ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ. ՎԱՐԻԱՑԻԱ


Քաղաքներից մեկն է սա-
Հորիզոն, ծառեր`
Զարմանալի քնքշություն, զարմանալի ցավ,
Տոնին, սիրուն մասնակից` թիկնոցներն առեք,
Ապրենք մահը նախորդած, կյանքը մնացյալ…

Քաղաքներից մեկն է սա-
Անձրևներ բերող,
-Հիշատակներ կգան դեռ, որ փարվեն ֆոնին,
Մեզ անարվեստ կներեն տխուր աչքերով
Անցորդները անցողիկ` անտարբեր տոնին…

Քաղաքներից մեկն է սա-
Ու չի նահանջի,
Քանի ճչում է խորքից սերը` բախտ առ բախտ,
Թիկնոցների մեջ մարած անձրևներ անջիղ,
Անցորդների դեմքերում` ասուպներ առկախ…

Քաղաքներից մեկն է սա-
Կրկնվող ասուպ,
Եվ թիկնոցները սրտում շողշողում են սև,
Եվ անցորդը երկնքի ձայներն է լսում,
Եվ զնգում է երկնային խրախճանքը` սեր…

Քաղաքներից մեկն է սա-
Անանցնող բախտի-
Ջղաձգված դեմքերի աչքերոմ խաղաղ,-
Կամ անցորդը կգնա, սերը կհաղթի,
Եվ կամ տոնը… - մեր ուսից կախված մի մախաղ…

Քաղաքներից մեկն է սա-
Ընթացքից հեռու,
Լեռը մառախուղի մեջ` կույր պայծառատես,
Անցորդներին անցողիկ լեռն է ներելու-
Վերջին տոնին լքելով – մեր դեմքերն ու մեզ…
Քաղաքներից մեկն է սա-
Պարտքը` մեղեդի –
Միթե հանկարծ կցնդի ընկալումը ջինջ,-
Անցորդների սրտերով հեռացող գետի
Զղջում-ափերը թողած քեզ, նրան ու ինձ… 


Լսեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև