Գէորգ Էմին «ՍԱՍՈՒՆ, ՊԱՐԻ»


Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում -
Սասնայ ձորից ջուր են բերում, արտ քաղանում
Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում
Հօտաղները Սասնայ սարում գայլ են խեղդում
Երբ խրնում - կարծես ամպրոպ պայտի սարում -
Այդ ոսոխն է նրանց  գիւղերը պաշարում
Երբ միանում - բերդ են դառնում շինուած քարից -
Այդ ոսոխին ետ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծափ են տալիս -
Մահուան վիհից դէպի կեանքի ափ են գալիս...

Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմութիւն,
Ուր պարտութիւնն անգամ ունի հպարտութիւն,
Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
Ու այս կամքով
Պարել գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի,
-Հալալ է քեզ,
Սասուն, պարի...
Պարի,
Դու դեռ երազ ունես կատարելու,
Վրէժ ունես պատմութիւնից դեռ հանելու.
Պարի,
Գազպան դեռ քո ձեռքին է կարօտում,
Սասնայ հողը վար ու հարկի է կարօտում:
Պարի,
Մինչեւ ողջ հայերին դու ամբարես,
Եւ այս պարը
Մասիս լերան լանջին պարես...


“Wonderfull life”-ն ու սպագետտիները …

   Ինձ համար ճեմելով քայլում եմ, մեկ էլ մի պատկերազարդ դալան տեսա… ասի ներս մտնեմ, տեսնեմ բակն ինչպիսին է… շենքի երկայնքով մի քիչ քայլեցի, ուշադրությունս շեղեց պարանի լվացքը, հանեցի հեռախոսս որ նկարեմ մեկ էլ հոպ մի քանի երկար ու փխրուն սպագետտիներ ընկան գլխիս… ես նայեցի վերև՝ սրանք ընկան ցած… )))
Մարդ չկա շուրջս, մարդ չկա վերև… եղավ,- մտածեցի, -ինչն է շատ՝ ժամանակը, ինչն է շատ՝ կատաղությունս… ինձ նետեցի առաջին հարկ…
-         Ո±վ է,- ներսից մի տիկնոջ ձայն լսելով՝ քնից արթնացրի հոտառությանս…
-         Փոստատարն է, դուք նամակ ունեք,- ստեցի, դե առաջինը դա անցավ մտքովս:
Դուռը ճռռոցով բացեց 80 տարեկանին մոտ մի կին: Նախքան կինը որևէ հարց կտար, ես քիթս “շպրտեցի” ներս…
-         Այս տանն այնքան կատու կա, որ հազիվ էլ որևէ ուտելիք դուրս նետվի լուսամուտից,- հուշեց հոտառությունս ու ես, ստանալով հարցիս պատասխանը, մի անուն ազգանուն ներկայացրի՝ իմանալով, որ այն թերևս ու հստակ սխալ է լինելու…
-         Օ¯, ոչ, ես Մայրանուշը չեմ…,- ժպտալով ասաց կինը,- իսկ ձեզ ո±ր բնակարանն է հարկավոր…
-         1-ին հարկ, 68 բնակարանը …
Տատիկից հազիվ պրծա, ով ուզում էր ամեն կերպ ճշտել հասցեն և ինձ օգնել: Դիմացի դուռը ոչ ոք չբացեց… 2-րդ հարկում երեխան ասաց, որ տանը մեծերից մարդ չկա, ու չի կարող դուռը բացել…
Մի պահ մտածեցի, երևի հենց երեխան էլ փորձել էր խաղալ գլխիս՝  սպագետտիններն ականջիս փաթաթել… բայց երկմտանքը ստիպեց մեկ հարկ ևս բարձրանալ…
Հենց դուռը բացվեց, քիթս կուլ տվեց մակարոնասպագետտիախառը բուրմունքն ու աչքերս չորս արած հառեցի դռանը տեսնելու՝ էս ով է էլի…
-         Ի±նչ եք ուզում…- հարցրեց թմբլիկ տիկինը..
-          Ես սպագետտի եմ ուզում… ոնց կարող եք մենակ- մենակ ուտել…
-         Դուք որտեղի՞ց իմացաք սպագետտի կա մեր տանը, և երկրորդ՝ սա ինչ բան է… ու զարմացած չափեց ինձ ոտքից գլուխ, երևի հասկանալու համար, թե ով է կանգնած իր առջև…
-         Եթե չեմ սխալվում, տիկին, ձեր սիրելի զբաղմունքն անցորդների ականջներին փլավ կախելն է…
-         Ի±նչ փլավ, ինչե±ր եք դուրս տալիս…

-         Ես տեսա ձեզ, տիկին,- համառորեն պնդեցի ես, հարյուր տոկոսով վստահելով իմ անդավաճան հոտառությանս…
-         Նայեցի՝ մարդ չկար… հետո էլ  շներին եմ կերակրում…,- միանգամից վրա տվեց գմփլիկը:
-         Էլի կերակրեք շներին, բայց այլ տարբերակով, եթե տեղյակ չեք ասեմ՝ ձեր շենքում կան աստիճաններ և կարող եք քայլելով իջնել առաջին հարկ, հետո բակ…
-         Ի±նչ է, եկել ես որ ինձ դաս տաս…
-         Ընդունեք ոնց ուզում եք…,- հանգիստ տոնով ու զայրույթս մի կերպ զսպելով շարունակեցի ես,- ձեզ համար վատ չէր լինի մեկ մեկ քայլելը…
-         Ձեռ ես առնում հա±

Ու էստեղ բակի բոլոր շները փախան թաքնվեցին առաջին պատահած ծակուծուկի մեջ… ես հանեցի հեռախոսս, միացրի ռադիոն. հենց էդ պահին էլ ոնց որ հատուկ ինձ համար  պատվիրված լիներ էս երգը… 

Առավոտ


Ծերունական տնքոցով նստեց անկողնում,
նայեց աչքերիս`
դու քնիր, դեռ վաղ է…
Փակեցի աչքերս մի պահ
ու նրա կոշտացած մատների բարևն
արթնացրեց ճերմակած մազերին`
դա երկրորդ պահին,
երբ ես անամոթաբար
դեռ հետևում էի նրան վերմակի տակից:
Հետո խոր հոգոցով
մարմնից պոկեց վերջին գիշերանոցն
ու այս անգամ
մատների քնքուշ խաղով
շոյեց վեց զավակներին սնող
ճմրթված կրծքերը,
կրծքեր, որ ժամանակին ձիգ են եղել
ու շոշափվել են սիրով:

Խորիմաստ էր Էհ-ն
Ու կյանքն էր խոսում նրանում:


16.04.2013

Ռալֆ Յիրիկյան «Պետք չէ նեղանալ հայրենի հողից»


Երկուշաբթի օրվանից “Հայաստանի պատանեկան նվաճումներ” ճամբարային խմբի երեխաներն իրենց հանգստի հետ մեկտեղ հանդիպումներ են ունենում հայտնի մարդկանց` գործարարների, քաղաքական գործիչների, Հայաստանում ներդրումներ իրականացնող անհատների և այլոց հետ: Այսօր հյուրը բոլորիս կողմից շատ սիրված “Վիվա-Սել ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր: Թեման ընտրված էր` “Կորպորատիվ սոցալական պատասխանատվություն”, որի շուրջ գրեթե երկու ժամ զրույց ծավալեց պարոն Յիրիկյանը, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

Բայց նախքան զեկույցի սկիզբը, պարմանուհիներից մեկը, հպարտությամբ կանգնելով հարգարժան հյուրի կողքը, ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանի անձը, որից հետո ներկաները փորձեցին պատասխանել պարոն Յիրիկյանի տրված հարցին, թե ի՞նչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Միանշանակ, պատասխանները շատ էին, սակայն ոչ բավարար. Ռալֆ Յիրիկյանն էլ այստեղ էր այդ պատասխաններն ավելի բովանդակ ներկայացնելու, թեմայի մասին երեխաներին սպառիչ ինֆորմացիա տալու համար: Եվ ինչու ոչ, պարոն Յիրիկյանի հետ այս հանդիպումը նաև մի մեծ դաս էր, որը կօգնի պատանիներին ընտրել կյանքի ճիշտ ուղի և դիմակայել ապագայում հանդիպող բոլոր տեսակի դժվարություններին: 

“Այո, դժվարությունները շատ են, բայց մենք պետք է փորձենք հաղթահարել դրանք. մենք նոր կառուցվող երկիր ենք, դեռ քսան տարեկան: Եվ ամեն մեկս պետք է փորձենք անել հնարավորինս` լավ միջավայր ստեղծելու համար” ,- զրույցի ընթացքում նշեց պարոն Յիրիկյանը և հավելեց, որ կորպորատիվ սոցալական պատասխանատվության գաղափարն էլ հենց այն է, որ ամեն ոք չպետք է մտածի միայն իր գրպանի մասին, այլ նաև հասարակության` ստեղծելով ավելի լավ և ուրախ միջավայր, ավելի բարեկեցիկ կյանք:

Թե ինչպես կարելի է հասնել այդ ամենին, Ռալֆ Յիրիկյանը տվեց իր անմիջական պատասխանը.
“Մեր իրականության մեջ տարածված երևույթ է, երբ մեկը մյուսին շնորհակալություն է ուզում հայտնել, սեղան է գցում, և սկսվում են անվերջ կենացներն ու, առավոտից մինչև ուշ գիշեր այդ նույն կենացները կրկնվում են, իսկ արդյունքում կորցնում են ամբողջ մի օր, այսինքն` մարդն այդ օրը ոչ մի արդյունավետ գործ չի կատարում: Իսկ երբ նայում ենք զարգացած աշխարհին, տեսնում ենք, որ մարդիկ ժամանակ չեն կորցնում, նրանք աշխատում են, որ ավելի լավ ապագա ունենան: Նույնը պետք է անենք և մենք` ձգտելով շենացնել մեր շրջապատը:
 “Վիվասել ՄՏՍ”-ն իր ընտանիքի անդամներով ժամանակ չուներ հանգստանալու, մենք աշխատում էինք առավոտից մինչև ուշ գիշեր, հանգստյան օրերին, որպեսզի հասնենք զարգացող աշխարհին, կատարելագործվենք, ստեղծենք բարեկեցիկ ապագա:
Մենք պետք է ամեն ժամ սովորենք, դրսից սովորենք լավը, վատը` թողնելով իրենց, մենք պետք է հարստանանք մեր գիտելիքներով, փորձով, որպեսզի նպաստենք մեր միջավայրին”:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն “Վիվասել ՄՏՍ”-ն առաջին անգամ իրականացրել է “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակներում, և արդեն ութ տարի շարունակ հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը. 

Այո, շատերն են ասում, որ ահա եկան հյուրերը, դիտեցին ֆիլմերը, շնորհվեցին մրցանակներ և այլն, իսկ մեզ համար կարևոր է, որ աշխարհն այս փառատոնի միջոցով ճանաչի Հայաստանը, ճանաչի հայ մարդուն, շփվի նրա հետ. և սրանով մենք ցույց ենք տալիս մեծ աշխարհին, որ մենք կանք, ու, ինչու ոչ, դեռ պիտի շատանանք: Սա է մեր հիմնական նպատակը, գաղափարը, և մենք այն իրագործում ենք”:


Այն խնդիրը, թե հայ երիտասարդներն ավարտում են համալսարանն ու չեն կարողանում աշխատանք գտնել, մտահոգում է նաև Ռալֆ Յիրիկյանին, և նա այս երևույթի մասին նույնպես իր կարծիքը կիսեց ներկաների հետ.

“Երիտասարդներ կան ավարտում են համալսարանը, և ուզում են միանգամից որևէ կազմակերպությունում աշխատել որպես մենեջեր: Բայց չէ՞ որ մենեջերը պետք է հասարակության, մարդկանց հետ աշխատելու մեծ փորձ ունենա, կարողանա լսել և հասկանալ աշխատողներին, լինի պարտաճանաչ և այլն” 

և հարգարժան հյուրը խորհուրդ տվեց` եթե նման աշխատանքի առաջարկ ունենան` հրաժարվեն, քանի որ այդ դեպքում կամ շահագարծում են, կամ խաբում. “Ես աշխատել եմ կահույքի խանութում որպես օպերատոր, և չեմ ամաչում ասել այդ մասին: Շատերը գնում են Հայաստանից ու տարբեր աշխատանքներ են կատարում, բայց այդ նույն աշխատանքն ամաչում են անել հայրենիքում, իսկ ինչու ամաչել այն աշխատանքից, որ անում ես”:

Ռալֆ Յիրիկյանի խոսքերով`պետք է զինվել համբերությամբ և լավատեսությամբ, որպեսզի հնարավոր լինի դիմակայել կյանքում հանդիպող բոլոր դժվարություններին.

“Ինչու են ասում` եթե կյանքին ժպտաս, նա էլ քեզ կժպտա. դա ճիշտ է, բայց եթե դժվարության առջև կանգնեք ու չժպտաք, և սկսեք վատ գաղափարների մասին մտածել, դա կնշանակի, որ դուք կոտրվել եք”:

Բայց Ռալֆ Յիրիկյանի հետ այս հուսադրող և անմիջական հանդիպումից հետո կոտրվել, անշուշտ, հնարավոր չէ: Երկու ժամն իհարկե շատ քիչ էր, բայց ներկաներս կարողացանք այս հետաքրքիր ու բովանդակալից զրույցից քաղել փորձ ու գիտելիք ձեռք բերելու ձգտում, համարձակություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն… և որ ամենակարևորն է` հայրենիքում ապրելու և հայրենի երկրի համար աշխատելու և ստեղծելու ցանկություն. “Պետք չէ նեղանալ հայրենի հողից ու գնալ. մենք պետք է այսօրվանից անենք ամեն ինչ, որ մեր երեխաների, թոռների ապագան լինի բարեկեցիկ”:


ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ (ճապոնական հեքիաթ)


ԹարգՍերգեյ Ումառյանի
Նյութի աղբյուրը՝


Հին ժամանակներում, Մինո գավառում ապրում էր մի ծերունի և իր պառավ կինը: Երկուսն էլ արդեն բոլորել էին յոթանասուն տարին:
Ծերունին անտառ էր գնում փայտի, իսկ պառավը տան գործերով էր զբաղվում: Եվ այդպես անցնում էր նրանց կյանքի օրերը:
Ծերունին միշտ տուն էր վերադառնում ուշ երեկոյան: Բայց մի անգամ այնպես է պատահում, որ արևը վաղուց արդեն մայր էր մտել իսկ նա դեռ չկար ու չկար:
Պառավն անհանգստանում է: Վազում է դարպասի մոտ, նայում չի՞ գալիս արդյոք:
Բայց ծերունին չի երևում: Միայն կեսգիշերին ինչ-որ մեկը գալիս է: Ծերունին է, ծերունին չի, իսկ մեջքին էլ ահագին ցախի կապոց է լինում: Կարծես թե նա է:
Պառավը վառած մոմը մոտեցնում է նրա դեմքին և ախ քաշում. Նրա առջև կանգնել էր ամուսինը, բայց ոչ թե ծերունի, այլ քսան տարեկան մի պատանի: Նրա սև մազերը փայլում էին ձյութի պես, իսկ թշերը` կարմրին էին տալիս:
Զարմանքից պառավի բերանը բաց է մնում:
_ Օ~, ի՞նչ է պատահել քեզ ծերուկ...
Իսկ ծերունին նրան պատասխանում է.
_ Ինձ հետ մի հրաշք պատահեց: Ա'յ, լսիր: Այսօր ես ցախ էի կտրատում անտառում և հանկարծ զգացի` ինչ-որ տեղից սառը քամի փչեց: Վեր նայեցի, տեսնեմ իմ գլխավերևում մի թռչուն է թևերը թափահարում: Ես դեռ այդպիսի գեղեցիկ թռչուն չէի տեսել: Հազվագյուտ թռչուն էր: Մտածեցի, արի սրան բռնեմ ու վազեցի նրա հետևից: Գնացի~, գնացի~ հանկարծ ընկա մի ինչ-որ հովիտ: Չորս կողմս վայրի ծաղիկներ էին ու կարկաչուն մի աղբյուր, որի ջուրը շատ պարզ էր ու քչքչան: Լեռներով վազելիս կոկորդս բոլորովին չորացել էր և հանկարծ աղբյուրը տեսա, մոռացա թռչունին: Իջա դեպի աղբյուրն ու սկսեցի խմել: Դա ոչ թե ջուր էր այլ գինի ու այնքան համեղ, որ շրթունքներդ կլիզես: Փառավորվեցի, ամբողջապես արբեցի, իսկ հետո գլուխս պտտվեց ու ընկա խոտերի վրա, աղբյուրի մոտ: Երբ արթնացա` լուսինը հազիվ էր լուսավորում, գիշերային թռչունները տխուր կանչում էին: Եվ վախից շտապեցի տուն: Ահա և եկա:
Պառավն աչքերը չռած լսում է ծերունու երկար պատմությունը: Իսկ երբ նա իր պատմությունն ավարտում է պառավն ասում է.
_ Ծերո'ւկ, այ ծերո'ւկ ես էլ եմ ուզում գնալ խմել այդ հրաշալի ջրից:
_ Դե, իհա'րկե, գնա: Ինչի նման կլինի, որ միայն ես երիտասարդ լինեմ:
Ծերունին մանրամասն պատմում է նրան, թե ինչպես պետք է գնա ու գտնի այդ հրաշալի աղբյուրը տանող ճանապարհը:
Հետևյալ օրը, վաղ առավոտյան պառավը ճանապարհ է ընկնում, ջահելության աղբյուրը գտնելու, իսկ ծերունուն թողնում է տունը պահելու համար:
Ամբողջ օրը ծերունին տունը նստած անգործությունից նեղվում է: Ամեն ժամ նա դուրս է գալիս դարպասի մոտ, մտածում, թե ուր որ է պառավը կգա, բայց նա չկար ու չկար: Վրա է հասնում երեկոն, հետո գիշերը, բայց պառավն այդպես էլ չի վերադառնում:
Մինջև լուսաբաց մի կերպ սպասելով, ծերունին գնում է որոնելու: Առավոտյան թանձր մշուշի միջով, մեծ դժվարությամբ վերջապես հասնում է այնտեղ, որտեղ այդ աղբյուրն էր: Նա նայում է չորս կողմ, ոչ ոք չի լինում:
«Երևի իմ պառավին արջերը կամ գայլերը կերել են, մտածում է նա»:
Ծերունին նստում է գետնին և չի իմանում, թե ինչ անի: Հանկարծ աղբյուրի ակունքից նրան է հասնում երեխայի լացի ձայն` ուա~, ուա~, ուա~...
«Օ~, այդ ո՞վ է երեխային այդպիսի խոր տեղ գցել» մտածում է ծերունին և շտապում է դեպի երեխայի ձայնը: Մոտենում է ու տեսնում, որ խիտ խոտերի մեջ ինչ-որ մի բան է փայլում: Նա նորից է նայում ու ինչ-որ մի հագուստ է տեսնում, որը կարծես ծանոթ է լինում:
_ Դե, իհարկե, սա հենց իմ պառավի խալաթն է: Երեկ հենց սրանով դուրս եկավ տնից:
Ծերունին կռանում է ու տեսնում, որ խալաթի մեջ կրծքի երեխա է թպրտում և ամբողջ կոկորթով ճչում է ուա~, ուա~...
Ա'յ քեզ բա~ն, արդյոք սա իմ պառավը չէ ՞... բարձրաձայն մտածում է ծերունին:
Այդ պահին երեխան երեսը կնճռոտելով գլխով նշան է անում` թե հենց ես եմ, որ կամ, վերցրու ինձ...
_Ա'յ, քեզ դժբախտությո~ւն: Երևում է որ պառավն ագահություն է արել ու աղբյուրից ավել ջուր է խմել և այս օրին հասել:
Բայց ի՞նչ կարող էր անել, ծերունին գրկում է երեխային ու տուն տանում:

Պառավի խալաթն էլ է հետը տանում, չէ՞ որ նրան բարուրի շոր էր պետք:


ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև