Հուսիկ Արա «Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին»

Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին
Ոտքերիս տակ շիրիմներն են իմ նախնիների,
իսկ երկնքում թևածում են իմ սերնդի երազները:
Իմ տոհմածառի արմատները խորն են խրվել այս հողում,
իսկ ճյուղերը երկնքի արևն են շոշափել:
Ես ժամանակն եմ հողի ու արևի միջև.
իմ ոտքերը անցյալում են սահմանված,
իսկ աչքերս գալիքի լույսն են հսկում:

Իմ պարթևահասակ պապը իր հետ է վերցրել Վանի տան բանալին.
1915-ին դուռը կողպել և վերադարձի հայացքն Արարատին`
բռնագաղթի մոլորված ճանապարհն է բռնել:
Որպես մասունք ու թալիսման,
Սուրբ գրքի հետ, տապանակում է պահել բանալին,
իսկ մահից առաջ, պապս, իր դստերը` մորս է հանձնել
և մահացել բաց աչքերով` հայացքը Արարատի ճերմակ գագաթին:
Երբ մեռնում էր մայրս, իմ ափի մեջ դրեց Վանի մեր տան բանալին:
Ծիրանագույն դաշտն է իմ առջև.
հայացքիս մեջ կապտալույս լեռներ, եկեղեցիներ
ու բերդեր են, քաղաքներ` զինանշանով արքայական,
որ Պատմական հայրենիք է նշված քարտեզի վրա:
Իմ անցյալն է այստեղ,
որ երկրային շիտակ ու մոլոր ժամանակներով է չափվում,
պատմությունը, որ նախ քարին է փորվել,
հետո դարձել մելանագիր մագաղաթ,
նաև հոսել է արյուն թուղթ ու թանաքի արանքով:

Մտնում եմ Վանի դարպասներից ներս
ու վաղնջական քաղաքի փողոցներով քայլում.
այստեղ ժամանակները շեղջի նման շերտ առ շերտ են դարսվել
հիշողության մեջ ու հայացքի տակ` առեղծվածից մինչև շոշափելին:
Տունն եմ փնտրում բաց դռներով ու փակ տների մեջ
ու կանգնել եմ Վանի մեր տան դիմաց.
կողպած են դռները,
իսկ բանալին ափիս մեջ եմ սեղմել

Վանա ծովի անուրջներում ուրվապատկերն է Սուրբ Խաչի`
շրջված տեսքը ջրերի մեջ արտացոլված.
խաչակնքում եմ ու նայում գմբեթին` երկնքում լույսի հետ նույնացած:
«Հա՞յ ես»: Շրջվում եմ: Քուրդ Ասլոն է` շիկակարմիր ձի հեծած:
Հաց է կիսում ինձ հետ ու կաթ հյուրասիրում ընտանեկան սեղանի շուրջը:
«Սա քո նախնիների տունն է: Երբ գնացին, մենք ենք ապրում այդ օրից»:
Քայլում է Ասլոն խորքի սենյակը ու ձեռքին բերում է մի հին գիրք:
«Ձեր լեզվով ու ձեր Աստծու պատկերով է. այստեղ ենք գտել»:
Կաշեպատ կազմով Աստվածաշունչն է` իմ նախնիների գրչով գրված
և էջ առ էջ ծաղկած. «Ու թե մի օր դառնաք` ձեր տունն է ու ձեր գիրքը»:
Ասլոն ներս է քաշում դառնությունը ծխամորճի ու ձեռքը դնում հացին.
«Մերոնք օգնել են ձեզ, թաքցրել` վտանգելով կյանքը,
հետո գիշերով հանել են ճանապարհ, որ անվնաս փախչեք»:
քուրդը նայում է պատուհանից երևացող արևախանձ դաշտին
և ասում. «Թուրքերի մեջ էլ եղան, որ օգնեցին.
շատերն էին ուզում, բայց վախենում էին»:
Ես հիշեցի Նոր Մալաթիացի 82-ամյա Գրիգորին,
ով ամառնամուտի մի երեկո Երևանում ինձ պատմեց.
«Գիտե՞ս, հորս փրկել է թուրքը և մի քանի տարի պահել իր տանը:
Իսկ տարիներ առաջ մի զբոսաշրջիկ ինձ գտավ` տալով հորս անունը:
Այդ նույն թուրքի տղան էր: Հիմա նամակներ ենք գրում իրար»:
Ասլոն նայում է հացի սեղանին ընկած արևի շողին
և դարի չափ երկարած օրվա ժամը որոշում.
«Հարևանս թուրք է, քո տարիքին:
Գնամ` կանչեմ. դուք պետք է խոսեք»:

աշխարհամարտ տեղահանություն բնաջնջում մեծ եղեռն 1. 500 000 կորուսյալ հայրենիք մշակույթ քաղա­ակրթու­թյուն տնտեսություն 1915-1923 ավերում ամայացում 100-ամյա օտարում ավետյաց երկիր բիայնիլի ուրարտու տուշ­­պա քաղաքն շամիրամա երվանդավան մեծ հայք տոսպ վան վասպուրական ապրիլի 24 ծպտված հայեր դավանափոխություն ինքնուրացում մայրենիի մոռացում վերադարձ մերձեցում արմատներ արյունակիցներ պա­պենական տուն վերընձյուղում

Կանգնել ենք՝ մարդն ու անցյալը`
միմյանց հայացքի մեջ լցված.
երկնքում է իմ երազը, իսկ ես
երկրի խոռոչներին եմ խոնարհվել:
Չգիտեմ, թե ի՞նչ հնարով փակեմ
վերջին էջը քաղաքի պատմության,
և մատյանը առհասարակ:

Ոտքս վստահ եմ դնում հողին,
որ իմ նախնիների քրտինքով,
լույսով ու երազով է շաղախված,
և Անթեի պես հողից եմ առնում իմ ուժը:
Վերադարձի լույսը արևի պես է կոպերիս տակ.
թիկունքով եմ կանգնել Արարատին,
բայց ափիս մեջ բանալին է:


Հուսիկ Արա «Ազատության Հրապարակ» գրքից



Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև