“Բանաստեղծությունը շատացել է աշնան հետ: Ձմեռն էլ ... վիպական կլինի”: Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումներից


Մարդ պետք է պաշտպանի իր լեզուն, որպեսզի լեզուն էլ պաշտպանի մարդուն:

***

Գուցե մարդն ավելի շատ գիտի, քան հասկանում է: Իսկ երբեմն էլ գուցե ... հակառա՞կը:

***

Իսկ արվեստը կյանքի պակաս տեղերը լրացնելու համար է:

***

Գիրը որպես ճակատագիր:
(
Արձագանք ճակատագրի օրվան, որը, ինձ անհայտ պատճառներով, գերմանացիք նշում են հենց նոյեմբերի 9 - ին:)

***

Գրականությունը ... չասվածն է: Գիր է դառնում այն, ինչը չես արտաբերել բարձրաձայն: Վեպերն ու բանաստեղծությունները տրվում են լռակյացներին:

(
Հույժ իրիկնային խոհ, որ գրանցվել է առավոտյան:)

***

Բառերին ազատություն տալը, - դրանք հնարավորինս քիչ գործածելն է: Այլապես՝ ծառա կդարձնենք:

(
Օրվա հղման հետգրություն:)

***
Երջանիկ ապագայի խոստումները մեծ մասամբ դժբախտացրել են ներկան:

***
Տեսակետը տեսադաշտ ունենալու համար է, այլ ոչ թե մի կետ տեսնելու:

(
Կյանքի ու գրականության բառարան)

***

Տևական մտքերը սովորություն ունեն իրականություն դառնալ: Գուցե մեր մտապատկերը, - թեկուզև մասնակի, - մեր իսկ կենսագրության հեղինա՞կն է:

Երկիրն ըստ մտապատկերի: Ոմանց դա հաջողվել է, ի դեպ:

***

Արևմուտքի բանական հայացքը: Արևելքի բնական իմաստությունը: Կամ մշտական հակասություն, կամ էլ, մեկը մյուսին գումարվելով, Կոստան Զարյան ...

***

Մի օր Սարյանն է նկարում մեր երկիրը, մի օր էլ`Հակոբ Հակոբյանը: Երազանք ու խոհ: Իսկ երբ միանում է Մինասը, դառնում ենք երազախոհ:

***
Բևեռներում նույն սառույցն է, անկախ այն հանգամանքից`հյուսիսայի՞ն է այդ բևեռը, թե՞ հարավային: Մարդն այդ միջավայրերում չի ապրում, բայց, չգիտես ինչու, մեծ մասամբ բևեռացնում է իր հայացքը: Այդպիսի հայացքի տակ ... ցուրտ է: Ու հողն էլ չի ջերմանում այնքան, որ ինչ -որ բան ծնի:

***

Արարատի բացակայությունը առավոտյան`մեկ ուրիշ երկրում արթնանալու պես:

***
Լավ գիրքը գերազանցում է հեղինակին, իսկ մեզ թվում է, թե հեղինակն է գերազանցել իրեն: Լավ ընթերցողը երբեք չի ասում`գրականություն չկա: Լավ ընթերցողը գրականություն գտնում է:

***
,,Ասիան հայինը չէ, բայց Արևելքը`այո: Արևմուտքը հայինը չէ, բայց Եվրոպան`այո;,, Կարող է պարադոքս թվալ, բայց այդ ո՞ր ճշմարտությունն է անպարադոքս:

***
Արվեստը հասկանում է մարդուն: Մարդն է, որ կարող է չհասկանալ արվեստ:

***

Դրախտում բանաստեղծներ չկային: Նրանք հայտնվեցին հետո, երբ Ադամն արտաքսվեց դրախտից: Պոեզիան կորուսյալի որոնումն է, մերթ ընդ մերթ` նրա դռներին մերձենալով: Արվեստը`,,մարդու պատասխանն Աստծուն,, (Բերդյաև): Թեպետ պատահում է երբեմն, որ հակառակ ճանապարհն էլ է բռնում:

Ի՞նչ պատճառ`այս մասին հիշելու: Բանաստեղծությունը շատացել է աշնան հետ: Ձմեռն էլ ... վիպական կլինի:

***
Ժամանակը` որպես հարցականի նշան: Գրականությունը` մարդու և հարցականի հարաբերություններ: Անընդհատ ,,Երկիր Նաիրի,,:

***

Ի վերջո, յուրաքանչյուրս իր Հայաստանն է ստեղծում: Թեկուզև` չիմանալով: Կամ էլ` հակառա՞կը:  “Երկիրը պարունակում է մարդու հոգեկանը” - ասում է Կոստան Զարյանը:

***
Չինական կայսրերից մեկի խորհրդականը գրում է իր տիրակալին. ,,Հարևան երկիրը ծնկի բերելու համար հարկ չկա զորք ուղարկել այնտեղ: Ընդամենն այնպես արեք, որ այդ երկրի բնակչությունն սկսի կասկածել իր արժեքներին, սրբություններին, հեղինակություններին,,...

Արդյո՞ք պատմության մազե կամուրջը ամենաբարենպաստ տեղն է`հիմնարժեքային տատանումների համար: Նույնիսկ միֆերը կարող են օգտակար լինել այդ պահին: Անկյունադարձը զգում է անկյունաքարերի պահանջ:

***
Ժամանակը չի անհետանում: Մնում է մարդու մեջ:

***
Ընթերցումներ կան, որոնք ակտուալ անցյալի զգացողություն են արթնացնում:

***

Անխուսափելի եզրակացություն. արվեստի իսկականը օրացույցից ավելին է: Արվեստի իսկականը գործ ունի հարացույցի հետ:

(
Երեկ, հուլիս 11 - ին, Փելեշյանի ֆիլմերի համահավաքը նորից դիտելուց հետո:)

***

Անխուսափելի (ինքնա) - հիշեցում. շտապելը հակացուցված է նույնքան, որքան ուշանալը:

***
Պարտվելուց վախեցողը չի՞ հաղթում:

(
Ոչ միայն ֆուտբոլի մասին:)

***
Իսկ գուցե այն, ինչ փնտրում է մարդը, իր մեջ է, բայց դա գտնելու համար առնվազն տասներեք տարվա ոդիսակա՞ն է հարկավոր:

(
Ինքնավերադարձի - ինքնահայտնաբերման թեման շարունակելով, մանավանդ որ հունիս 11 -ի եղանակը անսպասելիորեն փիլիսոփայական ստացվեց:)

***
Սասունցի Դավթի արձանին նայելիս արդյոք չի՞ առաջանում այնպիսի մի զգացողություն, թե հենց այս պատվանդանից է պոռթկում ,,Սուսերով պարը,,:

(Հունիսի 6 - ն է`Արամ Խաչատրյանի 110 ամյակը):

***
Օրն սկսելու հարց. մեծ հաշվով` պատմության գործողությունը չի՞ փոխվում: Փոխվում են միայն գործող անձի՞նք: Այդ դեպքում ի՞նչն ենք անվանում նոր էջ: Հին սյուժեն նորովի խաղարկելու տաղա՞նդը:

***
Եթե մեր ապրած դարը ինքնարդարացման անհրաժեշտություն զգա, կարող է նաև ասել. ,,Իմ ժամանակով երգել ու երգեր է գրել Շառլ Ազնավուրը:,,

Շնորհավոր ծնունդ, հոգիների բնակիչ !

***

Մե՞նք ենք նայում մեր ժառանգությանը, թե այդ ժառանգությունը` մեզ: Թանգարանային գիշերվա հարց, որը մեծահոգաբար պատասխան չի պահանջում, բայց օգնում է գոնե մի քիչ ... զգաստանալ: Բարով վայելենք մեր գանձերը այս իրիկուն:

***
Օրը կյանքի պես է. առավոտյան դեռ անսահման է թվում:

Դավիթ Մուրադյանի  ֆեյսբուքյան գրառումներից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև