Հայերիս հյուրասիրության մասին...


Դեղձ էի ուտում ու հիշեցի մի դեպք
Անցյալ տարի հյուրեր ունեի արտերկրից: Գառնի էինք գնացել. իմ շատ լավ ընկերներից Ռոմանն իրենց տուն հրավիրեց, մենք էլ շտապում էինք ասացինք, տուն չենք մտնի, ու նա ինձ դիմեց՝ թե.
-         Դե հյուրերիդ ասա գոնե գան այգի, միրգ քաղեն:
Միրգն էլ ինչ միրգ, կարմրաթուշ դեղձեր, խնձորներ, սալորներ…
Մեր օտարերկրյա բարեկամները, իհարկե վաղուց  են հայերի հետ շփվում իրենց երկրում, գիտեն, որ հայերը հյուրասեր մարդիկ են, բայց զարմացան ու ինձ հարցրեցին.
-         Բայց էս մարդը մեզ անծանոթ է:
-         Հա, ձեզ անծանոթ է, բայց իմ ծանոթն է, եթե դուք էլ ինձ հետ եք, արդեն իսկ իր ծանոթներն եք…,- պատասխանեցի ես ու հիշեցրի, որ հասած դեղձերն իրենց են սպասում:
Իմ սիրելի հյուրերը նայեցին ինձ, Ռոմանին ու վերջապես մոտեցան հասած դեղձերով ծառերի ճյուղերին… Ու մինչ ես ու Ռոմանը խոսում էինք դեսից- դենից, դե վաղուց իրար չէինք հանդիպել, հյուրերը մեզ մոտեցան թե՝
-         Նարե ջան, վերջ, քաղեցինք… Ես ու Ռոմանն իրար նայեցինք ու ծիծաղեցինք. ամեն մեկի ձեռքին 2-3 հատ դեղձ կար…
-         Էս ինչ է ո՞ր,- ու Ռոմանը սկսեց արագ- արագ ծառից պոկել քաղցրահամ դեղձերն ու տալ մեզ…
-         Մեզ մոտ դեղձը հատով են վաճառում… ,- վերջապես խոստովանեցին հյուրերս ու հասած դեղձերը զգուշորեն տեղավորեցին իրենց պայուսակների մեջ:
Ռոմանի մասին իհարկե հետո էլի խոսեցինք, նրանց էդպես էլ անհասկանալի էր մնացել, որ կոնկրետ հենց իրենց անծանոթ մարդը կարող էր այդպես շռայլ ու  հյուրասեր լինել:  ՈՒ էդ նույնը օրը, երբ վերադառնում էինք Գառնիից, տաքսու վարորդն էնքան ընկույզ կոտրեց ու մեզ հյուրասիրեց, որ հյուրերս փորձեցին ծածկել իրենց զարմանքը՝ հասկանալով, որ հյուրասեր լինելը հայ մարդու մեջ է…


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև