Դավիթ Մուրադյան “Հայաստան”

Հայաստան, այսինքն` Աղեղնավորի երկիր: Որովհետև մեր ազգի սկիզբը դնող Հայկը Աղեղնավոր է: Իսկ եթե ինչ - որ մեկին սա վիճելի թվա` հիշեցնեմ. հենց այդպես էլ նրան անվանել է Պատմահայրը:
Ես սիրում եմ այդ հետաքրքիր աստղակերպը: Նա միշտ ուզում է ավելին, քան կարող է, և իր մաքսիմալիզմի շնորհիվ էլ` դիմանում, թեպետ ճակատագրի հարվածները նույնպես անպակաս են այդ խառնվածքից: Նա միշտ նշան է բռնում ,,անհայտին ու հեռվին,,: Նա կարողանում է հասնել իր նպատակին, երբ ամբողջ հոգով ձգտում է գտնել ամենակարևորը, հատկապես, եթե նոր ապագա է ցանկանում իր համար. այդ մասին հենց Հայկին հարցնենք` կասի: Նրա մեջ հավասարապես խոսում են բնությունն ու բանականությունը, գուցե թե, երբեմն էլ` մեկը մյուսից առաջ ընկնելով, որովհետև Աղեղնավորի նշանը Կենտավրոսն է` ձիամարդը, ում մասին ավանդությունն ասում է, թե նա ուսուցիչ էր ու ռազմիկ, ըմբոստ էր և իմաստասեր:
Իր կրկնակի էության միասնականությունը դարձնում է այդ նշանին մի քիչ ... մենակ, որպիսին և հիշում ենք դիցաբանությունից: Քաղաքակրթությունները չեն կարողանում միմյանց միջև կիսել ու բաժանել նրան, առավել ևս` մի կողմի վրա տանել ամբողջությամբ, չնայած որ համառորեն քաշքշում են փեշերից: Ուստի և, պատահում է, կիսում ու բաժանում են ... հողը: Բայց ոգին հո չե՞ս բաժանի:
Առասպելը նաև ասում է, որ նրա վերքը երբեք չէր փակվում: Կենտավրոսն ապրում էր բաց վերքով, ցավն իր մեջ հավերժորեն պահած, և նրա իմաստությունը դրանից ավելանում էր: Այդ նշանը դժվարասանձ է, դրամատիկ է ու հպարտ, - նա նույնիսկ հակառակվել է Զևսին, - իսկ իր սահմանագծային տեսակի մեջ` գեղեցիկ: Արևելքի հնախորհուրդ հոգին իր մեջ է, Արևմուտքի միշտ պրպտող միտքը` ճակատին: Ավանդույթի կենտրոնաձիգ ուժ: Ժամանակի հետ նորանալու տաղանդ:
Այդ նշանի բնութագիրը (աստղաբաշխականը )` միշտ հաղորդակցության պատրաստ: Հիշաչարությունը նրա տեսակին խորթ է, սակայն հիշողությունը` անընդհատ, անջնջելի, պահաջատեր, իսկ հմայիչ ու փորձանքաբեր դյուրահատությունն էլ մեր էպոսի էջերից նույնիսկ վկայում է, որ նրա հոգու խորքում ի ծնե բնակվում է մի չծերացող մանուկ:

Երկբեվեռ բնարմատ` մարդանժույգ Աղեղնավոր, - Սասնա Դավիթ ու Քուռկիկ, -անհանգիստ ամբողջություն: Ինքն իր համար գաղտնիք, ինքն իր համար` մինչև հիմա, հետաքրքիր: Ու ինքն իր հետ հաճախ նաև վիճաբանող, ում ընդհանուր և անառարկելի համաձայնության Լեռը ` բաց ու բարձր, երկագագաթ, այս առավոտ նայեց նրան:

Մի հայացք` երեք ժամանակների անունից. անցյալի, այսօրվա, գալիքի:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև