Աղասի Այվազյան «Տաշուխա»

 Երկու ծերունի տեղավորվել էին զբոսայգու նստարանին՝ կոշիկները համարյա թաղված դեղին տերևների մեջ։ Գետինը ևս դեղնել էր տերևաթափից, ու քամին խշշացնում էր ցած իջած սաղարթը։
Ծերունիները անշարժ էին, ու միայն աչքահատերը երբեմն-երբեմն շեղվում էին միմյանց կողմ։
Նրանցից մեկը վերջապես շարժեց իր ծանր կոշիկները տերևների կիտուկի տակ և, ոտքով ցույց տալով գետինը, ասաց.
Զենոն, ինչե՜ր կան էստեղ...
Զենոնը աչքերը շարժեց ջրակոլոլ բների մեջ և ուղղեց ներքև։
Թիֆլիսի ամենաերևելի մարդիկ, ամենահարուստ, ամենապատվական անձնավորությունները... Պետական պաշտոնյաներ, գեներալներ, վաճառականներ, դատավորներ, գաղտնի խորհրդականներ, իշխաններ, բժիշկներ, գիտուններ, գեղեցիկ կանայք, նամուսով օրիորդներ...
Էդ ե՞րբ, Գաբո...— հարցրեց Զենոնը։
Երբ էս զբոսայգին գերեզմանոց էր... հիշո՞ւմ ես...
Բա չե՞մ հիշում...
Սաղ իմ թաղածներն են... Ես էս գերեզմանոցի ոնց որ «գուբերնատորը» լինեի, տերն ու տիրականը... Ես էի տեղ տալիս, դասավորում... Թիֆլիսի ամենալավ գերեզմանոցն էր... Մեռնում էին ու գալիս էստեղ... Մուրազները փորը... Թիֆլիսից կշտանալ կլինե՞ր... Իննսուն տարեկան էին դառնում ու էլի մի էղքան նայել էին ուզում Թիֆլիսին... Ու կարծում էին, թե էստեղից միշտ պիտի նայեն Թիֆլիսին, իրենց փողոցներին, իրենց տներին... Հրես, էս ծառից մի քիչ ձախ, Խոջապարուխովի ամբողջ ընտանիքն է, ինքն էլ՝ մեջտեղում։ Խոջապարուխովին հիշու՞մ ես... Սոլոլակում՝ տներ, Սիոնի եկեղեցու դիմաց՝ պահեստներ... Առավոտները որ տնից դուրս էր գալիս, մեկական ոսկի էր դնում իր աշխատավորների բուռը...
Զենոնն անձայն ծիծաղեց, որ ոչինչ չէր նշանակում և զրուցակցի ասածին չէր վերաբերում. ծիծաղն արդեն ինքն իր համար էր` կորցրել էր պատճառն ու արդյունքը։
Էն պաղպաղակի կիոսկը տեսնո՞ւմ ես... — կապույտ խցիկը ցույց տվեց Գաբոն։Նրա տակ թաղված է վարժապետ Մարանգոզյանը։ Աստված հոգին լուսավորե։ Սուրբ մարդ էր... Մեղքը չէր կարող կպչել նրան։ Գերեզմանոցում տեղ չկար, ես մի կերպ ճարեցի, սարքեցի նրա համար գերեզման։ Ոչ մի կոպեկ չեմ վերցրել։ Աղքատ էր։ Խղճիս պարտքը տվեցի...
Ու Գաբոյի աչքի եզրից հեղուկի մի կաթիլ գլորվեց այտին, որն արցունքի հետ կապ չուներ։
Հիշում եմ, իշխանուհի Դոլգորուկյանը տասը ոսկի տվեց՝ իրենց ընտանեկան դամբարանում իր սիրածին թաղելու համար։ Ջահել տղա էր։ Սիրուն, բոյբուսաթով... Ամուսնու կողքին թաղեցի։ Հետո իշխանուհուն էլ թաղեցին նրա կողքին։ Սեր էր... Սերն էլ մաքուր է... Սեր էր, հո ուրիշ բան չէր... հը՞...
Գաբոն նայեց Զենոնին, իսկ Զենոնի աչքերը հեռու էին ուղղված, բայց տեսնում էին միայն ձայները, որոնք կոպերի տակ գույնզգույն գնդիկների նման ցատկոտում էին։
Ջոկած մարդիկ էին իմ մեռելները, Թիֆլիսի զարդը,— շարունակեց Գաբոն։Հրեն էն կարուսելի տակ Շանշիևն է թաղված...
Շանշիևն է՞լ էստեղ է...— զարմանալ ուզեց Զենոնը, բայց չստացվեց. նրա խոսքերը անանավիշ ղողդողացին սառը օդի մեջ։
Բա էլ որտե՞ղ... Բոլոր կարգին մարդիկ էստեղ են...— Գաբոն՝ հայացքը տաղավարների ու մանկական ճոճանակների վրա, մտովի ինչ-որ գերեզմանի տեղն էր որոնում, ու հիշեց.— էն կապույտ ճոճանակի տակ Եթիմ Գուրջիի ծնողներն են։ Ինքը մինչև վերջ գալիս էր, գերեզմանաքարին մի շիշ գինի էր դնում, մի երկու խոսք ասում, հետո կողքիս նստում էր ու բանաստեղծություն արտասանում... Գերեզմանոցը քանդելուց հետո էլ էր գալիս։ Տեղը գիտեր։ Մինչև զբոսայգի դառնալը աչքիս լույսի պես պահում էի... Շատերի տեղերը մինչև հիմա հիշում եմ, չնայած մեծ էր գերեզմանոցը...— Գաբոն մի կերպ գլուխը թեքեց.— Էստեղից մինչև էնտեղ...— ու հայացքով ցույց տվեց զառիթափից այն կողմ։
Զենոնը, առանց նայելու նրա ցույց տված տեղը, շուրթերը ծռեց.
Չէ... Էնտեղ իմ գերեզմանոցն էր... Գաբոյին թվաց, թե չլսեց ընկերոջը.
Ի՞նչ ասացիր...
Ասացի՝ էնտեղ իմ գերեզմանոցն էր...
Ի՞նչ գերեզմանոց...– չհասկացավ Գաբոն ու, ցանկանալով Զենոնի խոսքերը այլաբանորեն ընդունել, սպասում էր նրա բացատրությանը։ Հետո ասաց.— Էնտեղ գերեզմանոց չկար... Էնտեղ ոչինչ չկար...
Կար, Գաբո, կար...
Ծերացել ես, Զենոն ջան, հանաքդ էլ բանի նման չի...
Հիշո՞ւմ ես` որտեղ էի աշխատում...- ուշացած հարցրեց Զենոնը։
Ոնց չէ... ես որ չհիշեմ, էլ ո՞վ պիտի հիշի...- լեզուն փոթ գցելով վաղվաղեց Գաբոն։Բանտում չէիր աշխատո՞ւմ...
Ապրե՛ս։ Իսկ բանտում ի՞նչ էի անում, էդ էլ գիտե՞ս։
Բանտում ինչ են անում։ Կալանավոր են հսկում, ճաշ են եփում... Եսիմ...
Չէ... Գաբո...— կտկտացնելով արտաբերեց Զենոնր։Մեռել էի թաղում...
Էդ ո՞նց...— արդեն լրջության կողմը թեքվելով հարցրեց Գաբոն։
Հասարակ... Բանտում մեռնում էին՝ բերում էինք էդ չոլը ու սուսուփուս, աչքից հեռու թաղում, որ մարդ չտեսնի։ Ոչ ոք չգիտեր։ Դու էլ չգիտեիր... Որովհետև դու գիշերները քնում էիր, իսկ իմ գերեզմանոցը գործում էր գիշերներով... Դեռ էն բլրի ետևի ձորում էր, քաղաքից դուրս, հետո մեծացավ, մեծացավ, եկավ հասավ մինչև էստեղ։
Գաբոն հայացքով ընդգրկեց շրջապատը և իրեն թվաց, որ կասկածամտորեն ժպտում է, թեպետ ոչ նրա դեմքին, ոչ ներսում նման բան չկար։
Գոնե մի տապանաքար կլիներ... մի խաչ կլիներ...— ասաց նա։
Ինչ տապանաքար հանցագործների վրա, ինչ խաչ՝ անաստվածների վրա... Ես հո ասացի՝ ծածուկ էինք թաղում...
Բանտում գնդակահարում էին կամ կախում, պատահում էր՝ գլուխն էին կտրում, մենք էլ դնում էինք սայլի վրա, բրեզենտով ծածկում ու մթանը բերում թաղում։ Ոչ ոք չգիտեր, նույնիսկ նրանց ազգականները, եթե ազգական ունենում էին... մեծ մասամբ ավազակներ էին, մարդասպաններ... Թավադին հիշո՞ւմ ես։
Ոնց չէ... քաղաքը դողում էր նրա անունից...
Հետո՝ դաղեթցի Գոգոռին։
Հաա... Գոգոռիի՜ն...— ու մտքի մեջ անունը երկարեց, երկարեց, ծայրը գնաց մտավ դիմացի քուշուշկի մեջ։
Բա ի՞նչ էիր կարծում՝ անհետ կորչո՞ւմ են...
Ճիշտ որ... Ես երբեք չէի մտածում, թե ուր են չքանում...
Թաղում էինք... երկուսով էինք՝ ես ու հույն Ստավրոն։ Նա քո գերեզմանոցում է թաղված...
Գիտեմ...— հիշեց Գաբոն։Հենց էստեղ... էս նստարանից մի տասը մետր ետ...
Տես, է... Բախտը չի բերել...— միջանկյալ ափսոսաց Զենոնը։Նորից նրանց մեջ է մնացել։
Ո՞ւմ մեջ։
Հանցագործների... բանտի մեռելների...
Էստեղ ի՞նչ գործ ունեն հանցագործները...- Գաբոն խղճաց Զենոնին, որ խոսքը բերանում շփոթում է։Սկլերոզ ունես, Զենոն... Ասացի էս նստարանի մոտ։
Հա, էլի... էս նստարանի մոտ... Իմ գերեզմանոցը եկավ հասավ մինչև էստեղ...
Ի՞նչ ես խոսում...— փնթփնթաց Գաբոն։Հիշում եմ 1918 թվականին էս մասում թաղեցինք իշխան Ցուցուլյանին։
Ծը՛...— թույլ ծպպացրեց Զենոնը։Էդ իմ գերեզմանոցի եզրն էր... Վերջին անգամ երկու հոգու բերեցինք գիշերով... Ջահել տղաներ էին։ Կենդանի ժամանակ աչքերի մեջ նայել չէր լինում, ոչ վախ ունեին, ոչ՝ ամոթ, ոչ՝ սրբություն... թալանել էին փոստատար վագոնը, ահագին ոսկի էին վերցրել։ Մեկին հենց փողոցում էին գնդակահարել, մյուսին բանտում կախեցին... Հետո ինչ-որ մի կին խնդրեց, որ տեղը ցույց տամ։ Ես էլ մի նշան թողեցի։
Զենոնը բարձրացավ տեղից՝ առանց թափելու վրայի տերևները ու ոտքերի տակը տնտղելով, շարժվեց դեպի նստարանի ետևի կողմը։ Հետո կանգնեց ու երկար նայում էր գետնին։
Գաբոն ես վերկացավ նստարանից ու մոտեցավ նրան։
Պիտի որ էստեղ հասներ իմ գերեզմանոցը,— ոտքով դեսուդեն տանելով ժանգակարմիր տերևները, ասաց Զենոնը ռւ սկսեց ինչ-որ բան որոնել։ Հետո կրկին մի երկու քայլ արեց, կռացավ ու այդպես կորամեջք մնաց։
Ի՞նչ է, չկա՞...- քրթմնջաց Գաբոն։Չի էլ լինի... էստեղ իմ գերեզմանոցն էր...— ասաց ու լռեց, որովհետև ինքն էլ չէր կարողանում գտնել իր գիտցած տեղանքն ու բուսականությունը։ Եվ ծերունիներր երկար փնտրում էին իրենց գերեզմանոցները, իսկ ծառերի ճյուղերն ու բուսականությունը երկու կողմից միացել էին, հյուսվել միմյանց և մի ընդհանուր անտառուտ էին կազմում՝ տերևը տերևի մեջ, ճյուղը ճյուղին փաթաթված, ու անջատել որևէ վայրում ինչ-որ բան անհնար էր։
Տաշուխա՜...- երկարաձգելով օդավորեց Զենոնը, ու ոչ Գաբոն և ոչ ինքը չհասկացան այդ բառի իմաստն ու նշանակությունը։ Ասես այդ բառը օդում գոյացավ, ինչպես քամին, որ քշում էր գետնի վրա դեղին տերևները... Եվ ծերունիներր, քստքստացնելով ոտքերը, եկան նստեցին իրենց տեղը...


Աղբյուրը` այստեղ


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև