«Նայիր Բրեժնևին ու կտեսնես մեր անդունդի խորությունը»: Անդրեյ Տարկովսկին Սոս Սարգսյանի հուշերում


   Հիմա հաճախ մտածում եմ էն օրերի մասին, Անդրեյի ասածն եմ վերհիշում…  Իսկապես որ, մարդկությունը դեռ մռութը ցեխի մեջ խրած, խրթխրթալով փորում, ավերում է աստվածային մոլորակ երկրագունդը, ժողովուրդները կատաղած շների նման իրար կոկորդ են կրծում, հոշոտում են իրար, ամենուր բռնություն, գողություն և սպանություններ… Անդրեյ Տարկովսկին իր մտքի վեհությանբ դեռ էն ժամանակ, երբ երկիրը հրճված ու արբեցած էր տիեզերագնացների “սխրանքներից”, խորն ապրումներ ուներ և անհանգստանում էր, թե ինչ կպատահի, եթե մենք` այսօրվա մարդիկս, սողոսկենք տիեզերք` մեր անբարոյականությամբ: Տիեզերական ողբերգություններ կսարքենք:
   Ժամանակը շատ բան է ջնջել իմ հիշողությունից, ու դժվարանում եմ ասել, թե ինչպես սկսվեց մեր ընկերությունը: Զրուցելը, շփվելը Անդրեյի հետ ինձ համար մեծ բավականություն էր: Կիրթ էր ամեն պահի, մեծ արվեստագետ, մեծ մտածող, կիրթ էր և պահվածքով, և մտքով:
   Բրեժնևյան ժամանակներ… Ինչ-որ բան կառուցում էինք, ինչ-որ բան ճարում էինք ուտեու, բայց աննկատ (ասենք` ինչու աննկատ) քանդվում էր մարդը, կորցնում էինք մեզ մարդ պահող վերջին հենքերը, մարում էին ուղեցույց վերջին ջահերը, և Անդրեյ Տարկովսկին էր, որ խավարը կանխազգալով, փնտրում ու գտնում էր անանցանելի արժեքներ, ձեռքը պարզում, բռնում էր մեր փեշերից, որ վերադառնանք, խավարի մեջ չկորչենք, նայենք մեր հոգու ներսը…

   Նրա ֆիլմերը դիտողները տեսնում են, որ սրանք “լայն խավերի” համար չեն: Որպես մտավորական Անդրեյն ուներ պարտքի խորը գիտակցություն և իր խոսքը, իր փիլիսոփայական խոհերը հասցեագրում էր մտավորականությանը: (էս յոթանասուն տարիներին ինչքան են վիրավորել, ծաղրուծանակի ենթարկել, թուքումուր թափել մտավորականների գլխին):
   Մի անգամ վիճաբանելիս, չգիտեմ խոսքն ինչպես ծնվեց, ասացի` “Իսկ դու գիտես, որ երբ Ռենուարի մատները չորացան, նա վրձինը կապել էր տալիս դաստակին և այդպես նկարում… ”:
-         Դա ուրիշ,- ասաց Անդրեյը,- դու խոսում ես մտավորականի մասին… Սոկրատեսից մինչև Ջորդանո Բրունո, և, ընդհանրապես, ճշմարտության համար զոհվել են միայն մտավորականները:
   Եթե նրա հայրենակից Բունինը տեսնում էր ամբոխապետության (օխլոկրատիայի) զարթոնքի սկիզբը, տեսնում էր, թե ինչպես է իշխանությունը զավթում, Մայակովսկու “Ընկեր մաուզերը” ձեռքին, անլվա խուժանը և ճայթում էր անզորությունից ու ատելությունից, ապա Տարկովսկին տեսավ, “վայելեց” արդեն փողկապներ կապած, բայց էությամբ նույն մարդկանց լիիրավ տիրապետությունը և չդիմացավ նոմենկլատուրային դասակարգի ճնշումներին, նրա անգետ ու անկուլտուրական ամենակարողությանը: “Նայիր Բրեժնևին ու կտեսնես մեր անդունդի խորությունը”: Այդպես էր ասում Անդրեյն ու տխրում:իՀիՀ

Հատվածը Սոս Սարգսյանի «Կանչ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև