Ամանորի բլինչիկի լիստերն ու իմ հույժ կարևոր ներկայությունը... :)

Ուր էլ որ լինեմ Ամանորին, ամենաուշը ամսի 30-ին տանն եմ լինում… այստեղ լավ է, շատ ենք, խառն ենք, բայց ամեն մեկս գիտենք մեր անելիքը: Երբ փոքր էի դեռ, ավելի թեթև գործեր էին ինձ վստահում` էս տար, էն բեր, գնա խանութ և այլն… մեծանալով ավելի շատ վստահություն ձեռք բերեցի. սկսեցի թխվածքներ անել, մասնակցեցի գաթայի պատրաստման ընթացքին ու նաև տոնական սեղանի զարդարմանը…  հիմա իմ հիմնական անելիքը բլինչիկի լիստերն են, ու ինչքան էլ ուշանամ, միևնույնն է, նրանք համբերությամբ ինձ են սպասում… ավելի ճիշտ թավան է սպասում… ու ես սիրով եմ անում այս գործը. Մի թասի մեջ եմ լցնում կաթը, հավկիթը, բուսական յուղը, աղը, շաքարավազը, այլուրն ու հարում միասին… ստացվում է զանգված, որը երբեք քիչ չի լինում, ու միշտ շուտ է վերջանում, չնայած որ այն ժամեր է խլում… նույնիսկ մինչև լույս…
Հիմա տնեցիք բոլորը քնած են, ես եմ միայն, զանգվածը, որին մաս- մաս կրակի վրա շերտեր եմ դարձնում… և տարեմուտի ֆեյսբուքյան պատերը` դրական ու կյանքով լի…
Սիրում եմ Ամանորը. այս օրերին գոնե մեր մեծ ընտանիքը հավաքվում է. խոսում ենք, պատմում ենք անցած օրերից, շփվում ենք մեկմեկու հետ… ու կարևորը տարին բացում ենք միասին…

Ու ինչն է հետաքրքիր… այս նույն բաղադրատոմսով ինչքան էլ մերոնք փորձում են  բլինչիկի լիստ անել, ոչ մեկի մոտ չի ստացվում… այս հանելուկին երկու պատասխան կա` կամ թավան իրոք միայն ինձ է ենթարկվում… կամ բլինչիկն ուղղակի միջոց է ինձ ավելի շուտ “բերման ենթարկելու” :)))



Էդուարդ Հարենց «Բանաստեղծություններ»



Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…

***

Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջո՜ւմ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի´քն է…
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հաքիաթնե´րը պատմեմ
իմ մանկության…
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փո՜ւլ եմ գալիս հրաշքիս դեմ…
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ`
Շշնջում եմ.
–Հեքիա´թը հենց դո´ւ ես,խենթո´ւկ:–
…Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե´մ հիշում,
Նա խնդմնդո՜ւմ է վրաս
ողջ գիշեր`
մինչև լուսաբաց…
Հետո–
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի`
ներս է մտնում նինջի խորան:
Թե քնո´ւմ է երգս,–միայն աչքերը բա´ց…


***

Պոեզիա

Դարերի
ճաքած ողնաշարն ի վար
Քարիտի
ուռած կրծքերից հոսող`
Մաþարու աչքից,
Վան Բեթհովենի
լսողությունից,
Դանթեի վախից,
Կալլասի ձայնից
Եվ
Չարենցի գի՜ժ ուղեղից
Եփած
զվարթո՜ւն կոկտեյլ…

***

Կարմիր,
կարմիր,
կարմիր երդումներիդ միջև
Հրեշտակի գույներն
անձրևում են դ-կամ,
Անձրևն հոգուս մայթին
կետադրում է ճիչեր,
Որ շնչում ես
հիմա`
իբրև
աքլորականչ…

***

Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի…
Հիմա երանգն  ավելին է, քան ձայնը…
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներից քանի~  ոտնահետք է ճաքել…
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի’ ավարտվում,
Որովհետև չի’ գունավորվում բառով…
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է…
Որ մուսաները կին չե’ն դառնում…



Դավիթ Մուրադյան “Հայաստան”

Հայաստան, այսինքն` Աղեղնավորի երկիր: Որովհետև մեր ազգի սկիզբը դնող Հայկը Աղեղնավոր է: Իսկ եթե ինչ - որ մեկին սա վիճելի թվա` հիշեցնեմ. հենց այդպես էլ նրան անվանել է Պատմահայրը:
Ես սիրում եմ այդ հետաքրքիր աստղակերպը: Նա միշտ ուզում է ավելին, քան կարող է, և իր մաքսիմալիզմի շնորհիվ էլ` դիմանում, թեպետ ճակատագրի հարվածները նույնպես անպակաս են այդ խառնվածքից: Նա միշտ նշան է բռնում ,,անհայտին ու հեռվին,,: Նա կարողանում է հասնել իր նպատակին, երբ ամբողջ հոգով ձգտում է գտնել ամենակարևորը, հատկապես, եթե նոր ապագա է ցանկանում իր համար. այդ մասին հենց Հայկին հարցնենք` կասի: Նրա մեջ հավասարապես խոսում են բնությունն ու բանականությունը, գուցե թե, երբեմն էլ` մեկը մյուսից առաջ ընկնելով, որովհետև Աղեղնավորի նշանը Կենտավրոսն է` ձիամարդը, ում մասին ավանդությունն ասում է, թե նա ուսուցիչ էր ու ռազմիկ, ըմբոստ էր և իմաստասեր:
Իր կրկնակի էության միասնականությունը դարձնում է այդ նշանին մի քիչ ... մենակ, որպիսին և հիշում ենք դիցաբանությունից: Քաղաքակրթությունները չեն կարողանում միմյանց միջև կիսել ու բաժանել նրան, առավել ևս` մի կողմի վրա տանել ամբողջությամբ, չնայած որ համառորեն քաշքշում են փեշերից: Ուստի և, պատահում է, կիսում ու բաժանում են ... հողը: Բայց ոգին հո չե՞ս բաժանի:
Առասպելը նաև ասում է, որ նրա վերքը երբեք չէր փակվում: Կենտավրոսն ապրում էր բաց վերքով, ցավն իր մեջ հավերժորեն պահած, և նրա իմաստությունը դրանից ավելանում էր: Այդ նշանը դժվարասանձ է, դրամատիկ է ու հպարտ, - նա նույնիսկ հակառակվել է Զևսին, - իսկ իր սահմանագծային տեսակի մեջ` գեղեցիկ: Արևելքի հնախորհուրդ հոգին իր մեջ է, Արևմուտքի միշտ պրպտող միտքը` ճակատին: Ավանդույթի կենտրոնաձիգ ուժ: Ժամանակի հետ նորանալու տաղանդ:
Այդ նշանի բնութագիրը (աստղաբաշխականը )` միշտ հաղորդակցության պատրաստ: Հիշաչարությունը նրա տեսակին խորթ է, սակայն հիշողությունը` անընդհատ, անջնջելի, պահաջատեր, իսկ հմայիչ ու փորձանքաբեր դյուրահատությունն էլ մեր էպոսի էջերից նույնիսկ վկայում է, որ նրա հոգու խորքում ի ծնե բնակվում է մի չծերացող մանուկ:

Երկբեվեռ բնարմատ` մարդանժույգ Աղեղնավոր, - Սասնա Դավիթ ու Քուռկիկ, -անհանգիստ ամբողջություն: Ինքն իր համար գաղտնիք, ինքն իր համար` մինչև հիմա, հետաքրքիր: Ու ինքն իր հետ հաճախ նաև վիճաբանող, ում ընդհանուր և անառարկելի համաձայնության Լեռը ` բաց ու բարձր, երկագագաթ, այս առավոտ նայեց նրան:

Մի հայացք` երեք ժամանակների անունից. անցյալի, այսօրվա, գալիքի:

ֆոտոշարք, որը ներկայացնում է 2013-ի ԳՐԵԹԵՐԹԻ ամենամյա մրցանակաբաշխության սկիզբը, ընթացքը և ավարտը...

Ուրբաթ օրը` դեկտեմբերի 20-ին ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութում ժամը 17- ն անց սկսվեց միանգամից տաքանալ… Մեկը մյուսի հետևից եկան ու գրախանութը գրական շնչով լցրեցին երիտասարդ ստեղծագործողները` Գրիգ Գրիգը, Լուսինե Եղյանը, Նորայր Սարգսյանը, Մերի Մկրտչյանը և այլոք: 


Նրանց համար պահը սպասված էր` Գրեթերթի ամանամյա մրցանակաբաշխությունն էր կայանալու, և հենց իրենք` երիտասարդ գրողները պետք է քվեարկությամբ որոշեին թե ում գործն է համարվում 
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, 

ով է տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ հեղինակը,

ում ներկայացրած ԷՍՍԵՆ և ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ,

ում ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, 

և վերջապես ով է հանդիսանում ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔի հեղինակը:

Մրցանակներն արժեքավոր գրքեր էին, որ տրամադրել էր ԱՆՏԱՐԵՍ հրատարակչությունը, և համոզված եմ, որ միայն այդ գրքերն ունենալու պահանջը բավական էր, որ ամեն մի մասնակից ցանկանար հաղթել տվյալ անվանակարգում:

Սակայն հաղթողը պետք է մեկը լիներ… և այսպիսով
լավագույն բանաստեղծություն անվանակարգում հաղթեց  Լուսինե Եղյանի “Բանաստեղծական շարքը” (Գրեթերթ, թիվ 3)

լավագույն թարգմանություն անվանակարգում՝ Էդուարդ Հարենցի “Հալինա Կրուկ” (Գրեթերթ, թիվ 1)

լավագույն գրաքննադատություն` Աննա Միկոյանի “Մհեր Բեյլերյան. կիրակնօրյա պատմվածքներ”, (Գրեթերթ, թիվ 3)

լավագույն էսսե` Նառա Վարդանյանի “Լեզվական մեկուսացումը նոր ժամանակի մշակույթ” (Գրեթերթ, թիվ 3)

լավագույն պատմվածք` Գրիգի “Երկու սիլուետ”, (Գրեթերթ, թիվ 4)

Ինչ տաքությամբ որ եկան մասնակիցները, կրկնակի տաքացած ու ոգևորված էլ գնացին` նոր խոհերով, նոր մտքերով, նոր բարձունքներ տիրելու մտայնությամբ…

Ահա մի փոքրիկ ֆոտոշարք, որն ավելի պատկերավոր է ներկայացնում 2013-ի ԳՐԵԹԵՐԹԻ ամենամյա մրցանակաբաշխության սկիզբը, ընթացքը և ավարտը… 
































ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև