«Չարենցի կրակոցը» վեպի առանձնահատկությունները

Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագեղարվեստական գրքի առանձնահատկությունների մասին հարցրեցինք - հետաքրքրվեցինք հենց հեղինակից, քանի որ գիրքը նոր միայն նվեր ստացանք և մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

- Առաջինն` այն փաստագրական վեպ է, մի ժանր, որը մեր գրականության մեջ գոնե վերջին շրջանում կարծես մեռած վիճակում է: Գրողներից շատերը խուսափում են վեպի այդ ժանրից: Ապավինում են միայն իրենց երևակայությանն ու դրա արդյունքում ծնված գրական հերոսներին, հորինովի իրավիճակներին: Իսկ փաստագրական վեպը գրավիչ չէ, որովհետև միշտ չէ, որ այնտեղ դեպքերը դինամիկ են զարգանում, հանգուցալուծումները` հետաքրքիր են, կոնֆլիկտները` գրավիչ են: Դրա համար էլ` մարդիկ խուսափում են
Ես` հավաքելով Եղիշե Չարենցի մասին փաստագրական շատ նյութեր, հասկացա, որ դրանք ներկայացնելու լավագույն ձևը փաստագրական վեպն է: Ոչ թե չոր գրականագիտական փաստերով ու վերլուծությամբ, այլ` գեղարվեստական, որպեսզի այն հասկանալի ու մատչելի լինի ընթերցողների համար, անկախ նրանից նա չարենցասեր է, գրականությամբ հետաքրքրված է, թե` ոչ: Պայմանականորեն գիրքը Չարենցի մասին է, նրա կյանքն է, սակայն, ըստ էության, մարդկային սիրո, ողբերգության, ապաշխարհանքի, մտածումների, տաղանդավոր, հանճարեղ մարդու կյանքի մասին է, որը կարծում եմ, շատերին կհետաքրքրի: Ժամանակահատվածը 1926 - 27 թթ.-ն է: Ես մտածում էի, թե Չարենցի կյանքի ո՞ր ժամանակահատվածն է, որ ավելի բնորոշ կարող է լինել նրա նկարագրի, կյանքի համար: Հայտնի պատմությունը Մարիաննա Այվազյանի հետ կապված` նրան սիրահետելու, նրան կրակելու, բանտարկվելու ու ազատվելու մասին, թերևս, դա է: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ իմաստ չունի այն մեկ անգամ ևս վերապատմելու, բայց երբ ես հասկացա, որ հսկայական նյութ դուրս է մնացել ամբողջից և ավելորդություն չէ այն պատմել երկրորդ անգամ և ... բոլորովին ուրիշ պատմություն, որը շատ ավելի ճշմարտանման է, քան այն, ինչը մինչ այժմ գիտեինք: Այդքանը բավարար էր գործը նախաձեռնելու համար:
Գրքում չկա մի հերոս, որը հորինված լինի, չկա մի դեպք, որը հորինովի լինի, չկա մի իրադարձություն, որը երևակայության արդյունք է: Նույնիսկ` աշխարհագրական դիրքը, փողոցը, տունը, բոլոր նկարագրություններն ուսումնասիրվել են և համապատասխանում են իրականությանը: Դրա համար հիմք են ծառայել քարտեզներն ու լուսանկարները, ժամանակակիցներն ու փաստաթղթերը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվել են, որ ամեն ինչ հավաստի լինի: Ստեղծվել է այնպիսի պատկեր, որ գիրքը կարդալիս հայտնվում ես 20-ականների Երևանում, Թիֆլիսում, Մայկոպում և այնտեղ, ուր Չարենցը եղել է:
Կա նաև հայտնի փաստերը նոր հայացքով դիտարկելու, վերագնահատելու խնդիր: Գրքում կան գլուխներ, էջեր, պատմություններ, որոնք Չարենցի կյանքի բացահայտման առումով լրիվ նորություններ են, որոնք մինչև հիմա անհայտ են գրասեր հասարակությանը: Օրինակ, Մայկոպում անցկացրած տարիները. Բանտից ազատվելուց հետո Չարենցը մեկնել է այնտեղ` ծնողների ու ընտանիքի մոտ: Կարևոր բացահայտում է նաև, որ 1926 թ. Լենինականի երկրաշարժից հետո, Չարենցը թեև բանտված, բայց այցելել է աղետի գոտի և այնտեղ հանդիպել Շուշանիկ Կուրղինյանին, անգամ` Պոլոզ Մուկուչին: Կա բանտում Իսահակյանի հետ նրա հանդիպման ու զրույցի մանրամասները: Այսպիսի բացահայտումներ, էլ չեմ խոսում հրապարակումների մասին: Կարծում եմ` նաև այսօրվա և ապագա չարենցագետների համար հարուստ նյութ կա այս գրքում:

-
Այդ փաստերն ինչպե՞ս է, որ ժամանակին չեն հրապարարակվել: Կրկին որոշ մարդկանց կրավորական պահվածքի՞, թե`անփութության արդյունք են:

-
Հավասարապես` ևմեկը, ևմյուսը: Կան փաստեր, որոնք հասու են եղել շատերին, սակայն չեն հրապարակվել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Խուսափել են սկանդալային իրավիճակներից, աղմկահարույց թեմանարից: Ես այդպիսի  «ծանր» և «նրբանկատ» թեմաներից չեմ խուսափում: Ի վերջո, կա ճշմարտություն և այն պետք է հասցնել մարդկանց, անկախ նրանից` դա դուր կգա որոշներին, թե` ոչ: Եթե մարդկանց մի խումբ կա, որն ուզում է ապրել ինքնախաբկանքի մեջ, սիրում է հորինովի իրականությունում լինել, թող շարունակի այդպես: Մինչդեռ` կան ստվար մարդիկ, ովքեր կարոտ են ճշմարտության և ուզում են, որ իրենց սիրելի գրողի կերպարն ամբողջական լինի... Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ գիրքը չընկալվի զուտ որպես Չարենցի կենսագրություն: Այդպես շատ միակողմանի կլինի: Չարենցասերներին հետաքրքրում է հանճարեղ գրողի ամբողջական կերպարն իր մեղանչումներով, հաջողություններով, ապաշխարանքով ու մարդկային ամբողջական կերպարով


Հեղինակ ` Նաիրա Հայրումյան


Գիրքը վաճառվում է ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանցում, ինչպես նաև մայրաքաղաքի գրեթե բոլոր գրախանութներում

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև