«Անկողինը խոստովանավայր է». ամուսնության մասին մեջբերումներ Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գրքից



Ամուսնանալուց հետո անմիջապես սովորում են, որ ամուսիններից մեկի հետ տեղի ունեցածը վերաբերում է իրենց երկուսին:

***
Որքան զույգեր կան, որ իրականում զույգ չեն, պարզապես նրանցից մեկը մյուսին պարտադրում է սիրել իրեն, որ պետք է միասին լինել, և ստիպում է մյուսին, որ վերջինս էլ նույն բանը ցանկանա:

***
Ամուսնությունը փոխում է ամեն ինչ, նույնիսկ ամենաաննշան մանրուքները, նույնիսկ այն ժամանակ, երբ չես մտածում, որ փոխում է: Այն, ինչ եղել է մեր միջև մինչ այս պահը, ոչ մի կապ չի ունենա նրա հետ, թե ինչ պիտի լինի հետո. դու դրանում կհամոզվես հենց վաղվանից սկսած: Հին օրերից կմնան միայն հին կատակներ, աղոտ հիշողություններ, որոնք միշտ չէ, որ ձեզ կհաջողվի վերարտադրել, և իհարկե, կապվածություն:

***
«Անկողնում ոչինչ գաղտնի չի մնում», կողք կողքի քնողների միջև չկան գաղտնիքներ, անկողինը խոստովանավայր է։ Հանուն սիրո, կամ հենց այղ է սիրո էությունը՝ պատմել, տեղեկացնել, հայտնել, «ոսկե սարեր» խոստանալ, այդպես մենք դավաճանում ենք մնացածին՝ ընկերներին, ծնողներին, եղբայրներին, արյունակից և ոչ արյունակից բարեկամներին, հին սերերին և համոզմունքներին, Նախկին սիրեցյալներին, սեփական անցյալին և մանկությանը, մեր իսկ լեզվին, որովհետև դադարում ենք խոսել մեր լեզվով, անտարակույս, դավաճանում ենք նաև մեր հայրենիքին, գաղտնիքին, որ սրբության պես պահում ենք, նույնիսկ անցյալի գաղտնիքին։ Սիրելի մարդուն հասկանալու համար պատրաստ ենք սևացնել, ժխտել և ոչնչացնել ամեն բան. միայն թե գոհացնենք Նրան, վերահաստատելու համար մեր Նվիրվածությունը այն մարդուն, որը կարող է հեռանալ մեզնից։ Երկու մարդու համար մեկ ընդհանուր դարձած բարձն այնպիսի իշխանություն ունի մեզ վրա, որ ստիպում է ուրիշինը քոնը դարձնել, միայն այն, ինչ գտնվում է այդ բարձի սահմաններում և ոչ նրանցից դուրս, այն, ինչ պատկանում է ամուսիններին կամ սիրահարներին, որոնք ինչ֊որ, իմաստով մնում են մենակ, և հենց դա է պատճառը, որ ուզած թե չուզած, խոսում են՝ իրարից ոչինչ չթաքցնելով։ Բարձը կլորավուն է, փափուկ, առավել հաճախ՝ սպիտակ, և ուրեմն՝ ժամանակի հետ այդ սպիտակությունը և կլորությունը ամբողջ աշխարհը տանում են իրենց ետևից։

***
Մենք կարծում ենք, թե օր օրի ավելի լավ ենք ճանաչում մեր կողքին գտնվող մարդկանց, սակայն մի օր պարզվում է, որ այն, ինչ գիտենք նրանց մասին, ոչինչ է այն ամենի համամատ, ինչ չգիտենք: Ժամանակի հետ ստվերները շատանում են, բայց, այնուամենայնիվ, մեծ մասը մնում է չլուսավորված:


***
Հայտնի է, որ մայրերն ավելի շատ են արտասվում և ցավի պես ինչ-որ բան զգում, երբ զավակներն ամուսնանում են, գուցե հայրս այդ պահին գոհ էր, բայց միաժամանակ ներսում կրում էր ցավը, որ կզգար մայրս:

***
Մարդիկ ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ տարբերակ չունեն կամ խուճապի մատնվում` մենակության հանդեպ վախից կամ որովհետև վախենում են կորցնել նրան, ում չեն ուզում կորցնել: Այդ ամենի մեջ պայմանական ինչ-որ բան կա թաքնված:     

***
Ավելի ճիշտ կլինի ասել, որ միասին լինել նշանակում է հնարավորություն ունենալ բարձրաձայն մտածելու, ճիշտ այդպես, մեկի փոխարեն երկու անգամ մտածել, այսինքն՝ մեկ անգամ մտածել, երկրորդ անգամ բարձրաձայնել մտածածդ. ամուսնությունը պատմելու ինստիտուտ է, գուցե այն պատճառով, որ ամուսնինները շատ ժամանակ են անցկացնում միասին (հատկապես ժամանակակից ամուսինները, որոնք չափազանց շատ ազատ ժամանակ ունեն, հատկապես՝ տղամարդը, որն իրեն մեղավոր է զգում, երբ լուռ է մնում), ի վերջո, մեկը մյուսին օգնում է՝ պատմելով, թե ինչ է մտածում կամ ինչ է կատարվում, տեղի ունենում իրենց հետ, սրանով զբաղեցնում են մեկը մյուսին, այդպիսով՝ մարդու մեջ չի մնում գոնե մեկ միտք կամ նրա հետ տեղի ունեցած որևէ բան, որ չփոխանցվի մյուսին, ավելի ճիշտ՝ չթարգմանվի ամուսնության լեզվով:

***
... կրծկալի ցցված ամրակալը չէր ցավեցնում նրան, միայն թե հագին գիշերանոց էր, որը նոր էր հագել՝ աչքիս առաջ, հենց մեր սենյակում գիշերանոցը վրան գցելիս մեջքով շրջվեց դեպի ինձ, գուցե դեռ սովոր չէր հագնվել ինչ-որ մեկի առջև, բայց կանցնեն տարիներ կամ գուցե ամիսներ, և նա այլևս չի նկատի իմ ներկայությունը, ավելի ճիշտ՝ երբ արդեն «ոչ ոք» կլինեմ նրա համար:

***
Կանայք չափազանց հետաքրքրասեր են, հենց դա է պատճառը, որ չեն գիտակցում, թե այդչափ հետաքրքրասիրությունն ինչի կարող է հանգեցնել, թե ինչեր կարող են բացահայտվել, կատարվել, չգիտեն, որ արարքները գործվում են իրենք իրենց, որ նույնիսկ մեկ բառն իսկ բավական է, որ դրանք տեղի ունենան:

***
Սկզբում նա ստիպեց ինձ սիրել իրեն, հետո՝ ամուսնանալ, իսկ ես չհակադրվեցի, նրա մայրը նույնպես ստիպեց ինձ. մայրերը ձգտում են ամուսնացնել իրենց դուստրերին (գոնե այդ ժամանակ): Մտածեցի. «Բոլորը ստիպում են բոլորին, հակառակ դեպքում աշխարհը կդոփեր նույն տեղում, բոլորը կթափառեին համընդհանուր և շարունակական անորոշության մեջ: Մարդիկ միայն ուզում են քնել, որովհետև հնարավոր հիասթափությունները պարզապես կաթվածահար են անում մեզ»:

***
«Վաղվանից այլևս մենակ չեմ քնելու», թերևս միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, ճամփորդելիս կլինեմ. «վաղվանից»-ը ենթադրում է այն, որ ոչ միայն վաղը, այլև երկար տարիներ, այլևս չեմ ցանկանալու գնալ Լուիսային տեսնելու, որովհետև աչքերս բացելուն պես նրան տեսնելու եմ կողքիս, հետևաբար ինքս ինձ չեմ հարցնելու, թե այդ ժամանակ ինչպիսին կլինի Լուիսայի դեմքը, ոչ էլ այն, թե ինչպիսի հագուստով կգա, որովհետև հավանաբար դեռ վաղ առավոտից արդեն տեսնելու եմ նրա դեմքը, թե ինչպես է հագնվում, գուցե ինքս էլ խորհուրդ տամ, թե ինչպես հագնվի, եթե պատմեմ նախասիրություններիս մասին: Վաղվանից այլևս չեն լինի այն մանր-մունր գաղտնիքները, որ համարյա մեկ տարի լցնում էին իմ առօրյան կամ ստիպում լավագույնս ապրել տրված օրերը, քանի դեռ աղոտ գիտակցումով սպասում էի այս օրվան: Շուտով Լուիսայի մասին կիմանամ ավելին, քան կուզեի իմանալ, այն, ինչ հետաքրքիր է ինձ և հետաքրքիր չէ, այլևս հարկ չի լինի ընտրություն կատարել, քանի որ հօդս կցնդի նույնիսկ ամենաչնչին, ամենաառօրեական հարցը՝ զանգել նրան, թե ոչ, հանդիպում նշանակել, թե ոչ, իրար փնտրող լայն բացած աչքերով հանդիպել կինոթատրոնի մոտ, թե աղմկոտ ռեստորանում, կամ արժե՞ արդյոք պատրաստվել և ճանապարհ ընկնել՝ իրար հանդիպելու, քանի որ ես այլևս չեմ նայելու արդյունքին, այլ գործընթացին, նույնիսկ եթե ավելի հետաքրքիր լինի:

Խավիեր Մարիաս «Այնքան սպիտակ սիրտը»

«Մենք ու նրանք»

   Գյուղում մաս – մաս էինք լողանում: Սկզբում մեր մայրերը լվանում էին մեր գլուխները: Հետո տրորում էին մեջքներս. մարմիններս արդեն թաց էր լինում, օճառում էին մինչև գոտկատեղ, ու ուսերից քիչ – քիչ լցնում էին ջուրը, լցնելու հետ զուգահեռ  ձեռքի հպումով մաքրում էին մարմիններիս օճառը… գոտկատեղից ներքև մենք էինք լվանում, բայց ինչքան էլ ասեին՝ քիչ օճառվեք, մեկ է, մենք սիրում էինք չփչփացնել ջրի մեջ, ու ամեն անգամ մեր մայրերը բարկանում ու մեզ հանում էին ջրից առանց մի լավ լողանալու:
    Ամառները Երևանից տուրիստներ էին գալիս մեր գյուղ: Նրանք մեզ հետ խոսում էին լողազգեստներից, սրճարաններից, կրկեսից… իսկ մենք շարունակում էինք մեր գյուղի միակ ձորում լողալ տնային հագուստով… Մտածում էինք, թե ինչ իմաստ կա գնալ սրճարան կոչվող տեղը սուրճ խմելու, եթե կա տունը… Նրանք ասում էին, որ միայն սուրճ չէ. սրճարանում պաղպաղակ էլ կարելի է ուտել, մենք թե՝ պաղպաղակ լինի փողոցում էլ կուտենք… Նրանք թե՝ բացի պաղպաղակից ուտելիք էլ կարող եք պատվիրել… Բա մեր մայրերի ու տատերի սարքած ճաշե՞րը… Նրանք պատմում էին կրկեսից, կենդանիներից… մենք ամբողջ օրը կենդանիների հետ կրկեսն ի՞նչ ենք անում… Ծաղրածուներով զարմացնել էին ուզում, մենք մեր գյուղի յուրատիպ մարդկանց ձևերն էինք անում… նրանք ծիծաղում էին, մենք էլ էինք ծիծաղում, նրանք մեզ չէին հասկանում, մենք՝ նրանց, բայց զօր ու գիշեր խաղում ու վազվզում էինք իրար հետ մինչև օգոստոսի վերջը…
  Թիֆլիսից էլ էին տուրիստներ գալիս: Նրանք ու Երևանից եկող տուրիստները բնավ էլ նման չէին: Թիֆլիսից եկող տուրիստները՝ տղաները՝ սև ակնոցներով, աղջիկները՝ ալ կարմիր մանիկյուռով… Նրանք գալիս էին խմբերով՝ աղջիկներ ու տղաներ: Գալիս էին, ու մենք էլ էինք բաժանվում խմբերի … Մեր աղջիկներն սկսում էին երազել ակնոցով տղաների, տղաները՝ մանիկյուռով աղջիկների մասին:


   Նրանք մեր աղջիկներին ժամադրության էին կանչում, մեր աղջիկները գնում էին, մեր տղաները նրանց աղջիկների հայացքին էլ չէին արժանանում: Մեր տղաները սև ակնոցներ էին փնտրում, աղջիկնրը՝ ալ – կարմիր մանիկյուռ… Մանիկյուռը ճարվում էր, բայց մեր եղբայրները, հայրերը չէին թողնում՝ փչացած եք, ինչ եք, ասում էին, շուտ մաքրեք… Մենք նայում էինք մեր մայրերին, մեր մայրերը` խե՜ղճ, ինչ անեին, գլուխները կախ նայում էին իրենց չորացած ու ճաքճքած ձեռքերին… մենք նայում էինք մեր տատերին. մեր տատերը մեզ հանդիմանում էին՝ ի՞նչ մի մանիկյուռի ժամանակ եք գտել, մենք որ չենք ներկել մեր մատները, մեզ ուզելու չե՞ն եկել… բայց մենք չունեինք մաքրելու ոչ մի միջոց ու ժամանակ էինք շահում…  Ակնոցով տղաների հեռանալու հետ սակայն մաքրվում էին նաև մեր մատներին մնացած մանիկյուռի վերջին շերտերը… աղջիկներս գոհ էինք լինում, տղաները՝ միշտ դժգոհ… սև ակնոց ճարելն էլ չէր օգնում. թիֆլիսցի աղջիկները չէին սիրում մեր տղաներին. ձեր գյուղի տղաները շատ են քրտնում, ասում էին: Արևի տակ ամռան շոգին ո՞նց չքրտնեն, ասում էինք: Դե լողանան գոնե… մենք էլ գետի կողմն էինք ցույց տալիս: էլի դժգոհ էին մնում, չէ՛, գետը գե՛տ է, նորմալ, օճառով լողանան: Մենք բացատրելու, նրանք լսելու հավես չէին ունենում, ու էդպես շաբաթներով ապրում էինք, մինչև նրանք էլ հետ էին գնում իրենց եկած ճանապարհով:
  Մեր գյուղ տուրիստներ էին գալիս նաև Ռուսաստանից: Նրանք նման ու նման չէին Երևանի ու Թիֆլիսի տուրիստներին: Նրանք՝ և աղջիկները, և տղաները կարճ շալվար էին հագնում: Մենք՝ աղջիկներս, ուզում էինք դուր գալ նրանց տղաներին. կտրտում էինք մեր ունեցած շալվարները, մեր հայրերն ու եղբայրները գոռգոռում էին՝ տեսեք հա, չփակենք ձեզ տան նկուղում, մենք չէինք հավատում, շարունակում էինք հաղթահարել ռուսաստանցի հյուրերին դուր գալու ճանապարհը… մեր եղբայրները տարվում էին նրանց աղջիկներով, ուզում, բայց ամաչում էին կարճ շալվար հագնել… Եթե նույնիսկ ակնարկում էին, որ հարմար է գյուղի գործերի համար, մեր հայրերը մի թարս հայացքով կանխում էին իրենց համար այդ անիմաստ թեման…
   Նրանք մեզ պատմում էին լողավազաններից, մենք ուսներս թոթվում ու նայում էինք մեր միակ գետի կողմը, ասում էին՝ չէ, դա հոսող է, լողավազանում ջուրը չի հոսում, բայց մենք հո գիտեինք որ մերն ավելի լավն է՝ հա, էլի չի հոսում, ասում ու տանում ցույց էինք տալիս Անդոյի տրակտորով գետի մեջտեղում փորված մեծ գյոլը՝ սա էլ ձեզ լողավազան: Նրանք՝ Ռուսաստանի մաքուր ու թափանցիկ ջրով լի լողավազաններում լողացող մեր հյուրերը, արևի ճառագայթներից պաշտպանող գլխարկների տակից մի կերպ նայելով փորձում էին ճշտել ջրի խորությունը, ինչքան պետք է կփորենք, ասում էինք մենք… նրանք լողում էին արևի տաքացրած ջրերում, պառկում էին արևի տաքացրած քարերին ու երանի էին տալիս մեզ, որ առանց որևէ գրոշ վճարելու օգտվում ենք այդ հաճույքից… հետո մեր ուշադրությունը գրավում էին կառուսելներով, կանաչ այգիներով, կինոթատրոններով… մենք կոշտ պարանից ճոճանակներ էինք ամրացնում ծառերից, նրանց տանում մեր գյուղի ստվերաշատ բաղերը… կինոներից շատ գաղափար չունեինք, բայց ցույց էինք տալիս տան անկյունում գետնից մինչև առաստաղ ձգվող մեր գրքերը. գրքերը ամեն մեկիս գլխի մեջ յուրահատուկ կինո է դառնում, համոզում էինք մենք, իսկ նրանք մեզ ընդհատում էին՝ կինո չեն գնում կինո նայելու… մենք հարցական նայում էինք նրանց: Նրանց աղջիկները մեր աղջիկներին, տղաները՝ մեր տղաներին բացում էին կինո գնալու իրական գաղտնիքը… ու մենք ծիծաղում էինք նրանց վրա, դրա համար էլ տո՞մս եք առնում, ասում էինք, մենք էլ թաքուն հանդիպել գիտենք մեր սիրած տղաների, սիրած աղջիկների հետ, ու տանում ցույց էինք տալիս խոտի դեզը, քանդված հին դպրոցը, հարևանի թոնրատունը…
   Ամառները մեր գյուղ տուիստներ էին գալիս Երևանից, Թիֆլիսից, Ռուսաստանից… Նրանք էլ մաս – մաս էին լողանում: Սկզբում լվանում էին գլուխները, հետո տրորում էին մեջքները. մարմիններն արդեն թաց էր լինում, օճառում էին մինչև գոտկատեղ ու ուսերից քիչ – քիչ լցնում էին ջուրը, լցնելու հետ զուգահեռ  ձեռքի հպումով մաքրում էին մարմինների օճառը… հետո լվանում էին գոտկատեղից ներքև… սիրում էին չփչփացնել ջրի մեջ, բայց մեկ- մեկ տաքուհով արած ջուրը չէր հերիքում՝ քիչ օճառվում ու շուտ դուրս էին գալիս բաղնիքից…
Մենք՝ մեր գյուղի ամենախենթ աղջիկներս ու տղաներս, բաղնիքի պատերի ծակերից նայում էինք նրանց կիսաօճառված, կիսալվացված մարմիններին, խեղճացած ու դժգոհ դեմքերին ու մի կուշտ ծիծաղում… Հետո էդ ծիծաղը տանում լցնում էր մեզ մեր անսահման սիրելի գետը, ուր լողում էինք ինչքան սիրտներս ուզեր, ու մեր մայրերը մեր կողքին չէին, որ նախատեին թե՝ ջուրը կրովի է, հերիք չփչփացնեք, հերիք օճառվեք…

Նարէ Աթոյան , 2015 թ., աշուն


ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև