ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉ


Գրիգոր Հակոբյանի հուշերից

Չարենցի նկատմամբ ուշ պատանեկան և վաղ երիտասարդական տարիերին տածած իմ բուռն սերը հետագայում փոխվեց իսկական պաշտամունքի: Դա իր բարձրակետին հասավ 1935-ին, երբ բախտ ունեցա հաճախել Հայաստանի խորհրդային գրողների միության վարչությանը կից գրական ստուդիան, ուր բանաստեղծական արվեստ էր դասավանդում Չարենցը:
Ես լսել եմ պրոֆեսորներ Մ. Աբեղյանի, Ս. Հակոբյանի, Ա. Տերտերյանի և շատ ուրիշների դասախոսությունները: Բայց Չարենցի նման դասախոս միայն Չարենցն ինքն է եղել: Այդ իմաստով, կարելի է ասել, որ Չարենցն ինքն էր իր մրցակիցը: Չարենցը, որ կազմել ու հրատարակել էր շուրջ մեկուկես տասնյակ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, թե՛ սովորողների, և թե՛ ուսուցիչների համար հանդես էր գալիս որպես ավագ ու բանիմաց ընկեր, իր իմացածը հալում-լցնում էր դիմացինի գլուխը: Թեև մենք Չարենցի հետ խոսում էինք վերին աստիճանի զգուշությամբ, բայց մեր նկատմամբ նրա ունեցած անմիջականությունը երբեմն դուրս էր բերում զգուշության սահմաններից, և անզգույշ հարցեր էինք տալիս նրան: Մենք, որ գրեթե միշտ տեսնում էինք փոքրամարմին ու վտիտ Չարենցին, որ ոչ այնքան բարձր ամբիոնի ետևում հազիվ էր երևում, հանկարծ՝ «Որպես Էյֆելյան աշտարակը մեծ...»:
Այդ մասին մենք՝ նրա սաները, դրսում, դասամիջոցներին, հաճախ էինք միմյանց հետ խոսում: Եվ մի օր էլ մեր ընկերներից մեկը բերնից թռցրեց.
_
Ա՛յ ընկեր Չարենց, դուք այնպես եք գրել. «Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ», որ ձեզ չտեսած մարդուն կարող է թվալ, թե դուք, իրոք, Էյֆելյան աշտարակի, գուցեև մեր Արարատի ... բարձրությունն ունեք:
_
Բայց մի՞թե ես այդպիսին չեմ,_ հանգիստ ու անվրդով և իր ասածին միանգամայն համոզված ու հավատացած տոնով հարցրեց նա:_ Երևի դուք իմ ֆիզիկականն եք տեսնում, հա՞: Բայց բանաստեղծին պետք է ճանաչել նրա ստեղծագործությամբ և ոչ թե ֆիզիակական գոյությամբ: Ես իմ երգերով, որ իմ հոգեկանի արտահայտությունն են, ինձ զգում եմ, այո՛, որպես Էյֆելյան աշտարակը մեծ: Եվ եթե կուզեք իմանալ, այո՛, նաև Արարատի նման բարձրաբերձ ու վեհապանծ: Ինչու՞ չեք հիշում այն տողերը, ուր ասում եմ.
...
Ու բա՛րձր է, բա՛րձր է, կայանն իմ հոգու՝
Մասիսի նման բա՛րձր է ու հաստատ-
Հզո՛ր, ահարկու՛...
Հը՛, դե ասե՛ք, մի՞թե ես՝ որպես նոր կյանքի բանաստեղծ, այդպիսին չեմ:
...
Գրական համալսարանի սաներից մեկը.
_
Դուք, այդքան բարի հոգի ունենալով, ամենքին լավն ու բարին ցանկանալու պատրաստակամությամբ մի մարդ, ինչպե՞ս է, որ դուք ձեզ կոչել եք...Չարենց:
_
Այդ հարցի պատասխանը բոլորովին այլ է: Ես մտածեցի հարցիդ մեկ այլ՝ ավելի տրամաբանական պատասխան տալ: Աշխարհում բարի տեսքով ներկայացվող ձևի, հատկապես անվան տակ շատ չար բովանդակություններ են թաքցվում: Օրինակ՝ ասում են բարի թագավոր, բարի ու գթառատ իշխան: Բայց թագավորն ու իշխանը ո՞նց կարող են բարի լինել, երբ նրանց տիրապետությունը պահանջում է չար ու դաժան օրենքների ու բռնության կիրառում: Առանց այդ չար ու անհոգի բռնակալության ո՛չ թագավոր կլինի, ո՛չ իշխան: Իսկ ես հասարակության մեջ հանդես գալու առաջին իսկ օրերից որոշեցի հակառակն անել: Ինչպես դու ասացիր՝ ես՝ բարի սիրտ ու հոգի: Այսինքն՝ ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասսծ, չար անուն եմ տվել: Հաճախ ձևն ու բովանդակությունը հակադրության մեջ են մտնում միմյանց հետ: Հաճախ չարը հանդես է գալիս բարու դիմակով, թող մեկ անգամ էլ բարին հանդես գա չարի դիմակով և կոչվի...Չարենց:
Բոլորս հիացած էինք նրա այդ հանպատրաստից պատասխանով:


Չարենցի հետ» գրքից
)

«Հայացքը գրիմի ազդեցությանը չի տրվում…» Գարրի Կունցևը Փարաջանովի մասին

Այդ աչքերն ինձ միշտ զարմացնում էին ապշեցուցիչ անհամապատասխանությամբ. փարաջանովյան դիմակահանդեսի ամենազվարթ պահերին, երբ հոմերական քրքիջը բոլորին ստիպում էր բռնել փորերը, երբ նրա հերթական սրամտության տոնը հասնում էր գագաթնակետին, և շրջապատում  բոլորին արդեն թվում էր, թե իրենք իսկապես հանճարներ են, և կյանքն իրոք անսահման գեղեցիկ է, Սերգեյի հայացքը դառնում էր առանձնապես թախծոտ-իմաստուն, սևեռված ինչ-որ տեղ դեպի ներս: Այստեղ հռհռացողների համար այդքան անհասկանալի ապրում էր անպաշտպան-թրթռուն հոգին, որին մանկական միամտությամբ ուզում էր պաշտպանել փշալարերից ու ծակծկող լեզուներից շքահանդեսային դիմակների մի ամբողջ զինանոցով:
Ավելի ուշադիր նայեք բազմաթիվ ալբոմներում զետեղված նրա բոլոր լուսանկարները. շփման ժամանակ նա իր ուրախությամբ կարող էր խաբել ցանկացածին, իսկ ահա լուսանկարները անողոքաբար մատնում են նրա իսկական՝ ճշմարտությունը ճանաչած մարդու էությունը:

Հայացքը գրիմի ազդեցությանը չի տրվում…


Հատվածը Գարրի Կունցևի «Կար-չկար՝ մի Փարաջանով» գրքից

Գիրքը կարող եք ձեռք բերել այստեղ

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև