Բենզինի վերջին
կաթիլը թափ տվեց գլխիս ու դատարկ տարան շպրտեց մի կողմ: Վախից ձայնս կտրվել էր. ուզում
էի մի բան ասել, բայց գիտեի՝ եթե մտադրվել է, ուրեմն կհայտարարի նաև ավարտը: Մի պահ շարժը դադարեց. գլուխս կախ էր, մտածում էի գուցե փոշմանե՞ց… Անխոս
հայացք գցեցի վեր` ձեռքերը շոշափում էին տաբատի գրպանները. կրակայրիչն էր փնտրում,
ուրեմն հաստատ որոշել էր կրակին հանձնել մարմինս: Հայացքս անվարժ իջեցրի ներքև. նկատեց,
կրակայրիչն էլ չկար ՝ էլ ավելի նյարդայնացավ` շան քած, պահել ե՞ս հա… ասաց
ու քաշեց մազերիցս: Մազարմատներս տնքացին.
կորցրեցի տիրապետումս՝ ես ոչ մի բան էլ չեմ պահել, ի՞նչ ես ուզում
ինձանից… այ լիրբ, էդ ի՞նչ տոնով ես խոսում հետս… չհասցրեցի իջեցնել գլուխս` անկշիռ
մի ապտակ իջավ դեմքիս… մարմինս ցնցվեց ու սահեց ավազների վրա: Կծկվեցի ոզնու պես, անփուշ
էի , սակայն, ու չէի ծակում նրա ոտքերը: Գիտեի,
յուրաքանչյուր բառիս մի ուժգին հարվածով էր
պատասխանելու… ուզում էի ձայն չհանել, բայց չլռեցի, իսկ նա մարմնիս տնքոցները համեմեց իր անպետք բառերով, հայհոյանքներով, հարվածներով:
Ավազահատիկները ներծծում էին մարմնիս բենզինը…
խնդրում էի, որ չսպանի, իսկ նա շարունակում էր: Բերանիցս դուրս
եկող բառերս էին նրան կատաղեցնողը, ու բերանս չէր փակվում, չէի ուզում մոխրանալ, կյանքը
դեռ գեղեցիկ էր ու փորձում էի կառչել նրանից… իսկ նա, որ մարդագազանի էր վերածվել,
ինձ իր որսն էր համարում և տանում էր այրելու, ինչպես հին դարերում խարույկի վրա այրում
էին մարդկանց և ուտում` տարբերությամբ միայն, որ հնում մարդիկ կայծ էին ձեռք բերում
ու պատրաստի խարույկներ ունեին, իսկ հիմա կրակայրիչն էր գլխավորը, որը չկար, ու խարույկ
անելն անիմաստ էր, քանի որ նա որոշել էր հոշոտել
ինձ նախքան այրելը…
***
-
Հակոբ, հետ գնա ու մաքրիր ոտքերդ,- գոռաց տատն, ու Հակոբն
առանց հակաճառելու բացեց դուռն ու դուրս եկավ սենյակից:
-
Ինչի՞ ես էրեխու վրա էդպես խոսում,- որդու` դուռը
փակելու հետ ասաց հարսը` Գոհարը` Հակոբի մայրը, որ այդ նույն պահին ներս մտավ մյուս
սենյակից ու մի գիրկ հագուստ գցելով թախտին` սկսեց անշուք ծալել:
-
Դու ձենդ կտրի, քեզ ո՞վ խոսք տվեց,- պատասխանեց Զիլոն ու
նույն հանգստությամբ շարունակեց գնդել խմորը:
-
Իմ տղեն է, բա որ ես չխոսեմ, ո՞վ խոսի,- սկեսուրի խոսքն ապտակեց
Գոհարը:
-
Ամոթ է, ամոթ, ձենդ կտրի, էն որ խռռացնելով քնում էիր, էն
ով էր գալիս ծածկում էն մի թիզ էրեխին, հը՞ն… ձենդ կտրի ու սո՛ւս կաց…
-
Սուս չեմ մնալու, հերիք է սուս մնացի, իմ կյանքը կերար, քիչ
է, հիմա էլ տղայիս միսն ես ուտում… Ձայնի տոնը բարձրացավ: Տունը սառն էր, իսկ կյանքը
վաղուց էր մեռել Գոհարի ներսում: Ավելի համարձակ էր խոսում, քանի որ ինքն արդեն իրեն
չէր պաշտպանում, այլ մեկին, ում ծնել էր, ու
չէր կարող տեսնել, թե սկեսուրն ինչպես է նրա մեջ նույնպես սպանում ինքնասիրությունը,
ինչպես իր մեջ, երբ երիտասարդության վաղ տարիներին՝ տասնվեցը դեռ չլրացած, հարս եկավ
էդ անիծյալ տունը:
-
Ես Զիլոն չըլնեմ, որ քո էդ շան լեզուն կտրել չտամ,- ձեռքերը
խմորի գնդերի մեջ ու առանց հարսի վրա հայացք
գցելու կատաղած բղավեց Զիլոն: - Դու սրան տես, դու էդ քանի գլուխ ունես, որ ինձ էդպես
մեծ- մեծ պատասխաններ ես տալիս, այ բոզ մորդ գլուխը թաղեմ… որ քեզ աշխարհ բերեց…
-
Մորս բան չասես,- գոռաց Գոհարն,- էդ խեղճ կնիկն իր սաղ կյանքը
իսկի տնից դուրս չի եկել…
-
Ոնց որ դու չես դուրս գալիս, հա՞… բերանս բացել մի տուր,
այ անաբուռ, մարդուդ ականջը գցեմ էնօրվա արածներդ, ոտների տակ կգցի, շան տուր կտա…
-
Ի՞նչ արած, ի՞նչ արած…,- Գոհարը կորցրեց տիրապետումը,- ի՞նչ ես մոգոնել,
այ կնիկ, դե ասա, ասա, ես էլ իմանամ… գլխիս սարքում ես հա՞, էլի էն
էշ տղուդ ականջները լցնելու ես, հա՞… այ դու ինչ մեր ես որ… դու մեր չես, դու գազան ես… չէ,
չէ, ինչ եմ ասում, գազաններն անգամ իրենց էրեխեքի
լավն են ուզում… դու ուզում ես, որ սաղս մեռնենք, չէ, չէ, դու ուզում ես, որ տանջվենք…
էն օրից, որ էս տուն հարս եկա, մի լավ բան չես արել ինձ համար… մենակ տղուդ լարել ես
իմ դեմ… գոնե տղուդ խղճա, ես էլի հեչ, էդ մարդու վրա հալ չի մնացել… Գոհարը խոսում
էր, իսկ Զիլոն նրա կողմը չէր նայում: Լսելը դեռ մի կողմ, նայելը՝ արժանապատվության
կորուստ կդիտվեր, իսկ ինքն իրեն միշտ բարձր
էր դասում հարսից: Գոհարը դեռ խոսում էր, որ
դուռը ճռռոցով բացվեց: Ներս մտավ Արտաշը` Գոհարի ամուսինն ու Զիլոյի մեծ որդին: Զիլոն
խեղճ ու կրակ մի հայացք գցեց որդու աչքերին: Արտաշը սովոր էր տան վեճերին, բայց մտքում
հազար անգամ հայհոյեց, որ տուն մի կտոր հաց ուտելու եկավ: Մոր հայացքն էլի նույնն էր ասում` պատժիր կնոջդ,
նա վիրավորել է իմ արժանապատվությունը… Ու
նա վեճն ավելի արագ եզրափակելու միտումով սկսեց` նախքան մայրը որևէ խոսք կասեր.
-
Ձենդ ո՞ւր է հասնում, ախչի,- գոռաց նա Գոհարի վրա,- ամոթ ունեցիր գոնե, գնացող-
եկող ձեզ է լսում:
-
Է, լսում են, թող լսեն,- ամուսնու աչքերին նայելով շպրտեց
Գոհարը,- դու ամաչիր, որ մորդ վախից էս 17 տարի մի օր իմ անունը չտվեցիր…
Զիլոն հրճվանքով նայեց տղային: Գիտեր՝ Գոհարի անզսպվածությունն
ամենից շատն էր կատաղեցնում Արտաշին: Վեճը
պատրաստ էր, հարսը կծամեր ու կուլ կտար այն
ամենն, ինչ ինքը նախապատրաստել էր: Չսխալվեց,
կնոջ խոսքերը տաք ասեղների պես մտան Արտաշի մաշկի տակ ու ծակծկեցին ներսը. դա տևեց
վայրկյաններ, Գոհարը նույնիսկ չհասցրեց քայլ
անել սենյակից դուրս նետվելու համար` Արտաշը հասավ ու ձեռքը գցեց դոշերից: Հսկա ձեռքերին ազատություն տվեց ու կողպեց ականջները`
չլսեց և ոչ մի աղերսանք: Զիլոյի աչքերը փայլատակում էին, կարծես ոսկու հանք էր գտել…
Նա նման էր բանտարկյալին, ով տարիներով ապրում է խավարի մեջ ու երբ դուրս է գալիս`
լույսն ընկնում է աչքերի մեջ ու ընդլայնվում, հոսում ներս, դեպի ուղեղը, արյան մեջ
ու նա զգում է ազատության բերկրանքը… Բայց մի ահռելի տարբերություն կար այս երկուսի`
լուսավորված հայացքների մեջ, բանտարկյալը կրել է իր պատիժը, ու թեթևություն է զգում`
մեղքը վրայից ցած գցելով, այնինչ Զիլոն անկուշտի պես հավաքում է մեղքերն ու թվում է,
թե երբեք չի կրելու իր պատիժը:
Զիլոն մի
պահ ուզեց հաճույքը հասցնել գագաթնակետին.
-
Կնգանդ երեկ տեսել են էն Մուշեղի տղա Համոյի հետ, Սերոբենց
բաղերում…
Հորինեց,
քանի որ հիշեց, որ հարսն անցյալ օրը հարևան Մանուշի հետ բաղեր քոլ քաղելու էր գնացել:
Գիտեր, որդին մի բառ անգամ չէր հարցնելու Գոհարից, հասնելու էր, որ խեղդի… Էդպես էլ
եղավ:
Հարևաններն Արտաշի ձեռքից արդեն հարյուր Գոհար
էին խլել, հարյուր Գոհար էր փրկվել, ու ոչ մի Գոհար չկար կենդանի, բոլորն էլ մեռած
էին կամ էլ ուրվականի պես քայլում էին տանը… բայց ինչ որ բան դրդել էր Գոհարներից մեկին`
Գոհարին, համարձակվել ու խոսել:
Հակոբը տան հետնամասում` պատի տակ կուչ եկած, լսում
էր մոր աղաղակներն ու հոր հայհոյանքները… Լսում էր աստիճաններով ել ու մուտ անողների
ոտնաձայնները, փոքր եղբոր ճիչերը, ում մասին բոլորն էլ մոռացել էին: Ուզում էր բարձրանալ
տուն ու մի բառով վերջակետ դնել այդ անհեթեթությանը, բայց համարձակությունը չէր հերիքում…
եթե ասեր, որ ինքն էլ էր բաղերում, որ մայրը ոչ մի Համոյի հետ էլ չի եղել, որ տատը
ստում է, իսկ հետո ինչ հորիներ, ինչ պատճառով էր ինքը բաղեր գնացել… իսկ ինքը բաղեր
էր գնացել հարևան Մերուժի թոռ Աննայի հետ: Անցյալ օրը հիշելով` Հակոբի դեմքին փոքրիկ
ժպիտ շողաց, խորը շունչ քաշեց ու տեղից վեր թռավ… Բացեց սենյակի դուռն ու կոկորդով
մեկ գոռաց.
-
Բաց թող մորս, երեկ ես բաղերում էի…
Անընդհատ
տիրող խշշոցը ընդհատվեց. Հակոբի ստվերը մեծացավ: Սենյակը շրջվեց Հակոբի կողմը.
-
Տատը սուտ է ասում… երեկ ես բաղերում էի:- ասաց ու հետ քայլեց
դեպի դուռը: Հայրը նայեց գետնին ընկած կնոջը: Որդու հայացքն ակամայից հետևեց հոր հայացքին:
Մայրն ընկած էր անուժ: Հարևանի հարսներից մի քանիսը նրա շուրջն էին: Մի քանի տղամարդ
բռնել էին Արտաշի ուսերը… Բոլորն ապշահար նայեցին Հակոբի կողմը: Տղային թվաց, թե հիմա
իրեն կհարցաքննեն, թե ինչու է բաղեր գնացել, ում հետ… այնինչ նա դեռ լավ չէր յուրացրել տեղական օրենքները,
իսկ օրենքն ասում էր՝ տան մեծը միշտ ճիշտ է… դա հնուց էր գալիս, գուցե հարյուր, գուցե
երեք հարյուր իսկ գուցե նաև հազար տարի առաջ: Եվ ոչ ոք չէր էլ փորձում կասկածի տակ
դնել այս օրենքը: Հակոբը դեռ փոքր էր ու չէր հասկանում, որ իր անկեղծ խոստովանությամբ
ավելի մեծ ցավ պատճառեց մորը, քան այն սուտը, որ ասել էր տատը…
Տան մեծն անարգված
էր թոռի բերանով: Ավելի մեծ վիրավորանք Արտաշի համար չկար ու չէր էլ լինի: Ներկաները
մի հայացք գցեցին Արտաշի վրա, հետո` Հակոբի, հետո Գոհարի: Զիլոն նայեց որդու աչքերի
մեջ ու խայթեց`մորդ պատվի հետ են խաղում… Հակոբը, հոր շարժումը նկատելով, դուրս նետվեց
սենյակից` կարծելով, թե հայրն ուզում է հարվածել իրեն, այնինչ Արտաշը միանգամից հարձակվեց
գետնին ընկած Գոհարի վրա ու առանց որևէ խղճմտանքի ոտքերով հարվածեց Գոհարի փորին, դեմքին,
գլխին…
Զիլոն հաղթանակած դուրս եկավ սենյակից` թևի տակ առնելով հացի
գնդերով սկուտեղը:
***
Դեռ տասներկու տարին չէր լրացել, երբ իրենց տուն եկան այդ
երկու անծանոթ տղամարդը: Թաղի երեխաներով բակում խաղում էին, երբ նրանք մոտեցան իրենց
ու հարցրին Ալվարդենց տունը: Խաղընկերներն իրեն նայեցին` Մանուշակ ձեր տունն են հարցնում:
Մանուշակը կտրվեց խաղից ու առանց ձայն հանելու գնաց տան կողմը: Տղամարդիկ հետևեցին
նրան: Մտավ տուն` հյուրերը հետևից: Մայրը փոքր եղբոր շորերն էր փոխում: «Մա, մեր տունն
են հարցնում»,- ասաց ու մի կողմ քաշվեց: Մայրը նայեց տղամարդկանց կողմը, դեմքն այլայլվեց,
ձայնը սղվեց, փորձեց մի բան ասել՝չկարողացավ, կուչ եկավ.
-
Մուշե՞ղ,- հազիվ արտաբերեց Ալվարդը:
Տղամարդկանցից
մեկն առաջ եկավ ու գրկեց նրան.
-
Գիտեմ, գիտեմ, քուր ջան, շատ եմ փոխվել:
-
Մամ, ո՞վ է այս մարդը,- չհամբերեց անկյունում կանգնած Մանուշակը:
Ուզում էր վազել ընկերների մոտ:
-
Մուշեղը` իմ եղբայրը, - պատասխանեց մայրն այնքան անվստահ, որ Մուշեղը միանգամից նկատեց
քրոջ այլայլվածությունն ու միջամտեց.
-
Քո քեռի Մուշեղն եմ, նա էլ իմ ընկեր Արտոն է, քեռի Արտոն…
,- ընկերոջը ներկայացրեց Մուշեղն ու ավելացրեց,- մի քանի օր ձեր տանն ենք մնալու…
Մանուշակն այդ օրն էլ խաղալու չգնաց: Մնաց տանը, օգնեց մորը:
Հայրն ուշ եկավ, հացն արդեն պատրաստ էր, սեղանը գցել էին: Տեսավ հյուրերին, զարմացավ,
բայց ցույց չտվեց.
-
Բարով եք եկել,- ասաց նա ու բաժակ բարձրացրեց հյուրերի պատվին:
Բոլորն ուրախ ասում- խոսում էին, բացի մեկից. և
այդ մեկը Մուշեղի քույր Ալվարդն էր: Ալվարդն այս կերուխումին հետևում էր անորոշ
կսկիծով: Ոչ ոք սակայն չէր նկատում նրա գունատությունը, բայց նա մտախոհ էր ու սեղանից
հեռանալու միտումով անընդհատ ինչ որ գործ էր բռնում:
Կեսգիշերից մի
քանի ժամ անց հյուրերը լրիվ հարբած, հասան իրենց անկողիններին ու քնեցին: Ալվարդը գողտրիկ նայեց ամուսնուն, ուզում էր մի բան
ասել, բայց խոսքը մնաց բերանում, ոնց որ մեկն ականջի տակ ասեր` թող մնա վաղը: Գիշերն
Ալվարդը աչք չփակեց, շուռումուռ եկավ. անցյալի տեսիլքները հանգիստ չէին տալիս… Լուսադեմին
հազիվ էր աչքը կպել, որ Մանուշակն արթնացրեց թե` վատ երազ եմ տեսել, գամ ծոցդ: Ալվարդը
կիսաբաց աչքերով գլխով արեց ու տեղ տվեց ամուսնու դստերը: Մանուշակը կուչ եկավ մոր
կողքին, փակեց աչքերն ու փորձեց մոռանալ գիշերային մղձավանջը` այն, ինչ ցույց էր տվել
խորթ մոր եղբոր ընկերը վարտիքն իջեցնելով:
Երկու օր Մանուշակը
պատճառաբանեց, թե գիշերները վատ երազներ է տեսնում, ու այդպիս գիշերեց ծնողների մոտ,
ու քանի որ նման դեպքեր շատ էին եղել, ոչ մայրը, ոչ էլ հայրը ոչինչ չկասկածեցին: Երրորդ գիշերը չեկավ…
Ալվարդն ամուսնու
համար հաց էր տարել դաշտ: Մանուշակը տանն էր ՝ փոքր եղբոր հետ: Կեսօրից մի քանի ժամ էր անցել: Բակի դուռը ճռռոցով
բացվեց: «Մաման եկավ»,- ձայն տվեց Մանուշակն ու առաջ վազեց: Դռան առաջ քար կտրեց. քեռիներն էին: Մի քանի քայլ
հետ գնաց, ընկավ բազմոցին:
Երկու ընկեր կանգնել էին դռան մոտ, ու սենյակ ընկնող լույսը
նոսրացել էր: Երկուսի աչքերի մեջ էլ նույն դատարկությունն էր: Սառած հայացքով նայում
էին Մանուշակին:
-
Մայրդ ո՞ւր է,- հարցրեց Մուշեղն ու նստեց Մանուշակի կողքը:
-
Հաց տարավ պապային,- Մանուշակը չնայեց Մուշեղին:
-
Բա ախպերդ ո՞ւր է,- շարունակեց նույն տոնով:
-
Քնած է,- Մանուշակն ինքն էլ չիմացավ, թե ինչու լարվեց: -
Գնամ ապերի մոտ,- ասաց ու տեղից վեր ցատկեց:
Մուշեղը բռնեց նրա թևից ու գցեց բազմոցին.
-
Թող, ես կգնամ: Ու չսպասելով որևէ խոսքի` դուրս եկավ սենյակից:
Լարվածությունն
ընդլայնվեց ու ներծծվեց Մանուշակի ու Արտոյի միջև: Արտոյի համար Մանուշակը հերթական
որսն էր: Քանի ժամ էր համբերատար սպասել այդ պահին: Նայում էր աղջնակի բաց ոտքերին
ու հազիվ էր իրեն զսպում, որ հենց այդտեղ` տան կենտրոնում չհարձակվեր նրա վրա: Մանուշակը
մտածում էր փախչելու մասին, բայց չգիտեր ոնց դուրս ծլկեր տնից. Արտոն եկավ, նստեց կողքը:
Մանուշակը մտածեց` կվազի դաշտ, ծնողների մոտ ու կպատմի ամեն ինչ: Միանգամից դուրս ցատկեց.
հազիվ էր հասել դարպասին, երբ ուսերին զգաց
տղամարդու ձեռքը, ուզեց գոռալ. Բերանը փակ էր: Արտոյի աչքերի կապույտն արյամբ էին լցվել,
ու նա ագահաբար լիզում էր Մանուշակի այտերը, աչքերը, ականջներն ու նրան գրկած արագ-
արագ քայլում մառանի կողմը: Մառանի դուռը փակվելուն
պես լսվեց բակի դռան ճռռոցը: Մայրն է, մտածեց Մանուշակը, հիմա կգա ու կազատի իրեն գազանի
ձեռքերից: Բայց Արտոն փորձառու էր իր գործում: Նա գնաց մինչև մառանի խորքը, որտեղից
իրենց ոչ ոք չէր կարող լսել ու մինչ Մանուշակը փորձում էր ազատվել Արտոյի ձեռքերից,
Արտոն նրա բերանի մեջ էր խցկում ձեռքի շարֆը… Աղջիկը չէր ենթարկվում, վայրենի գազանի
էր նման, ոտքերով հարվածում էր Արտոյի փորին, գլխին, դեմքին… Իսկ Արտոն այդ ընթացքում
կապկպում էր նրա ձեռքերն ու միաժամանակ լիզում մարմնի բաց բոսոր մասերը.
-
Ախ, փոքրիկ գազանիկս, ոնց եմ սիրում քո տեսակ վայրիներին,
էն որ չեն ենթարկվում, էն որ հազիվ ես հանգստացնում…
Հետո Արտոյի ձեռքերն ազատվեցին ու սահեցին Մանուշակի ոտքերի
արանքով… Աղջիկն ի վիճակի չէր ոտքերը շարժելու, գազանն անշարժացրել էր իրեն: Միակ բանը,
որ կարող էր աչքերը փակելն էր, բայց դա էլ Արտոյի սրտով չէր, նա ուզում էր, որ փոքրիկը
տեսնի իր, աժդահային, այն հսկային, որ նրան կին էր դարձնելու… Մանուշակի միակ հույսն
այդ պահին մայրն էր, ու նա չէր հասկանում, թե ինչու մայրը չի գալիս, ինչու չի փնտրում
իրեն: Մինչ աղջնակը մտքերով էր …Արտոն ծծում էր նրա մատղաշ կրծքերը: Հետո Մանուշակն
զգաց օտար մերկությունն իր մերկ մարմնին ու զզվեց, զզվեց աշխարհից, մարդկանցից ու իրենից:
Զզվեց ու փորձեց դուրս նետվել գազանի ճիրաններից, բայց իզուր, գազանը գազան էր, իսկ
ինքն ընդամենը փոքր մարդ` անուժ ու անպաշտպան: Հետո Արտոն հանեց շարֆը նրա բերանից,
ու մինչ նա փորձեց շունչ քաշել, մի ուժգին ցավ զգաց ներսում, ուզեց գոռալ, բայց տղամարդը
ձեռքի ափով փակեց բերանը… Ցավն ուժգնացավ, ինքը գոռում էր, բայց ձայնին արձագանքող
չկար: Թվում էր, թե մառանից դուրս ամենքը մոռացել էին իր գոյության մասին: Արտոն շարունակում
էր կշտացնել իր անհագ ցանկությունները, աղջկա մարմինը տնքում էր ցավից, ու նա երազում
էր մեռնել… բայց չէր մեռնում, փակում ու բացում էր աչքերը, էլի նույն գազանին էր տեսնում,
որ բռնաբարում էր իր միտքը, մարմինն ու հոգին… Եվ ինչու չէր մեռնում, ով էր իրեն կյանք
տվել` մայրը, իսկ ուր էր նա հիմա, ինչու չէր գալիս ու տանում իր հետ, տանում այդ հավիտենական
հանգստի մեջ ապրելու, ու ազատեր իրեն այդ տանջանքներից…
-
Էս ինչ քաղցր ես,- Արտոն հոշոտում էր, իսկ պաշտպանող չկար…
Մանկության տարիներին
շատ էր սիրում երգել: Բարձրանում էր ծառերից մեկի վրա, նստում իր նման բարակիրան ճյուղերին
ու սկսում էր երգել… Մայրը, որն իրեն ծնողը չէր, որի հետ ապրում էր արդեն չորս տարի,
միշտ նախատում էր թե` մարդկանց ինչ ես գլուխդ հավաքում, բա նամուսով աղջիկն էդպիսի
բաներ կանի… հերդ տուն գա, տես թե քեզ ինչ է անելու: Բայց Մանուշակը գիտեր, հայրն իրեն
այնքան շատ է սիրում, որ Ալվարդի ասած ոչ մի բառին էլ չէր հավատալու, ու շարունակում
էր իր բացօթյա համերգները, որ երբեմն ժամեր էին տևում: Երգում էր այն ամենն, ինչ լսում
էր հարևան Սիրուշ տատից կամ սովորեցնում էին դպրոցում: Անցնող- դարձող ականջ էին դնում,
գյուղացիք գիտեին` Մանուշակն է երգում, ասում էին, իսկ անծանոթների համար բացահայտում
էր նման երգեցիկ ձայնի առկայությունը: Նույնիսկ մտնում էին բակ, հարցուփորձ անում,
թե այդ ով է երգողը: Գովեստի խոսքերի մեջ շատ էին ասում` աղջիկը զիլ ձայն ունի, տեր
կանգնեն` բարձունքների կհասնի…
Տեր կանգնող չեղավ, բայց անունը մնաց Զիլո:
Զիլոն երգում էր նույնիսկ այն ժամանակ, երբ գյուղն արդեն
փսփսում էր մառանի անորոշ դեպքի մասին, հայրն Ալվարդին ստիպում էր պատմել ճշմարտությունը,
իսկ ինքը` Մանուշակը, չէր խոսում… Մտքերի հետ ճախրում էր հեռուներում ու երազում մոր
մոտ գնալու մասին: Մի օր էլ երազում եկավ Արտոն ու նրան մեկնեց ձեռքի պարանը: Հայրը
եկավ փրկության` ճաշն առանց տոմատի չէր ուտում, մայրը ձայն տվեց` Մանուշակ, գնա Մանիկից
մի բաժակ տոմատ ուզիր… Եղբայրն անհանգիստ լացում էր, իսկ Մանուշակը չէր բերում տոմատը,
չէր էլ ասում թե` չունեն: Ալվարդն ինքը չէր ծնել Մանուշակին, բայց մայրական բնազդն
արդեն արթուն էր նրա մեջ` վազեց այգի: Կոկորդով մեկ բղավեց. աչքերի առաջ Մանուշակը
ծառից կախված ոտքերն էր օդի մեջ թափահարում… Մի հայացք գցեց Ալվարդի վրա, բառ ասաց,
բայց չլսվեց… Ալվարդի ձայնից գյուղը հավաքվեց այգում: Մանուշակը փրկվեց, իսկ գյուղի
կասկածները հաստատվեցին` Մանուշակին բռնաբարել են, իսկ ով կամ ովքեր` չիմացան:
Զիլոն դեռ մանկական երազների մեջ` զգաց որովայնի մեջ շարժվող
սաղմի անհանգստությունը: Երեխան փորի մեջ`տարան գյուղի հեքիմի` պառավ Լուսիկի մոտ:
Լուսիկն ասաց` ուշ է, բայց Ալվարդը համոզեց` ուշ չի լինի, երեք ամիս էլ չի անցել, հայրը
որ իմանա` ինձ էլ կսպանի, աղջկան էլ: Մանուշակը բան չհասկացավ, հայրն ինչու պիտի իրեն
սպաներ, ինչ էր արել ինքը… ինչու էր մայրն իրեն բերել պառավի մոտ, ինչ էին ուզում անել
իր հետ, բայց խմեց բաժակի պարունակությունն ու կենդանի մնաց:
Տարիներ անց, երբ Զիլոն հղիացավ Արտաշով, ու երեխան սկսեց
անհանգիստ շարժումներ անել, հիշեց մանկությունը. ուրեմն խորթ մայրն ու պառավը սպանել
էին իր երեխային: Բայց բան չհարցրեց ու բան չիմացավ:
Մի օր Ալվարդն ինքը պատմեց, որ այդ օրը ինքը Մանուշակին էր
օգնության կանչում: Մուշեղը դանակը կոկորդին դեմ տալով, ասել էր, թե խոստովանի, որ
երեխան իրենն է: Ալվարդը հերքել էր: Մուշեղն Ալվարդի հարազատը չէր, խորթ էին հորից
ու մեծացել էին մանկատանը: Մուշեղը մանկատունը թողնելուց հետո վատ շրջապատ էր ընկել,
սկսկել էր թուղթ խաղալ, խմել էր, ծակվել, տուն էր եկել, կռվել քրոջ հետ, գումարը վերցրել
ու կորել օրերով: Մի օր էլ եկել էր տեսել տանն ուրիշ տղամարդ կա, կռիվ էր սարքել ու
հայտնվել էր ճաղերից այն կողմ: Ալվարդն այդ ընթացքում փորձել էր կարգավորել իր կյանքն,
ու հանդիպել էր Մանուշակի հորը:
Ալվարդը մեռավ ու այդպես էլ չասաց, թե տղան ումն էր` Մուշեղի՞նը, թե՞ Սերոբինը: Միգուցե ինքն էլ չգիտեր, ով իմանա: Մանուշակի համար միևնույնն
էր:
Գյուղը և սփոփում
է, և աղ է լցնում վերքին, և պատժում է, և պաշտպանում, և հարգում է, և անարգում… բայց
գյուղը չի ընդունում «անառակներին», նրանց, ովքեր բաց են գործում, ովքեր միամտորեն
չեն թաքցնում իրենց արարքները…
Գյուղացիների համար Մանուշակը հավետ մնաց բռնաբարված և երեխայասպան,
իսկ ծառի բարակիրան ճյուղերին նստած երգող աղջնակից միայն անունը մնաց` Զիլո:
***
Մորաքույրը երբեմն տալիս էր մոր անունը, բայց ինքը չէր հիշում
նրան: Երկու տարեկանը չլրացած` մայրը մահացել էր` իրեն թողնելով հոր ու տատի խնամքին,
բայց սովի ու աղքատության, պատերազմի ու հիվանդությունների մեջ տատն էլ չէր դիմացել.
մնացել էին ինքն ու հայրը: Տատի մահից մեկ տարի չանցած հայրն ընկել էր երդիկից ու ոտքը
կոտրել. մորաքույրն էր եկել իրենց խնամելու… Այդ ժամանակ էր, որ նա մորաքրոջն ասաց
մամա, ու նա պինդ գրկեց իրեն ու արտասվեց առանց որևէ խոսք ասելու…
Մի օր, երբ դեռ փոքր էր, բայց արդեն գիտեր, որ մայր չունի,
իսկ մայրություն անողն իր մորաքույրն է, տեսավ, թե ինչպես է հայրը հանում մորաքրոջ
հագուստն ու շոյում նրա կրծքերը: Միանգամից խանդեց, կապված էր մորաքրոջ հետ, ու կարծում
էր, թե նա միայն իրեն է գրկում ու համբուրում: Նա թաքնվեց պահարանի հետևում ու տեսավ,
թե ինչպես է հայրը սիրում մորաքրոջը ու այդ օրվանից ատեց և հորը, և մորաքրոջը:
Հետո որոշեց հետևել նրանց ու իր համար բացահայտեց, որ միայնակ
եղած ժամանակ նրանք միշտ զբաղվում են դրանով… Ամիսներ անց նա հասկացավ, որ դրանով զբաղվում
են ոչ միայն իր մորաքույրն ու հայրը, այլ նաև հարևան Սերգոն ու կինը, իրենց դպրոցի
մեծերից Կարենն ու Հեղինեն… Նա գաղտնի հետևում էր շատերին ու ինքն էլ էր ուզում փորձել…
Ու մի օր նա հարևանի աղջկներից ամենափոքրին տարավ իրենց տան նկուղը ու փորձեց նույնն
անել նրա հետ: Հարևանի աղջիկը սկզբում չենթարկվեց,
բայց հետո համաձայնվեց: Նա նույնությամբ կրկնեց այն, ինչ տեսել էր առաջին անգամ պահարանի
հետևից, բայց հարևանի աղջիկը ոչ մի ձայն չհանեց: Հետո հագավ շորերն ու նեղացած փախավ:
Իսկ մի օր հայրն իրեն բռնեց դռան տակից ծիկրակելիս ու այնքան
ծեծեց, որ ամբողջ մարմինը ցավից մի ամիս տնքաց: Երբ կազդուրվեց, որոշեց փորձել երկրորդ
անգամ, ու ընտրեց ավելի մեծի` իրենց դասարանի Սրբուհուն, ում հետ հաճախ էին գնում հորթերն
արածեցնելու:
Դաշտում մի հին մեքենա կար, մտան մեջը. ինքն առաջարկեց աղջկան`
արի հանենք շորերներս… աղջիկը միանգամից պատասխանեց` չէ, բայց ինքը համոզելու մեծ ջիղ
ուներ, որ ժառանգել էր հորից, հայրն էլ նույն կերպ կարողանում էր ցանկացած մեկին համոզել
կատարելու իր ցանկությունները… Ինքն առաջինը սկսեց հանվել, աղջիկը, որ դեռ չէր տեսել տղամարդու մերկ մարմին, չգիտեր, որ
այն իր մարմնից տարբեր է, որ իրենք տարբեր են կազմվածքով, բայց տեսնելով դիմացինի համարձակությունը,
փորձեց: Հետո տղան առաջին անգամ զգաց մի բան, որ դեռ անանուն էր, բայց հաճելի:
Այդօրվանից նա որոնեց, գտավ ու դա արեց շատ աղջիկների հետ:
Նրան դուր էին գալիս տարիքով ավելի փոքրերը, ովքեր չէին էլ հասկանում, թե ինքն ինչ
էր անում իրենց հետ, ուղղակի լուռ ենթարկվում էին: Դա զվարճանքի էր վերածվել, ու կշարունակվեր
ավելի երկար, եթե նրա հետ հաճույքների մեջ ընկած աղջիկներից մեկի մայրը պատահաբար չլսեր,
թե ինչպես է դուստրը պատմում ընկերուհուն իր հետ կատարվածը:
Աղջկա մայրը չլռեց, և ամբողջ գյուղը զարմացավ լսելով աղջկան
բռնաբարողի անունը` Արտո: Շատերը նույնիսկ չհավատացին. տղան իր վարքով երբեք կասկածի
տեղիք չէր տվել, բայց հարցաքննվող աղջիկ երեխաների հետ զրույցներն այլ բան էին ասում,
և ի վերջո դատարանը որոշեց 15 տարվա ազատազրկման
ենթարկել Արտոյին: Ամեն ինչ կատարվեց արագ, առանց քաշքշուկների: Արտոյի հայրն ու մորաքույրն
անտարբեր մնացին Արտոյի դատական գործընթացին ու շարունակեցին վայելել իրենց խաղաղ կյանքը:
Իսկ Արտոն, մինչև ազատության մեջ դուրս գալն ու
Զիլոյին հանդիպելը, բավարարվեց ճաղերից այն կողմ գտնվողների մարմիններով:
***
Երևի մտքով մի բան անցավ. վազեց մեքենայի կողմը: Թվաց` ուզում
է մեքենայով անցնել վրայովս… Մինչև նա կհասներ մեքենային, ես արդեն բավականաչափ հեռացել
էի, բայց նա նկատել էր` պոռնիկ, կանգնիր, թե չէ վերջդ կտամ. գիտեի, որ մոտը զենք է
պահում, բայց ուզում էի, որ վրիպի, գուցե չհասցնի… ծառերը մոտ էին, իսկ փրկվելու համար
չընկնելու ուժն էր կարևոր: Մի կում օդը մնաց բերանիս մեջ ու այդպես էլ ծնկաչոք ընկա
ավազներին. գնդակը մխրճվել էր աջ ոտքիս մեջ ու հարվածում էր գլխուղեղիս: Շրջվեցի, նա
մի ապտակով ամբողջ մարմինս նետեց գետնին. էլ ուժ չունեի ոչինչ ասելու, արդեն մահու
չափ հոգնել էի, կիսաբաց աչքերիս առաջ ավազահատիկները ծծում էին արյունս ու մի կայծ
էր պետք միայն այդ տանջանքից ազատվելու համար…
Նրան տեսնելու համար` մարմինս հազիվ հետ հրեցի. տեսադաշտում
չերևաց, բայց մի ակնթարթ հետո հայտնվեց գլխավերևիս…
կիսաբաց աչքերս հազիվ նշմարեցին մի դեմք` մարդկությանը դեռևս անհայտ գազանը աչքերը
չռեց վրաս: Կրակայրիչը տուր, ասացի… Ինչ ես անում, հարցրեց ու ծնկի եկավ: Ուզում եմ կրակն ազատի ինձ քեզանից, ասացի…
Նրա հայացքը սառեց հայացքիս մեջ. մտածեցի, երևի վերջին հրաժեշտն
է տալիս գազանավարի, կրակը հիմա ինձ կուլ կտա, իսկ նա գրկեց ինձ ու գազանի պես սկսեց
խոսել` ներիր ինձ, խնդրում եմ, ներիր… Հակոբ, արյուն չմնաց մեջս, ինձ հիվանդանոց հասցրու…
Ես ներեցի նրան.գիտեի, որ նրա մեջ երբեմն արթնանում էին անցյալի
հուշերը, որոնք միաժամանակ իրենն էին ու իրենը
չէին:
Հունվար, 2014
Комментариев нет:
Отправить комментарий