Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումներից…


ՖԲ- ում միշտ շատ արագ եմ նայում «Ծանուցումները» …Դրանցից մի քանիսը հաստատ բացում եմ… եթե Դավիթ Մուրադյանը որևէ գրառում է արել, այն կարդում եմ… ժամանակի ընթացքում հավաքել եմ Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառուներից… և ահա սիրով ներկայացնում եմ նաև իմ բլոգի այցելուներին…

***
Արվեստը ծիծաղում է ,,պրոգրես,, բառի վրա, բայց սիրում նորն ու անսպասելին, պայմանով, որ դրան գումարված լինի տաղանդը: Ձեթի ճրագից մինչև Ֆարադեյի լամպը`պրոգրես - առաջադիմություն է, անշուշտ, սակայն ո՞ւմ համեմատ է առաջադիմել մեր ժամանակների երաժշտությունը, - Բեթհո՞վենի: Կամ, եթե գրականություն է, Դոստոևսկո՞ւ:

Մեծությունները չեն վազանցում միմյանց: Ընդամենը քայլում են մեկ ուրիշ, գերադասելի է`դեռ չբացված ճանապարհով
:

Միայն թե`որքանո՞վ են առնչվում այս մտածումները մայիսի 19 - ի ցերեկվա հետ: Երևի այնքանով, որ փոխանցվել են նախորդ`թանգարանային գիշերվա զրույցներից:


***
Բնազդներն ավելի են պաշտպանում, քան բանականությունը: Այդ պատճառով էլ ասում ենք. - դեպի ակունքները, դեպի արմատներ: Բայց մի՞թե ժամանակներին ի հակառակ: ,,Արմատների կարգախոսը` ծաղիկ տալ,, - հակադարձելու պես լրացնում է Կարել Չապեկը, հենց բնազդների տրամաբանությունը շարունակելով:

Անցյալը հիվանդություն է դառնում, եթե մոռանում ես արմատների նպատակի մասին
:

Ի դեպ. բոլորովին ուրիշ մի սերունդ այսօր դպրոց ավարտեց:


***
Չգիտեմ, թե ովքեր են հիմա կարդում Յանուշ Կորչակ: Գուցե այդ գրողին մոռացել են: Համենայն դեպս, չեմ նկատել, որ նրա ,,Մաթիուշ Առաջին թագավորը,, - գոնե վերջին քսանհինգ տարում - վերահրատարակված լինի: Բայց այսօր հունիսի մեկն է, այդ պատճառով էլ հիշեցի, որ իր գրքերից մեկում նա ասում է. - երեխաների հետ խոսելիս երբեմն մի քիչ կռանալ է հարկավոր, բայց նրանց հավասարվելու համար անպայման անհրաժեշտ է ... բարձրանալ:

***
Հողը միշտ համբերատար է, իսկ մարդը, սովորաբար, անհամբեր: Որովհետև մարդը ժամանակավոր է, իսկ հողը` հավիտենական: Ինքն է, որ հավասարակշռում է մարդուն: Մարդն է, որ շենացնում է հողը: Նյութը և հոգին միավորվում են ու այդպես դառնում Հայրենիք:

Բայց հողից պահանջելու իրավունքը նրանն է, ով այդ հողը հերկում է նախապես
:

(,,
ՁԵՌՔՈՎ ԳՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ,, շարքից: Գիրքը տպագրության է պատրաստվում ,,Հայաստան,, հրատարակչությունում: Իսկ ինչո՞ւ հենց այս տողերը ու ինչու հենց այսօր: Խաղողօրհնեքը թելադրեց:)


***
Համլետն ավելի իրական է, քան Շեքսպիրը: Գեղարվեստական գործի հերոսին տեսնում ու պատկերացնում ենք, իսկ Շեքսպիրին`գրեթե ոչ: Քննել արվեստը իրականությա՞մբ: Մեծ մասամբ հենց այդպես էլ վարվում ենք, բայց ամենակարևոր տեղում`սայթաքում: Իսկ միջնադարյան մեր իմաստասերը մի բան գիտեր, երբ արվեստի մասին միտք անելիս` գրում էր - ,,Հրաշք ի վեր քան զբնություն,,: Որովհետև արվեստն ավելին է ասում կյանքի մասին, քան կարող է ասել ու ցուցադրել կյանքը:

***
Շատ չեն այն սերունդները, որոնք իրենց ապրած ոչ այնքան երկար կյանքի օրոք հայտնվել են ուրիշ ժամանակի մեջ: Մերն այդպես ստացվեց: Մինչև 40 - ը՝ բոլորովին այլ աշխարհի բնակիչներ: 40 - ից ՝ 50-ը՝ ,,միջգալակտիկական անցում,,: Իսկ հետո արդեն՝ այս նորը, քսանմեկով թվագրված դարի հետ, նույն լեռան դիմաց, սակայն:
Բացառիկ կենսափորձ է, ի վերջո: Որն էլ իր վեպն է ուզում
:
Հետևել շատ հայտնի գրողի օրինակին, երկու տարի դուրս չգալ տնից ու գրել ...


***
,,Հիշողությունը անհատի հենարանն է,, - ասում է իսպանացի գրողներից մեկը: Ուրեմն պատմությունն էլ`ազգերի: Իսկ պատմությունը տեսողություն է ավելացնում, անկախ այն հանգամանքից` դառնահա՞մ են մեր թերթած էջերը, թե՞ փառավոր:

Մայիսի 28 -ը այս մասին մտածելու օրն է, նավը լեռան վրա հանելու, այսինքն` անհնարինը իրականացնելու օրը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անհատ մարդու կամ մի ամբողջ ժողովրդի հաջողության բանալին հենց անհնարինը իրականացնելու կարողությունն է: Հատկապես`ճգնաժամային պահերին:


***
Պատմության գերի՞, թե՞ պատմության տեր. մայիսի 28 -ը այս ճակատագրական հարցի պատասխանն էր: Իհարկե, դրան հաջորդած ընթացքը այդ հաղթանակի ընդամենը կեսն էր, - դժբախտաբար, - սակայն այդ կեսն էլ բավական եղավ` քսաներորդ դարի հետագա հանգրվանները անցնելու ու նորից պետություն ստեղծելու համար:

Երևի սա նշանակում է, որ ազգերին, ինչպես նաև անհատ մարդուն, ապրեցնում են նպատակները: Ընդհանուր ապագա ստացվում է` ընդհանուր նպատակ հետապնդելով: Հատկապես, եթե ,,տառապանքդ փորձ ունի
,,:

Իսկ մեր տոնական օրը մի քանի ժամից կավարտվի: Անցյալի հսկայական փորձառությունը կմնա ներկայիս փորձությունների հանդիման:




Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև