Ռալֆ Յիրիկյան «Պետք չէ նեղանալ հայրենի հողից»


Երկուշաբթի օրվանից “Հայաստանի պատանեկան նվաճումներ” ճամբարային խմբի երեխաներն իրենց հանգստի հետ մեկտեղ հանդիպումներ են ունենում հայտնի մարդկանց` գործարարների, քաղաքական գործիչների, Հայաստանում ներդրումներ իրականացնող անհատների և այլոց հետ: Այսօր հյուրը բոլորիս կողմից շատ սիրված “Վիվա-Սել ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր: Թեման ընտրված էր` “Կորպորատիվ սոցալական պատասխանատվություն”, որի շուրջ գրեթե երկու ժամ զրույց ծավալեց պարոն Յիրիկյանը, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

Բայց նախքան զեկույցի սկիզբը, պարմանուհիներից մեկը, հպարտությամբ կանգնելով հարգարժան հյուրի կողքը, ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանի անձը, որից հետո ներկաները փորձեցին պատասխանել պարոն Յիրիկյանի տրված հարցին, թե ի՞նչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Միանշանակ, պատասխանները շատ էին, սակայն ոչ բավարար. Ռալֆ Յիրիկյանն էլ այստեղ էր այդ պատասխաններն ավելի բովանդակ ներկայացնելու, թեմայի մասին երեխաներին սպառիչ ինֆորմացիա տալու համար: Եվ ինչու ոչ, պարոն Յիրիկյանի հետ այս հանդիպումը նաև մի մեծ դաս էր, որը կօգնի պատանիներին ընտրել կյանքի ճիշտ ուղի և դիմակայել ապագայում հանդիպող բոլոր տեսակի դժվարություններին: 

“Այո, դժվարությունները շատ են, բայց մենք պետք է փորձենք հաղթահարել դրանք. մենք նոր կառուցվող երկիր ենք, դեռ քսան տարեկան: Եվ ամեն մեկս պետք է փորձենք անել հնարավորինս` լավ միջավայր ստեղծելու համար” ,- զրույցի ընթացքում նշեց պարոն Յիրիկյանը և հավելեց, որ կորպորատիվ սոցալական պատասխանատվության գաղափարն էլ հենց այն է, որ ամեն ոք չպետք է մտածի միայն իր գրպանի մասին, այլ նաև հասարակության` ստեղծելով ավելի լավ և ուրախ միջավայր, ավելի բարեկեցիկ կյանք:

Թե ինչպես կարելի է հասնել այդ ամենին, Ռալֆ Յիրիկյանը տվեց իր անմիջական պատասխանը.
“Մեր իրականության մեջ տարածված երևույթ է, երբ մեկը մյուսին շնորհակալություն է ուզում հայտնել, սեղան է գցում, և սկսվում են անվերջ կենացներն ու, առավոտից մինչև ուշ գիշեր այդ նույն կենացները կրկնվում են, իսկ արդյունքում կորցնում են ամբողջ մի օր, այսինքն` մարդն այդ օրը ոչ մի արդյունավետ գործ չի կատարում: Իսկ երբ նայում ենք զարգացած աշխարհին, տեսնում ենք, որ մարդիկ ժամանակ չեն կորցնում, նրանք աշխատում են, որ ավելի լավ ապագա ունենան: Նույնը պետք է անենք և մենք` ձգտելով շենացնել մեր շրջապատը:
 “Վիվասել ՄՏՍ”-ն իր ընտանիքի անդամներով ժամանակ չուներ հանգստանալու, մենք աշխատում էինք առավոտից մինչև ուշ գիշեր, հանգստյան օրերին, որպեսզի հասնենք զարգացող աշխարհին, կատարելագործվենք, ստեղծենք բարեկեցիկ ապագա:
Մենք պետք է ամեն ժամ սովորենք, դրսից սովորենք լավը, վատը` թողնելով իրենց, մենք պետք է հարստանանք մեր գիտելիքներով, փորձով, որպեսզի նպաստենք մեր միջավայրին”:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն “Վիվասել ՄՏՍ”-ն առաջին անգամ իրականացրել է “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակներում, և արդեն ութ տարի շարունակ հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը. 

Այո, շատերն են ասում, որ ահա եկան հյուրերը, դիտեցին ֆիլմերը, շնորհվեցին մրցանակներ և այլն, իսկ մեզ համար կարևոր է, որ աշխարհն այս փառատոնի միջոցով ճանաչի Հայաստանը, ճանաչի հայ մարդուն, շփվի նրա հետ. և սրանով մենք ցույց ենք տալիս մեծ աշխարհին, որ մենք կանք, ու, ինչու ոչ, դեռ պիտի շատանանք: Սա է մեր հիմնական նպատակը, գաղափարը, և մենք այն իրագործում ենք”:


Այն խնդիրը, թե հայ երիտասարդներն ավարտում են համալսարանն ու չեն կարողանում աշխատանք գտնել, մտահոգում է նաև Ռալֆ Յիրիկյանին, և նա այս երևույթի մասին նույնպես իր կարծիքը կիսեց ներկաների հետ.

“Երիտասարդներ կան ավարտում են համալսարանը, և ուզում են միանգամից որևէ կազմակերպությունում աշխատել որպես մենեջեր: Բայց չէ՞ որ մենեջերը պետք է հասարակության, մարդկանց հետ աշխատելու մեծ փորձ ունենա, կարողանա լսել և հասկանալ աշխատողներին, լինի պարտաճանաչ և այլն” 

և հարգարժան հյուրը խորհուրդ տվեց` եթե նման աշխատանքի առաջարկ ունենան` հրաժարվեն, քանի որ այդ դեպքում կամ շահագարծում են, կամ խաբում. “Ես աշխատել եմ կահույքի խանութում որպես օպերատոր, և չեմ ամաչում ասել այդ մասին: Շատերը գնում են Հայաստանից ու տարբեր աշխատանքներ են կատարում, բայց այդ նույն աշխատանքն ամաչում են անել հայրենիքում, իսկ ինչու ամաչել այն աշխատանքից, որ անում ես”:

Ռալֆ Յիրիկյանի խոսքերով`պետք է զինվել համբերությամբ և լավատեսությամբ, որպեսզի հնարավոր լինի դիմակայել կյանքում հանդիպող բոլոր դժվարություններին.

“Ինչու են ասում` եթե կյանքին ժպտաս, նա էլ քեզ կժպտա. դա ճիշտ է, բայց եթե դժվարության առջև կանգնեք ու չժպտաք, և սկսեք վատ գաղափարների մասին մտածել, դա կնշանակի, որ դուք կոտրվել եք”:

Բայց Ռալֆ Յիրիկյանի հետ այս հուսադրող և անմիջական հանդիպումից հետո կոտրվել, անշուշտ, հնարավոր չէ: Երկու ժամն իհարկե շատ քիչ էր, բայց ներկաներս կարողացանք այս հետաքրքիր ու բովանդակալից զրույցից քաղել փորձ ու գիտելիք ձեռք բերելու ձգտում, համարձակություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն… և որ ամենակարևորն է` հայրենիքում ապրելու և հայրենի երկրի համար աշխատելու և ստեղծելու ցանկություն. “Պետք չէ նեղանալ հայրենի հողից ու գնալ. մենք պետք է այսօրվանից անենք ամեն ինչ, որ մեր երեխաների, թոռների ապագան լինի բարեկեցիկ”:


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև