Համշենահայ երիտասարդը


"Հուշեր Արևմտյան Հայաստանից" շարքից

Ճանապարհին մտանք սրճարան: Մեր սեղանին մոտեցավ մի երիտասարդ: Նա սկսեց թուրքերեն հարցնել թե ով ինչ է ուզում… Ես որ թուրքերեն չգիտեմ, լուռ նայում էի նրա աչքերին, ու միանգամից զգացի, որ նա այդ լեզվով խոսում է իմիջայլոց, հենց այնպես, կարծես դա մի օտար լեզու էր, որ նրան պարտադրել էին և նա պետք է դա իմանար… ես սկսեցի զննել նրան, նրա ամեն մի շարժումը, ու խորացա հայացքի մեջ… երբ մենք սկսեցինք հայերենով որոշել, թե ով ինչ է պատվիրելու, նա սկսեց ուշադիր լսել… լսում էր ոչ թե գրի առնելու համար, այլ՝ վայելելու… այո, նա անթաքույց վայելում էր մեր զրույցը… հետո, երբ մեր ուղեկիցը թուրքերենով փոխանցեց նրան մեր պատվերները, նա, կարծես արթնալով՝ հանեց բլոկնոտն ու ինչ-որ տարօրինակ անտարբերությամբ սկսեց գրի առնել… ես չէի նայում, թե ինչ է գրի առնում երիտասարդը, ես նայում էի նրա դողացող ձեռքերին ու մեր հայացքների մեջ դողացող նրա հայացքին… նա կարծես իր անցյալն էր որոնում մեր աչքերի մեջ:
Հարցիս՝ հա՞յ է,  ներկաները ուսերը թոթվեցին… մեկն ասաց՝ այստեղ հիմնականում համշենահայեր են ապրում... նրանք վաղուց մահմեդականացվել են ու նույնիսկ մոռացել են իրենց արմատների մասին… նորից սիրտս լցվեց… նորից սկսեցի հայացքով զննել երիտասարդին, իսկ վերջինս մեզ էր նայում՝ ավելի ճիշտ՝ լսում… գուցե նա չէր հասկանում մեր խոսքը, բայց այդ զրույցը՝ հայոց լեզվով, նրա համար գեղեցիկ էր ու հարազատ… դա էին փաստում նրա աչքերը, որոնք մեզ հետ խոսում էին հայերեն, գուցե ոչ բոլոր ներկաներն էին դա տեսնում, բայց ես տեսնում ու զգում էի… 
Ու վերջապես եկավ այդ պահը…  երբ ես ինտերնետը միացնելու համար կոդ խնդրեցի, նա  թուրքերենով բառեր ասաց… մեր ուղեկիցը թարգմանեց հայերեն, ես հավաքեցի կոդի տառերն ու թվերը, և վերջին երկու թիվը մոռացած՝ նորից հարցրեցի… երիտասարդը արձագանքեց առաջինը ու արդեն հայերեն՝ երեք և չորս… ես նայեցի նրան, ժպտացի, բոլոր ներկաները նայեցին նրան: 
-         Նա գիտի հայերեն,- զարմացա ես,- բայց ինչու չէր խոսում:
Ոչ ոք ոչինչ չասաց, ես դիմեցի երիտասարդին՝ դուք գիտեք հայերեն, նա անտարբեր մնաց իմ հարցին, հավաքեց թեյի բաժակներն ու հեռացավ… ես այդպես էլ բան չհասկացա… բայց էլի չդիմացա.
-         Ախր երիտասարդը հայ է, ոնց կարող եք անտարբեր նայել այդ փաստին:
-         Երկու բառ հայերեն ով ասես գիտի,- եղավ պատասխանը, ու ներկաները ոնց որ հատուկ թեման փոխեցին, սկսեցին խոսել ծովից, եղանակից, արևից…
Նայեցի մարդկանց դեմքին՝ հասկանալու անտարբերության պատճառը, բայց պատասխանը գտա հաջորդ օրերին, երբ հանդիպեցի ու շփվեցի  ավելի շատ հայերի ու քրդերի հետ:
Շատ- շատերը օտար մարդկանց ներկայությամբ դեռևս չեն կարողանում վստահաբար ասել, որ հայի արմատներ ունեն: Նրանք ունեն աշխատանք, բնակավայր, և ով գիտե, թե ինչ կլինի հետո, եթե պարզվի իրենց հայ լինելու փաստը…
Իսկ այս պատասխանի հետ, թե իբր՝ երկու բառ հայերեն ով ասես գիտի, լրիվ համամիտ եմ: Իրոք, այլազգի շատերի հետ ծանոթացա, ովքեր հայերեն կամ ռուսերեն գիտեին երկու բառ, ու ծանոթանալով միանգամից սկսում էին տեղի անտեղի օգտագործել այդ բառերը, իբր ՝ տես, ես էլ գիտեմ քո լեզուն, բայց երիտասարդի դեպքն այլ էր, նա սկզբից ոչ մի նշան չտվեց, թե գիտի այդ “երկու բառը”, չարտաբերեց դրանք, բայց և լսելով իր պապերի լեզուն, չկարողացավ զսպել իրեն ու վերջապես լեզուն տիրեց բանականությանն ու բառերը դուրս թռան բերանից արդեն հայերենով…


22.07.2013


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև