Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին

Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույնվիճակը։ Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղր ռուս պետության բաժին դառնալու։ Ուրեմն պիտի ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ, թեպետ և երկուքի վերջակետն էլ նույնն է, տարբեր ուղիով միայն։ Առաջինն է առավելագույնը՝ ինքնուրույն ու անկախ լինելով իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտության առջև և երկրորդը՝ նվազագույնը՝ ապավինել Քեռի Ռուսին և միաձույլ հայություն սահմանել։ Երկուքն էլ նույն է, բայց երկրորդն իրագործելի՝ շահերի նույնության վերա հենվելով, իսկ առաջինը անիրագործելի։ Ռուս կառավարությունը ծայրագույն արևելքեն տուժեց, ուրեմն ընդարձակման ճանապարհը այս կողմը մնաց

Ես չե՛մ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ. զի նա չէ կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն մի՛շտ ձգտելու է պահել մեզ (եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք, արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս։ Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, թե մեր փրկությունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի [Պետերբուրգի] պարիսպներու դռներուն առաջ, ա ՛յս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով Գևորգ Դ. կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկությունը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթե բացարձակապես սպասելիս է եղել տաճիկներին էջմիածնի մեջ)։ Արդեն քաջ գիտես, որ Անգլիո, Ֆրանսիո ու Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր։ Ուրեմն չիք փրկություն արտաքո Ռուսիո։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ոչ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատության հարմար։

Չպետք է բաժանվենք, չպե՛տք է խաբվենք Եվրոպայի զանագան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամփան բռնելու՝ ըստ իս, աոաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու զարգանալ. երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվելով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով. եվյապական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն։
Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվենք` կվաստկենք, ես այս կարծիքն ունիմ

Համբույր ե կարոտով`

Քույդ Կոմիտաս վարդապետ:

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ «ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»


Կյանքից թանկ սերն է քո անունով
քանի՞ անգամ ուզել եմ մեռնել,
բայց ապրում եմ,
որ մեկ օր ավել զգամ համդ։

Նախ բարակ մարմնիդ նուրբ կարերը տեսա,
հետո ճանաչեցի հայտնության պես հոգիդ
հայացքիս պատռված տեղերը հավաքվեցին,
և մարմնիս ամեն բջիջը դարձար:
Ու քեզ այնպես սիրեցի,
որ ձմռան մեջ խոստացա մեկ օր գարուն,
և հունվարի վերջին օրը գարուն էր արդեն։
Դու անակնկալ ուրախ տաք լույսի մեջ էիր ցատկոտում,
քեզ հետ՝ բոլոր ընկերուհիներդ զարմացած
արթնացած բնության ասվածուհին էիր,
և այդ մեկ օր գարունը քոնն էր ձմռան կեսին։
Նայում էի կատարված հրաշքին ու ասում՝
ի՞նչ հզոր է սիրո ուժը, Աստված իմ,
որ կարող է բնության ընթացքը փոխել։

Իմ ապրելու բանաձևը դու ես տվել
երջանիկ եմ, երբ սեր կա մեջս
ու բանաստեղծություն։
Բայց այդ բառը՝ սեր,
որ տիեզերքի այցեթուղթն է մարդու աշխարհ,
այնպես նեղլիկ ու լղար է հիմա թվում
և անկարող է տեղավորել ամբողջը՝
ինչ ես եմ զգում քո նկատմամբ
սիրուց առավել դու ես միայն,
թող ների ինձ երկինքը, ոչ թե Աստված։

Մարմնիդ մոտենալով՝
ես քո դուռն եմ եկել որպես ուխտավոր,
ոչ թե կրքից մոլեգնած կեսգիշերի սիրեկան։
Քեզ սիրելով՝ ինձ եմ փրկել
քեզ ունեմ օդ, աշխարհ ու արև,
իսկ թե ի՞նչ ես զգում դու, ներիր,
այնքան էլ չի հուզում ինձ․․․
ու թե կուզես սիրտս հանիր,
ես չէ, նա է ինձ ուղղորդել՝ մատնելով հասցեդ։

Քեզ չեմ ասել այս պատմածից գոնե մի բառ
հանկարծ չավերես այն գեղեցիկը,
որ իմ կյանքն է քո նվիրած օրերով։

Վերցրո՛ւ քեզ հետ, երակիդ մեջ առ
սրտի գույն խոստովանությունն այս,
որ կյանքիդ բոլոր օրերում
չար ու փորձանքից քեզ կպաշտպանի թալիսմանի պես։ 



Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Վ. Փափազյանը Լիր արքայի, երիտասարդության ու տգիտության խնդիրը լուծելու մասին...

Ասում են Սիցիլիայի ծովահենները հաճախ բաց ծովում գերի էին բռնում աթենացիներին իրենց նավերով և փոխանակ փրկանքի, այդ կիսավայրենի ավազակները պահանջում էին գերիներից Էսքիլոսի գործերից կարդալ: Իմացողներին բաց էին թողնում, իսկ չիմացողներին կապում իրենց նավերի կայմերից, որպես պակասավոր, հետևաբար  և վտանգավոր մարդիկ: 
Լիրի դերը (Շեքսպիրի Լիր արքա), 1953թ.

Նույն միջոցառումը որոշ փոփոխությամբ չէ՞ր կարելի արդյոք կիրառել և մեր օրերին, գոնե հետևողական լինելու համար, առանց գործը կախաղանի հասցնելու, իհարկե, համոզող պարտադրությամբ մեր երիտասարդությանը սովորեցնել սիրել Շեքսպիրը առհասարակ և մասնավորապես նրա «Լիրը»: Այդ ձեռնարկը կբարելավեր մեր երիտասարդենրի բարքերը, գեղագիտական ճաշակը կհրահրեր նրանց մոտ: Դա կլիներ մի յուրատեսակ բարոյական բաղնիս, որովհետև հասուն մարդիկ դժբախտաբար այնպես են կեղտոտվում կյանքի առօրյայից, որ հազիվ թե նման բաղնիսը կարենա նրանց վերադարձնել իրենց նախկին մաքրությունը:


Հատվածը Վահրամ Փափազյանի «Լիր արքա» գրքից: 

Վահրամ Փափազյանը հայերենի մասին

Եվ  հիրավի, հայերենը, եթե ոչ այլ բանով, գոնե իր մեծ տարիքով, անհաշվելի հնությամբ, աղքատ չէ ոչ իրանական, ոչ բաբելական,  ոչ էլ ասորական լեզուներից: Գուցե տեղի է տալիս նա արաբականի անհաշվելի հոմանիշների հարստության, բայց եբրայերենի բազմիմաստ խորությամբ հպարտ է մեր լեզուն, անսահման հարուստ հռոմեականից, նույնքան ճկուն, քան հելլենականը, և իբրև վրադիր, փյունիկյան բարբառների խելացի երկիմաստությունը ժառանգել է լիովին: Եվ ինձ թվում է, որ Արևելքի լեզուներից ոչ մեկին չի զիջում նա, բացի որոշ չափով հին եգիպտերենին, որի մի շառավիղը զպտի բարբառն էր՝ Նեղոսի ակունքներից մինչև Միջերկրականի ափերը:






Հատվածը Վահրամ Փափազյանի «Լիր արքա» գրքից

Արամ Թոփչյանի նամակը Հրաչյա Սարիբեկյանին

Ողջույն, սիրելի՛ Հրաչ,

Երևի մտածում ես` իմ երկար լռության պատճառն այն է, որ, գիրքդ նվեր ստանալով, առանց կարդալու մի կողմ եմ դրել, իբրև գրադարանիս հերթական մեռյալ միավոր (ցավոք, հիմա շատերն են այդպես վարվում): Բնավ այդպես չէ. «Երկվորյակների արևը» սկսել եմ կարդալ առաջին իսկ օրվանից, բայց ընթերցել եմ դանդաղ` փորձելով գնահատել ու ճիշտ ընկալել ամեն մի նախադասություն, և այդ ընթացքում, միանգամից ասեմ, ունեցել եմ վայելքի (նաև` հաճելի զարմանքի) բազմաթիվ պահեր

Քո շարադրանքը յուրօրինակ է, մեզ համար սովորական շատ չափանիշներից տարբեր. կարծես երաժշտություն լինի, երբեմն` անսպասելի շրջադարձերով ու վայրիվերումներով, սակայն ընդհանուր առմամբ` հանդարտ ու վստահ ընթացքով, նման ընթերցողին աստիճանաբար իր հոսանքի մեջ ներքաշող և հայտնի ու անհայտ հեռուները տանող հեքիաթային գետի: Իբրև դասական երաժշտությանը քիչ թե շատ ծանոթ մեկը` ես կարող եմ դա զգալ ու տեսնել գրքիդ յուրաքանչյուր պարբերության մեջ, երբ տողերդ աննկատ անցնումներ են անում կյանքից դեպի երազ և հակառակը` դեգերելով մերթ հայտնի ու իրական, մերթ երևակայական ոլորտներում, ձեռք բերելով մերթ վառ ու գունագեղ, մերթ մռայլ և անգամ չարագուշակ ու մղձավանջային երանգներ, բայց միշտ պահպանելով մի ներքին ձգողական ուժ, որը ոչ մի ակնթարթ բաց չի թողնում ընթերցողին: Հողեղենի ու երազայինի, լույսի ու խավարի այս հմուտ գրչախաղն ակնառու օժտվածության վկայություն է: Բայց քո գրածի հետևում ես նկատում եմ ոչ միայն դա, այլև ինչպես անհագ ընթերցանության շնորհիվ ձևավորված, այնպես էլ ի բնե տրված նուրբ ճաշակ, ամեն ինչի ճիշտ չափն ու ձևը զանազանելու ունակություն

Տեսնում եմ նաև մի բանիմաց մարդու, որը քաջ գիտի, թե ինչ ասել է` լավ գրականության: Տեղյակ եմ, որ վերջերս, բավական թանկ գին վճարելով (եթե քո տնեցիք սա պիտի կարդան և քեզ պախարակեն, կանխավ ներողություն եմ խնդրում), ձեռք ես բերել Արիոստոյի «Մոլեգին Ռոլանդը»` Գյուստավ Դորեի անզուգական նկարազարդումներով: Պատկերացնում եմ` ինչպես ես ըմբոշխնում այդ գրքի թե՛ բովանդակությունը, թե՛ նկարչական արվեստը, և վստահ եմ, որ Արիոստոն, բազում ուրիշ հեղինակների հետ, որոնց դու մինչ այդ անկասկած կընթերցես, քեզ նոր լիցքեր են տալու` վիպագրության հերթական մեկ ամիսն արդյունավետ օգտագործելու համար (հանրահայտ է, որ դու տարին միայն մեկ ամիս ես գրում, իսկ մնացած ժամանակ կարդում ես):

Ջերմ շնորհավորանքներս, սիրելի՛ բարեկամ:
Գրքի համար շնորհակալությամբ`

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև