Հիմա իմ սառած ձեռքերի մեջ եմ ուզում առնել ձեր ձեռքերն ու լռել… լռել… լռել…

Ես եկա ձեզ մոտ: Եկա, որովհետև չէի կարող չգալ, որովհետև ուզում էի ձեզ համար կյանք բերել դրսից, շունչ բերել բնության… Դուք քնած էիք անուշ ու քաղցր քնով: Երկար տանջվելուց հետո վերջապես կարողացել էիք ննջել մի քանի ժամ կամ գուցե րոպեներ… դաժանություն կլիներ ձեզ խանգարելը, և ոչ ոք չէր արթնացնի ձեզ… ու չարթնացրին... իսկ ես ուզում էի բռնել ձեր ձեռքը… ձեռքերը, այն ձեռքերը, որ անցյալի օրերից մեկում տաքանալով ձեր շնչառությամբ` շարունակել են բռնել գրիչն ու գրել… գրել մեզ համար` հաջորդներիս, որ սննդառատ լինի մեր գրականությունը…
Սակայն դրսի սառնությունը տեղի չտվեց… մատներս մնացին անտաք, ու ես էլ` հեռու ձեզանից…
Իսկ որքան ասելիք ունեի…
Գիտեք, թե Ձեզ որքան երկար եմ որոնել… Գիտեի, որ մի օր կհանդիպենք, բայց ես շտապում էի` այլևս անհնար էր ինձ շրջապատող գրականությունը պատկերացնել առանց ձեզ… ու փնտրտուքներս ինձ տանում էին գրախանութներ… թերթում էի գրքերը, ձեզ չգիտեի, բայց հենց ձեզ էի փնտրում… ու մի գեղեցիկ օր, միանգամայն պատահաբար կարդացի մի հոդված, որտեղ կար նաև ձեր անունը` Լևոն Խեչոյան: Հոդվածի հեղինակը ժամանակակից գրականության լավագույն գիտակ Արքմենիկ Նիկողոսյանն էր:
Բացեցի ձեր գիրքն ու այլևս չցանկացա փակել այն, ու չեմ փակի. ավարտի հետ կգա վերընթերցումը. դուք տվել եք այդ հնարավորությունը խիտ ու բազմաշերտ ձեր տողերի մեջ…
Գրքեր կան, որ տողեր հանելիս չեն կաղում… ձեր պատմվածքներում յուրաքանչյուր բառ տվյալ պատմվածքի հենասյունն է. բառը հանեցիր` պատմվածքը փլվում է հիմնովին… սիրում եմ այդ խտությունը, որ ամուր բռնում է ընթերցողին ու սկսվում է հաճախակի հետընթացը`կարդացածը յուրացնելու համար հարկ է լինում երբեմն հետ նայել… ձեր գրիչը միակն էր ու միակը կմնա` իր տեսակի մեջ` Խեչոյանական ինքնատիպությամբ…
Չասեմ ամենը, բայց ինքս ինձ հետ` ձեր աններկա ներկայությամբ շատ եմ խոսել… ասում են` մտքերը հասնում են հասցեատիրոջը… գուցե դուք էլ լսում էիք ինձ, չէ որ ես ամեն րոպե ձեր կողքին էի (մտքերով)…
Հիմա իմ սառած ձեռքերի մեջ եմ ուզում առնել ձեր ձեռքերն ու լռել… լռել… լռել… որովհետև կա ցավ, որը խեղդում է ինձ անողոքաբար…
Սառնությունը շուտով կհեռանա, կտաքանան մատներս, կթերթեն ձեր գրքերը… սիրով կշրջեմ ձեր խորախորհուրդ գրքերի էջերում ու նորից կզգամ ձեր ներկայությունը, հարազատ ու սիրելի Լևոն Խեչոյան:
 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև