Մենք Քո գազանն ենք`
մարմնավոր ցոլանքը երկրի վրա…
Ժամանակը մեր աչքերի մեջ առասպելներ
հյուսելով է անցնում,
և մենք նայում ենք անհավանական պատմությունների
միջով:
Մեզ սահմանվածը խեղճ ու կրակ չէ այնքան,
Որ օրը 24 ժամից պակաս հաշվենք
Կամ քնենք ու հանկարծ չարթնանանք
շաբաթը ուղիղ 7 օր,
իսկ 8-րդ օրվա երազախաբությունը անկողին
դարձնենք:
Ճշմարիտ, չշմարիտ ես շնորհել:
Ես ու Դու` մենք, պատերազմ ահավիժեցինք
(երկրում առաջին օրն էր),
սպանեցինք` հանուն խաղաղության:
Հետո շարունակեցինք այդ հաճելի զվարճանքը,
քանի որ գրգռում էր արյան հոտը` մեզ
դուր գալով,
և համի կարմիրն էր գայթակղում:
Հողի մայրությունը դիակներով ծածկվեց`
տղամարդու, կնոջ, երեխայի, ծերեր
էլ կային.
սպանեցինք Քո կամքով և իմ ցանկությամբ:
“Տերը հզոր պատերազմող է”:
Կարևոր չէ, թե օր որերորդում
շարունակեցինք գողանալ,
սուտ խոսեցինք,
դե, ինչ խոսք, շնացանք,
ու չսիրեցինք ոչ մերձավոր, ոչ էլ
անմերձ.
միասին էինք`ես ու Դու:
Օր 7-րդ. վերադարձ չկա դեպի դրախտ,
մենք նույնն ենք լինելու թվացյալ
8-րդ օրն էլ:
Իմ ձեռքերը Քո ձեռքերի նմանակն են,
Քո աչքերի լույսով են տեսնում իմ
աչքերը,
Քո քայլերը իմ ոտքերն են,
մեր սրտերը նույն զարկով են խփում,
հատկապես` իմ ուղեղը Քո բանականությունից
է:
Քո դուրսը ունենք և Քո ներսից ենք.
մենք Դու ենք երկրի վրա`
նույն գազանը, Տեր:
Բանսատեղծությունը Հուսիկ Արայի “Աստծո հետ Խոսելու Ժամանակը” գրքից
Լուսանկարը` Նառա Վարդանյանի
Комментариев нет:
Отправить комментарий