն է Սուրբ Խաչի`
շրջված տեսքը ջրերի մեջ արտացոլված.
խաչակնքում եմ ու նայում գմբեթին` երկնքում լույսի հետ նույնացած:
«Հա՞յ ես»: Շրջվում եմ: Քուրդ Ասլոն է` շիկակարմիր ձի հեծած:
Հաց է կիսում ինձ հետ ու կաթ հյուրասիրում ընտանեկան սեղանի շուրջը:
«Սա քո նախնիների տունն է: Երբ գնացին, մենք ենք ապրում այդ օրից»:
Քայլում է Ասլոն խորքի սենյակը ու ձեռքին բերում է մի հին գիրք:
«Ձեր լեզվով ու ձեր Աստծու պատկերով է. այստեղ ենք գտել»:
Կաշեպատ կազմով Աստվածաշունչն է` իմ նախնիների գրչով գրված
և էջ առ էջ ծաղկած. «Ու թե մի օր դառնաք` ձեր տունն է ու ձեր գիրքը»:
Ասլոն ներս է քաշում դառնությունը ծխամորճի ու ձեռքը դնում հացին.
«Մերոնք օգնել են ձեզ, թաքցրել` վտանգելով կյանքը,
հետո գիշերով հանել են ճանապարհ, որ անվնաս փախչեք»:
քուրդը նայում է պատուհանից երևացող արևախանձ դաշտին
և ասում. «Թուրքերի մեջ էլ եղան, որ օգնեցին.
շատերն էին ուզում, բայց վախենում էին»:
Ես հիշեցի Նոր Մալաթիացի 82-ամյա Գրիգորին,
ով ամառնամուտի մի երեկո Երևանում ինձ պատմեց.
«Գիտե՞ս, հորս փրկել է թուրքը և մի քանի տարի պահել իր տանը:
Իսկ տարիներ առաջ մի զբոսաշրջիկ ինձ գտավ` տալով հորս անունը:
Այդ նույն թուրքի տղան էր: Հիմա նամակներ ենք գրում իրար»:
Ասլոն նայում է հացի սեղանին ընկած արևի շողին
և դարի չափ երկարած օրվա ժամը որոշում.
«Հարևանս թուրք է, քո տարիքին:
Գնամ` կանչեմ. դուք պետք է խոսեք»:

աշխարհամարտ տեղահանություն բնաջնջում մեծ եղեռն 1. 500 000 կորուսյալ հայրենիք մշակույթ քաղա­ակրթու­թյուն տնտեսություն 1915-1923 ավերում ամայացում 100-ամյա օտարում ավետյաց երկիր բիայնիլի ուրարտու տուշ­­պա քաղաքն շամիրամա երվանդավան մեծ հայք տոսպ վան վասպուրական ապրիլի 24 ծպտված հայեր դավանափոխություն ինքնուրացում մայրենիի մոռացում վերադարձ մերձեցում արմատներ արյունակիցներ պա­պենական տուն վերընձյուղում

Կանգնել ենք՝ մարդն ու անցյալը`
միմյանց հայացքի մեջ լցված.
երկնքում է իմ երազը, իսկ ես
երկրի խոռոչներին եմ խոնարհվել:
Չգիտեմ, թե ի՞նչ հնարով փակեմ
վերջին էջը քաղաքի պատմության,
և մատյանը առհասարակ:

Ոտքս վստահ եմ դնում հողին,
որ իմ նախնիների քրտինքով,
լույսով ու երազով է շաղախված,
և Անթեի պես հողից եմ առնում իմ ուժը:
Վերադարձի լույսը արևի պես է կոպերիս տակ.
թիկունքով եմ կանգնել Արարատին,
բայց ափիս մեջ բանալին է:


Հուսիկ Արա «Ազատության Հրապարակ» գրքից



Ավետիս Խաչատրյան. «Ամեն վատի վերջը մի նոր լավի սկիզբ է» (Ֆոտոշարք)

Արվեստագետը միշտ էլ ասելիք ունի, ու նա խոսում է մարդկանց հետ իր նկարների, իր երգերի, խաղի, բանաստեղծության, ֆիլմերի, մի խոսքով իր ստեղծածի միջոցով…
Զրույցի ժամանակ տարբեր աֆորիզմների  միջոցով փորձեցի բացահայտել արվեստագետին, գրի առնել նրա մտքերը, կարծիքը տարբեր թեմաների շուրջ:
Գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի հետ հանդիպեցի կեսօրից հետո:

Բարև, Ավետիս, ինչպե՞ս է տրամադրությունը:
-         Լավ, Նարէ ջան, լավ է:
Բայց ժպտացող աչքերի մեջ տեսա անքնություն. հաստատեց կասկածներս`գիշերը չէր քնել ու աշխատել էր:
-         Ավետիս, թե ուզում ես մի ուրիշ օր հանդիպենք:- հարցրեցի: Նա չցանկացավ: Մի քիչ դեսից- դենից խոսեցինք, ու հետո վերլուծեցինք կյանքը, մարդկային փոխհարաբերությունները և այլն…

Սկսենք կյանքի ու տառապանքի մասին Գրաֆի մեկնաբանությամբ.
Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորերել տառապանքներ տանել”:

-Այո, այստեղ կա ճշմարտություն: Ես այսպիսի մի խոսք ունեմ` ես ապրում եմ երջանկություն` տառապանքի մեջ, և տառապանք` երջանկության մեջ: Կյանքը կրակ է մի ընդհանրության մեջ. անընդհատ պետք է այդ տառապանքը տեսնել, քանի որ այն քեզ տալիս ու ապրեցնում է: Վերցնեմ ինձ, եթե ես միշտ խաղաղ լինեմ, ոչ մի տեսակի խնդիր չունենամ` կենցաղային, նյութական կամ ապահովված լինեմ ամեն ինչով, ես չեմ ցանկանա ստեղծագործել: Տառապանքն է, որ մարդուն տալիս է ու դաստիարակում, ու մարդը փորձում է տառապելով պայքարել, որ դուրս գա այդ իրավիճակից… տառապանքը կրակ է… ինչպես Սևակն է ասել`
Սերմերը մինչև կարգին չգժվեն՝
Բե՛րք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն
Ձե՜ռք չեն դառնալու:

Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝
Ե՜րգ չեն դառնալու...
Տառապելը դա հենց գժությունն է… ինչպես հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններում է`կյանքը հանդարտ է, ու հետո կրակոտ պահեր են, ինչ որ փաթորիկ է սկսվում, հետո նորից հանգստանում է, մեռնում է, չկա ոչինչ, ու էլի մի պահ հայտնվում է մի նոտա ու ծնվում է նոր ծիլ…  նույնն է նաև արվեստագետի կյանքը:


Լերուն ասել է.
Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև` մնալ ինչպիսին որ կաս”:

ւր էլ ուզում ես գնա, ինչ էլ ուզում ես արա, ոչինչ չի կարող քեզ փոխել, դու կաս այնպիսին, ինչպիսին որ կաս: Ես ապրել եմ այս վիճակը, ու գիտեմ, որ այն կա: Ուր էլ ես գնամ, որտեղ էլ ստեղծագործեմ, միևնույնն է, ես չեմ փոխվի: Կփոխվի նա, ով հիմք չունի… Ով ունի այդ հիմքը, նա երբեք էլ չի կարող փոխվել, որովհետև կա և ունի իր տեղը… մարդու էությունն այդպիսին է:


Ավետիս, արդյոք համամիտ ես Էմերսոնի այս մտքի հետ.  Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք ներդնում”:

-Նարէ ջան, շատ սիրուն աֆորիզմ է: Այսինք էն, ինչը որ դու գտնում ես, հենց էնպես չես ձեռք բերում: Չի լինում, որ դու քայլես ու միամիտ գտնես… քո աշխատասիրությունն ու անցած ճանապարհը ստիպում են քեզ, որ դու քո անցած ճանապարհին բացահայտես: Դու տառապանք ու աշխատասիրություն ես ներդրել, ու դա քեզ ստիպում է, որ դու սովորես ու ձեռք բերես, գտնես այն, ինչը մերն է մեր ջանասիրության շնորհիվ: Եթե դու ձգտում չունենաս, չաշխատես, դու ոչինչ էլ ձեռք չես բերի… Այս աֆորիզմի “ներդնել” բառի մեջ հենց մեր ջանքն ու եռանդն է:


Արվեստը բացարձակ է, նա չի փոքրանում, որովհետև չի կարող լինել ավելի մեծ, քան կա”  գրել է Վահրամ Փափազյանն իր “Հետադարձ հայացք” գրքում:

-Արվեստը կարող է իր բացարձակությամբ գնա տարածվի աշխարհում, շրջի ամենուր, ապրի տարբեր ժամանակներում, որոշակի տարածության մեջ…  “Կարմիր ջութակը” ֆիլմում շատ լավ նկարագրվում է , թե ոնց է արվեստը սփռվում, երբ ջութակը հայտնվում է տարբեր մարդկանց ձեռքերում, դժվար ճանապարհ է անցնում, բայց նրա մեջ ապրում է արվեստը… նույնն էլ հիմա է, եթե նույնիսկ արվեստի գործը հայտնվի մի տեղ, օրինակ, հեռավոր գյուղում բնակվող տատիկի մառանում, միևնույնն է, այն մի օր կգտնվի ու կգրավի իր տեղը:


Լառոշֆուկոն մի շատ լավ աֆորիզմ ունի. “Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը , կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից”:

-Իրոք, Նարէ ջան, մարդու հոգեվիճակը կարող է մարդուն ստիպել, որ նա իրեն կամ երջանիկ, կամ դժբախտ զգա: Դու ես ընտրում այն, ինչ դու ունես. կուզենաս քեզ երջանիկ կհամարես, կուզենաս` դժբախտ, նայած թե դու ինչ տեսանկյունից ես նայում իրականությանը: Ես ունեմ կենցաղային խնդիրներ և ունեմ հաջողություններ արվեստում, եթե ես նայում եմ նյութականի տեսանկյունից, կարող եմ ինձ դժբախտ համարել, արվեստի տեսանկյունից` կհամարեմ երջանիկ: Շատ խելոք միտք է: Դրա համար ամեն մարդ էլ պետք է աշխատի իր վրա ու փորձի իրեն երջանիկ զգալ, քանի որ երբ մարդն իրեն դժբախտ է զգում, հոգեբանորեն էլ ընկնում է այդ վիճակի մեջ ու սկսում է տառապել, իսկ երբ մարդ գոհ է լինում իր ունեցածից, ասում ես` փառք աստծո, որ ունեմ այն, ինչ ունեմ, այդ դեպքում դու քեզ ավելի երջանիկ ես զգում:


Հարուն Ագացարացին գտնում էր, որ “Չի կարելի վերադառնալ անցյալ ու փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա ու փոխել ավարտը”:

-Սա նշանակում է, որ դու կարող ես անցյալի դասերից կերտել քո ապագան: Ամեն վատի վերջը մի նոր լավի սկիզբ է: Պետք է ոչ թե անցյալը վերլուծես ու ասես, վայ ինչու այսպես եղավ և այլն, այլ պետք է հարցնես ինքդ քեզ, թե ինչ արեցիր անցյալում, որը չի կարելի սխալմամբ նորից կրկնել, որովհետև ինչ էլ անենք, մեզ ոչինչ էլ չի տա անցյալ փորփրելը: Պարզապես պետք է նայենք անցյալին ու ավելի ճիշտ կառուցենք ներկան, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ ապագայի սխալներից:


Դանթե Ալիգերին մի լավ աֆորիզմ ունի. “Գնա քո ճանապարհով և թող մարդիկ խոսեն ինչ ուզում են”:

-Նարե ջան, սա հզոր է ասված… ու որոշակի ճանապարհ պետք է անցնել այս միտքն արտահայտելու համար:  Պիտի ապրես, տառապես, սիրես, պայքարես… այս ամբողջն ունենաս քո ճանապարհին, հետո միայն դու կգիտակցես, որ քո թռիչքին, որ դու կատարում ես, ոչինչ չի խանգարի: Հեղինակը հաստատ այս խոսքերը գրել է իր թռիչքի ժամանակ, թռիչք դեպի անսահմանություն… ու էդ թռիչքի ժամանակ նա հասկացել է, թե ինչքան բաներից է ազատվել, գիտակցաբար ինչքան բաներից է ազատել իրեն, հասկացել, որ կախվածությունը միշտ էլ կործանարար է ցանկացած արվեստագետի, ստեղծագորող անհատի համար: Որքան շուտ ազատվես կախվածությունից, այնքան շուտ կգտնես ինքդ քեզ: Այս խոսքերն իրոք շատ խորիմաստ են:


Այս աֆորիզմին կարելի է շարունակություն տալ Գրեյս Հոպպերի խոսքերով  “Գնացեք և արարեք, դուք միշտ էլ ժամանակ կունենաք արդարանալու հետագայում”:

-Բրավո, Գրեյս, բա ոնց… ժամանակ չկա, դու պետք է անընդհատ արարես, ծնես, ստեղծես… Երբ ես ապրում եմ, ես իմ զգայարաններով զգում եմ և իմ բոլոր գործողությունները, և իմ արարքները… Այն ինչը ես անում եմ, ես գիտակցաբար զգում եմ, որ դրանով ես ապրում եմ, ես մարդ եմ ու էդպես եմ ստեղծվել ու սրանից այն կողմ չէր կարող այլ կերպ լինել: Այսինքն, դեռ ի վերուստ էր որոշված, որ էսպես պետք է լինի: Ես չեմ ուզում վերլուծել ոչինչ, ուղղակի մարդու մեջ տեսակներ կան, զգայարաններ, որոնք կան ու դու չես կարող դրանցից ազատվել… հիմա դու զգացմունքային մարդ ես ու երբեք չես կարող լինել սառնասիրտ և իրականությունը դիտարկել սառնասրտությամբ… դու զգացմունքային մարդ ես, հուզվում ես, չես կարող փոխվել, որքան էլ քեզ ասեն` մի զգա, մի տես, մոռացիր և այլն, միևնույնն է, դու չես կարող անել այդպես, քանի որ այն ինչ զգում ես, քո տեսակի մեջ է…


Բոուվիի այս աֆորիզմն իմ սիրելիներից է: “Մելամաղձոտը նայում է գեղեցիկ դեմքին, բայց տեսնում է մերկ ատամնաշարով գանգ”:  Հետաքրքիր է քո տեսակետը:

-Ամեն մարդ դիմացինին տեսնում է այնպիսին, ինչպիսին որ ինքն է: Արվեստն ընկալում է այնպես, ինչպես որ ինքը կա: Ամեն մարդ ամեն ինչի մեջ փնտում է իրեն: Համեմատեմ իմ արվեստի հետ. ես նկարում եմ այն ամենն, ինչ կա իմ մոլորակում` իմ ծաղիկները, իմ ծառերը, իմ շրջապատի մարդկանց, ու մարդիկ, ովքեր տեսնում և գնահատում են իմ արվեստը, նրանք իմ կտավներում գտնում են իրենց, տեսնում են իրենց, այսպիսով տեսնում են նաև ինձ:Եվ պատահական չէ, որ մարդիկ կան, ովքեր տեսնում են իմ նկարներն ու ասում` աստված իմ, սա ինչ է, վախեցանք… մարդիկ էլ կան ասում են` այս ինչքան կյանք, ինչ գեղեցիկ սեր, ինչ ուրախություն կա այս կտավներում… Մարդիկ կան, ում հարազատ են իմ կտավների հեքիաթները, մարդիկ էլ կան, ում համար չափազանց խորթ է: Սա շատ բնական է:


Լեսինգն ասել է.  “Հավասարությունը սիրո ամենաամուր հիմքն է”:

-Ոչ միայն սիրո, ես կասեմ ավելին, եթե ուզում ես կյանքում ամեն ինչ բալանսի գա, պետք է հիմքում հավասարություն տեսնես: Նույնիսկ կարծիք հայտնելու դեպքում, իմ և քո տեսակետները պետք է ինչ- որ մի տեղ գան հավասարության, ու եթե դա լինում է, նշանակում է, որ մենք համախոհներ ենք: Նույնն է ընտանիքում` կնոջ և տղամարդու հարաբերություններում: Այստեղ հավասար չի նշանակում, որ նույն գիտելիքները կամ կարծիքներն ունենան, այլ հավասար նրանով, որ մի հարթության վրա լինեն, մի մոլորակում լինեն… և մտածողությամբ և գործողություններով լինեն այնպեսին, որ այդ հավասարության բալանսը գա իր տեղը: Հավասարություն ասելով ես հասկանում եմ միմյանց լրացնելը, եթե ինչ որ մի տեղ տղամարդը ծանրացնում է, կինը պետք է թեթևացնի… ինչպիսին կշեռքի նժարներն են:


Բենջամին Ֆրանկլինն ունի այսպիսի մի խորիմաստ միտք.  “Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է”:

-Ես չգիտեմ էդտեղ ինչ է գրած… ես կասեմ իմը. ես ունեմ եղբայրներ, ովքեր ինձ համար և եղբայր են, և ընկեր, և հովանավորող , և ծնող, և աջակից…  Նրանք արնակից եղբայրներ են, իսկ արյունը երբեք ջուր չի դառնում: Ես երջանիկ եմ, որ նման եղբայրներ ունեմ: (Ավետիս Խաչատրյանը երկու եղբայր ունի` Աբգարը և Արմանը: -Ն.Ա.): Ճիշտ է, շատ ընկերներ ունեմ, իսկական ընկերն իրոք թանկ բան է: Ես զգացել եմ ընկերոջ հոգատարությունը, հարգանքն ու սերը, բայց միշտ էլ ասել եմ ու կասեմ, որ իմ եղբայրներն են իմ ամենահավատարիմ ընկերն էլ, եղբայրն էլ: Իմ հաջողությունների, իմ բոլոր ձեռքբերումների հիմքում իմ եղբայրներն են: Այսինքն, բացառիկ ձևով ես հակառակն եմ ասում: Իսկ ընդանրապես, նույն ընկերը կարող է նաև եղբայր լինել, և հակառակը, այս դեպքում կարևորը հոգատարությունն է, ուշադրությունը: Ես երջանիկ եմ, որ աշխարհում ունեմ նրանց, ում կարող եմ վստահել ամեն ինչ… այո, նրանք իմ եղբայրներն են:


Խելոք կինը նա է, որի ընկերակցությամբ կարող ես պահել քեզ ուզածդ հիմարի ձևով”:- ասել է Վալերին

-Հանճարեղ է ասել Վալերին… (Ծիծաղում է:- Ն.Ա.): Իհարկե, իհարկե էդպես է, քանի որ տղամարդն իր էությամբ կարող է պատմել…  բայց ես չեմ կարող խոսել ուրիշ տղամարդու կողմից, ամեն տղամարդ իր էությամբ հենց ինքն է… Ես մտածում եմ, թե ինչպես ես կարող էի դառնալ կնոջ խաղալիքը, կնոջը ենթարկվող, ուրեմն շատ պարզ, շատ հեշտ, որովհետև ես իմ էությամբ այնքան միամիտ եմ ու այնքան պարզ իմ խոսքերում, որ կինը եթե մի քիչ խելացի լինի, կարող է շատ գեղեցիկ ձևով հարմարեցնել իրեն: Մի փոքր կարողանաս հասկանալ, թե ինչ է ուզում քեզանից քո տղամարդը, և փորձել անել դա: Ամեն տղամարդ չէ, տղամարդ կա թքած ունի, թե ինչ է մտածում կինը: Ուղղակի պետք է մի քիչ հասկանալ ու վերջ… շատ հեշտորեն կինը կարող է իր տղամարդուն հարմարեցնել իրեն: Դրա համար էլ հիմար են կանայք, որ չեն կարողանում, չեն հասկանում ինչ է տղամարդուն պետք…  Կին- տղամարդ հարաբերություններում ես հիմնականում կնոջն եմ մեղադրում, որովհետև ցանկացած պարագայում ամեն մարդ իր տեղը պետք է ունենա ու իր սահմանները:


Ահա թե ինչ է ասում Սենեկան. “Մարդը քանի դեռ ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը”:

Ասում են հույսը վերջինն է մեռնում, բայց ես համամիտ չեմ այս խոսքերի հետ: Հույսը պետք է ընդհանրապես չմեռնի, վերջը գուցե մեռնի, բայց հույսը պետք է միշտ ապրի:


Ավետիս ջան, ամփոփենք այս զրույցը Վահրամ Փափազյանի հետևյալ մտքով, որ կրկին արվեստին է առնչվում. “Արվեստը մեծ է, ինչպես աշխարհը և պարզ` ինչպես ճշմարտութունը, այդպես էլ պետք է լինի ստեղծագործող արտիստի հոգի”:


Արվեստի բոլոր գործերն էլ ծնվում են մաքրությունից, պարզությունից, ճշմարտությունից: Որքան պարզ ու մաքուր է արվեստը, այնքան անկեղծ է, որքան անկեղծ է արվեստը, այնքան միամիտ է, որքան միամիտ է, այնքան պարզ է… այսինքն մաքուր է արվեստն ու այստեղ չի կարող լինել խաբեություն, կեղծիք, կոմերցիա… արվեստը ունի զգայարաններ, ու նա երեխայի նման մաքուր ու անեղծ է: Երբ երեխան թղթին է հանձնում իր մտքերը, դրա մեջ ավելի շատ պարզություն կարելի է գտնել, քան գիտակից մարդու արվեստի մեջ, քանի որ երեխան անկեղծ է ինքն իր հետ, իսկ գիտակից մարդը կարող է ունենալ նաև այլ մտքեր:

Ավետիսի հետ զրույցը շարունակվեց մինչև ուշ գիշեր, բայց դա լրիվ այլ թեմա է:

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև